
«Հողային իրավունքների վերականգնման տեսանկյունից Ցեղասպանության ճանաչման հարցը բնավ նախապայման չէ»
Արա Պապյանի ելույթը Լոս Անջելեսի Մոնտեբելլո քաղաքում անցկացված, Ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված հանրահավաքում
Հարգելի բարեկամներ, մեծարգո հյուրեր,
Այս օրերին աշխարհասփյուռ համայն հայությունը, մեր բարեկամներն ու համախոհները նորից ոտքի են ելել' ոգեկոչելու Հայոց ցեղասպանության' Մեծ եղեռի 96-րդ տարելիցը: Այս օրերին հայությունը համախմբվում է ոչ միայն սգալու և հիշելու, այլև ողջ աշխարհին ցույց տալու արժանապատիվ ապրելու իր կամքը, մեր ժողովրդի դեմ կատարված մեծագույն հանցագործությունը ճանաչված և պատժված տեսնելու իր անսասան կորովը և սեփական իրավունքներին տեր կանգնելու հայ ժողովրդի աննահանջ պայքարի ընթացքը:
Հարգելի հայ ժողովուրդ,
Այս օրեին մենք ազգովին կարիք ունենք պատասխանելու մի շատ կարևոր հարցի. արդյոք Հայոց ցեղասպանության ճանաչումը նպատա՞կ է, թե՞ միջոց: Վստահաբար, մեր միջի մեծամասնությունն անվարան կպատասխանի' միջոց: Հետևաբար, քանի որ Ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ չէ, ցանկացած ցեղասպանության ժխտման հակառակը ցեղասպանության պարզ ճանաչումը չէ, այլ ճանաչման միջոցով հանցագործի պատիժն ու զոհի իրավունքների հնարավորինս վերականգնումը:
Կարո՞ղ է արդյոք ցեղասպանության ճանաչումը վերահաստատել արդարությունը, քանի դեռ հանցագործը կամ նրա սերունդները շարունակելու են վայելել հանցագործության պտուղները: Իհարկե ոչ, որովհետև այդ դեպքում հանցագործության պտուղները վայելող սերունդները ոչ թե հանցագործների պարզ հետնորդները կլինեն, այլև հանցակիցները:
Այսու, անհրաժեշտություն է առաջանում անդրադառնալ որոշ հարցի. արդյոք Հայաստանի Հանրապետության տարածքային և հայերի գույքային իրավունքները, ինչպես նաև բարոյական կորուստները կարո՞ղ են վերկանգնվել միայն Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհով, թե՞ կա այլ ուղի ևս:
Հայության իրավունքների և սեփականության հարցն ունի երեք մակարդակ. անհատական կամ մասնավոր, համայնքային կամ կազմակերպված խմբերի, ազգային կամ պետական: Ժամանակի սղության պատճառով զուտ համառոտակի կանդրադառնամ անհատական և համայնքային սեփականության իրավունքներին: Օսմանյան կայսրության հայազգի քաղաքացիների և համայքային կազմակերպությունների իրավունքները ամրագրված են եղել երկրի գործող օրենսդրությամբ. հետևաբար, թուրքական պետության կողմից հետագա բոլոր անօրինական զավթումները չեն զրկում հայերին իրենց իրավունքներից:
Անօրինական բռնագրավումները սեփականության իրավունքի փոխանցման օրինական հիմք չեն կարող լինել: Թուրքիայի Հանրապետության 1926-27թթ. օրենքներն ու հրամանագրերը' նպատակամղված կրոնական փոքրամասնությունների գույքի բռնագրավմանը, չեն կարող օրինական հիմք լինել, քանի որ հակասում են Թուրքիայի Հանրապետության ստանձնած միջազգային պարատավորություններին' Լոզանի պայմանագրի 38-45 հոդվածներին: Նշյալ պարտավորությունները ենթակա չէին և ենթակա չեն փոփոխության կամ անտեսման, քանի որ նրանց, ըստ նույն պայմանագրի 37-րդ հոդվածի, տրված է հիմնական օրենքի (սահմանադրության) կարգավիճակ:
Եթե Թուրքիան իր ապագան տեսնում է Եվրամիության կազմում, ինչպես բազմիցս է հայտարարել, ապա պիտի ընդունի Եվրամիության արժեքները: Ի շարս այլ բաների, պիտի պատրաստ լինի պատասխանատվություն կրել սեփական պետության և նրա իրավանախորդի արարքների համար: Պիտի օրինական տերերին վերադարձնի ապօրինի բռնագրավված գույքը, պիտի դադարեցնի այլ պետությունների տարածքների բռնազավթումը, պիտի դադարի ուժի դիրքերից և սպառնալիքի լեզվով խոսելուց:
Ուզում եմ հատուկ շեշտել, որ հայերից ապօրինի բռնագրավված գույքի հարցում չի գործում որևէ ժամանակային սահմանափակում, քանի որ օրինախախտումն ունի շարունակական բնույթ: Բոլոր այն դեպքերում (իսկ դա գրեթե միշտ է), երբ գույքը բռնագրավվել է առանց համարժեք հատուցման, այսինքն' օրինախախտմամբ, ապա ներկա տնօրինումը չի կարող օրինական իրավատիրության հիմք լինել:
Հարգելի հայրենակիցներ,
