
Բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյանները մեղադրվում են իրենց թալանող անձի կողմից
Ամերիկահայ բարերարներ Ջորջ և Քարոլայն Նաջարյանների դեմ քաղաքացիական դատարանում հայց է ներկայացվել Գրիգոր Իգիթյանի կողմից: Վերջինս գտնվում է ազատազրկման մեջ և կրում է իր պատիժը Նաջարյանների առանձնապես խոշոր չափերի հասնող գույքին խարդախությամբ տիրանալու համար: Իգիթյանը մեղավոր է ճանաչվել դատական բոլոր ատյաններում ավելի քան ութ տարվա լսումներից, դատավճիռներից և բողոքարկումներից հետո:
Ազատազրկման վայրից Գ. Իգիթյանը Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայց է ներկայացրել Նաջարյանների դեմ: Նա պահանջում է փոխհատուցել ֆինանսական կորուստը, որ կրել է երկար տարիների ընթացքում իր կատարած հանցագործության բացահայտման և դատապարտման համար: Նշենք նաև, որ ներկայումս Նաջարյանների ունեցվածքը դեռ կալանքի տակ է, որն աննախադեպ երևույթ է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:
Ըստ Նաջարյանների պաշտպանների` Իգիթյանի ներկայացրած հայցի բոլոր պահանջներն իրենց լուծումն են գտել իր դեմ հարուցված քրեական գործի դատական բազմաթիվ վճիռներում: Այս վճիռները հիմնավորելու բոլոր փաստարկները Իգիթյանի դեմ հաստատվել են Հայաստանի բոլոր դատական ատյաններում:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել