
«Գյումրի զարթնի». Թատերական հրապարակում այսօր սպասում են գյումրեցի մտավորականներին
Գյումրիում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ու իրազեկման երթերը կփոխարինվեն Թատերական հրապարակում անցկացվող հանրային քննարկումներով: Նախորդ օրերին քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները իրազեկման երթեր էին անցկացրել Գյումրու կենտրոնական եւ ծայրամասային թաղամասերում՝ կոչ անելով գյումրեցիներին չլինել անտարբեր եւ միանալ հանընդհանուր բողոքին: Այսօր Թատերական հրապարակում նախատեսված է հանրային քննարկում, որին հրավիրված են նաեւ քաղաքի մտավորակնները:
«Կցանկանայինք նաեւ լսել նրանց կարծիքը, վերլուծությունները, ցանկություն կա, որ երիտասարդների կողքին կանգնեն իրենց փորձով արդեն իմաստնացած մարդիկ,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց ակտիվիստ Կարեն Պետրոսյանը,- գուցե փոքր իրազեկման երթ լինի երիտասարդների կողմից, բայց հիմնականում մնալու ենք հրապարակում, բաց միկրոֆոնի քաղաքականություն է լինելու, մարդիկ կարող են մոտենալ, կիսվել իրենց մտահոգություններով: Կլինի հանրային քննարկում, ստեղծված իրավիճակի գնահատում եւ լուծման առաջարկներ»:
Գյումրիում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի երթերը սկսվել էին հունիսի 19-ից, իսկ արդեն հունիսի 22-ից քաղաքացիական նախաձեռնության որոշ անդամներ, որպես զորակցության նշան մայրաքաղաքում պայքարող մեր հայրենակիցների, որոշեցին գիշերել Թատերական հրապարակում: Հունիսի 23-ի լուսաբացը խաղ չանցավ նաեւ գյումրեցի ակտիվիստների համար՝ նրանցից 13-ը բռնի ուժով տարվեցին ոստիկանական բաժանմունքը:
«Սակայն դա չկոտրեց ոչ մեզ, ոչ մյուս երիտասարդներին եւ վերջին օրերին մեզ միացողներն ավելի շատ էին քան, երբ սկսվել էին բողոքի երթերը»,- նկատեց Կարեն Պետրոսյանը:
Մեկնաբանել