
Ալավերդին միացավ «Ոչ թալանին» ակցիային
Այսօր երեկոյան՝ ժամը 17:30-ին ալավերդցի մի խումբ ակտիվիստներ «Ոչ թալանին» ակցիային աջակցելու նպատակով իրազեկման երթ էին կազմակերպել Ալավերդու թաղամասերում: Մինչ ակտիվիստները նշված ժամին կհավաքվեին, Սայաթ-Նովա հրապարակը շրջափակել էին ճանապարհային ոստիկանության երկու ավտոմեքենաներ և ոստիկանության Թումանյանի բաժնի թվով 10 ոստիկաններ:
Երիտասարդները «Ոչ թալանին», «Կասեցում», «Միացեք», «Հայաստան» վանկարկումներով Սայաթ-Նովա հրապարակից Թումանյան փողոցով շրջեցին Կախոյան և Սպանդարյան թաղամասերով, ապա ճոպանուղով բարձրացան Ս./Սարահարթ թաղամաս:
Երթի ընթացքում ակտիվիստիներին ուղեկցում էին 10 ոստիկաններ: Թումանյան փողոցում երիտասարդներին միացան մի քանի տաքսիստներ, մի խումբ կանայք և տարեց տղամարդիկ: Ս. Սարահարթ թաղամասի Պղնձագործների փողոցում երթի մասնակիցներին դիմավորեցին նոր ոստիկաններ, իսկ թաղամասի մշակույթի տան առջև երթին միացան նոր ակտիվիստներ:
«Մեր իրազեկման նպատակն այն է, որ ալավերդցիները միանան «Ոչ թալանին» շարժմանը»,- ասաց ակտիվիստ Օլեգ Դուլգարյանը:
«Հայաստանի ղեկավարությունը շատ սխալ է գործում: Մեր ժողովուրդը ապրելակերպ չունի, էդ ինչո՞վ պետք է թանկ գներով էլեկտրանէներգիայի վարձը մուծի: Հնարավոր չի դա: Փոխանակ երկրում էժանացումներ անի, որ մարդիկ կարողանան մարդավարի ապրեն և չփախչեն հայրենիքից»,- ասաց երթին միացած թոշակառու Սերյոժա Աբգարյանը:
«Ես շարժմանը բավականին դրական եմ վերաբերում, մեծ հույսեր ունեմ և կարծում եմ արդյունքի կհասնենք: Այս շարժումն ավելի երիտասարդական և ինքնաբուխ շարժում է և եթե երկրի պատանիները ու երիտասարդ մայրերը նույնպես պայքարում են իրենց իրավունքերի համար, ես կարծում եմ՝ արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր իշխանություն պետք է կատարի ժողովրդի պահանջը»,- ասաց ակտիվիստ Մարիանա Պեպանյանը:
Վերջինիս անդրադարձավ նաև հանրային շարժումներին Ալավերդու երիտասարդության պասիվությանը. «Մենք շատ սիրում ենք դժգոհել, բայց ոչ մի դեպքում տեր չկանգնել մեր իրավունքներին: Ոչ մի իշխանություն լավը չի լինելու, եթե մենք չպաշտպանենք մեր իրավունքերն ու շահերը: Սա պետք է բոլորս հիշենք»,-բացատրեց Մարիանան: Ակտիվիստերի իրազեկման երթը Ալավերդու թաղամասերում այս պահին շարունակվում է:
Մեկնաբանել