Իհարկե անհատական և համայնքային իրավունքները և այդ հարցերում արդարության վերականգնումը խիստ կարևոր են: Սակայն անձամբ ես կարծում եմ' մեր մեր մեծագույն նպատակը պիտի լինի մեր համազգային իրավունքների վերականգնումը, այն է մեզանից խլված մեր Հայրենիքի հայրենադարձությունը:
Երբեմն կարող եք լսել, երբ ասում են. «Հայերը Թուրքիայից հողային պահանջներ ունեն»: Սուտ է. հայերը Թուրքիայից հողային պահանջներ չունեն, հայերն իրենցն են ուզում: Այսինքն' ուզում են, որ իրենցից խլվածը և անօրինական թուրքական բռնազավթման ներքո գտնվող Հայրենիքը վերադարձվի: Ուզում են, որ աշխարհը տեր կանգնի իր իսկ նախաձեռնությամբ և մասնակցությամբ կազմված, հաստատված և օրինապես ուժի մեջ մտած փաստաթղթին, ուզում են, որ վերականգնվի ոտնահարված արդարությունը:
Բազմաթիվ են այն փաստաթղթերը, որոնց վրա հիմնվում են հայոց հողային իրավունքները: Այսուհանդերձ, Հայաստանի Հանրապետության հողային իրավունքների ամենահիմնավոր փաստաթուղթը, որի վրա խարսխված է հայոց հողային պահանջատիրությունը, առաջին հերթին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճռն է:
Առանց ժխտելու Հայոց ցեղասպանության հնարավորինս լայն ճանաչման բարոյական և քաղաքական անհրաժեշտությունը' հարկ է նշել, որ իրավական տեսանկյունից Հայաստանի Հանրապետության տիտղոսի, այն է' հողային իրավունքների վերականգնման տեսանկյունից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բնավ նախապայման չէ: Հայաստանի Հանրապետության տարածքային իրավունքները ճանաչված են Ցեղասպանության իրողությունից անկախաբար:
Հարգելի հայրենակիցներ,
Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ ապրիլի 24-ը հայ ժողովրդի նվիրական օրերից մեկն է' հայոց միասնական քաղաքական վարքի թերևս ամենավառ դրսևորման օրը: Հայ իրականության մեջ այդ օրը մտավ նախ որպես հոգեհանգստի ու հիշատակի օր, ապա աստիճանաբար վերաճեց և դարձավ ոգեկոչման ու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի օր: Այսուհանդերձ, այդ օրը կորստի օր է' առավելագույնը կորուստը ճանաչել տալու օր:
Սակայն որպես ազգ և որպես արդարությանը հետամուտ հանրություն' մենք կարիք ունենք հաղթանակի ու հատուցման օրվա, արդարության կայացման ու իրավունքի հաստատման օրվա: Մեր իրականության մեջ կա այդ օրը. հաղթանակի անթեղված կրակը պահող այդ օրը նոյեմբերի 22-ն է' Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճռի (Arbitral Award) կայացման օրը:
Այդ օրը իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացվեց մեր բնօրրան-հայրենիքի մի մասը' նրա հյուսիս-արևելյան հատվածը: Այդ օրը միջազգային իրավունքի հիման վրա կայացվեց և մեկընդմիշտ ուժի մեջ մտավ մի վճիռ, որի կատարումը պարտադիր է, որն իրավական տեսանկյունից անբեկանելի է և իրավունքների գոյության առումով անժամանցելի է:
Քանի որ Իրավար վճիռը կայացվել է Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Բրիտանիական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Բելգիայի, Հունաստանի, Կանադայի, Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի, Ավստալիայի, Նոր Զելանդիայի, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի, Ռումինիայի, անվերապահ հայցադիմումի (compromis) հիման վրա և ուժի մեջ է մտել ստորագրման պահից, ուստի այն պարտադիր, անբեկանելի և անժամանցելի է բոլոր վերոհիշյալ երկրների և նրանց իրավահաջորդների համար:
Այն պարտադիր, անբեկանելի և անժամանցելի է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, քանի որ Իրավարար վճիռը կրում է ԱՄՆ-ի Մեծ կնիքը, ստորագրված է ԱՄՆ-ի նախագահի և ենթաստորագրված է ԱՄՆ-ի պետքարտուղարի կողմից:
Ըստ այդմ, մեր համազգային խնդիրը պետք է լինի յուրաքանչյուր տարի' նոյեմբերի 22-ին, այդ երկրներից պահանջել, որ իրենք տեր կանգնեն միջազգային իրավունքից բխող իրենց պարտավորությանը և դա անեն ոչ թե որպես բարեհաճություն, այլ որպես մոռացված և մասամբ ուրացված, սակայն անխաթար ու անբեկանելի միջազգային պարտավորություն:
ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգնման, ազգային պահանջատիրության և մեզանից խլված իրավունքների վերահաստատման օրը: Մեծ հայորդի Գարեգին Նժդեհի մեկ բառով' ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ:
Օգտվելով այս ժողովրդային մեծ հավաքից' կոչ եմ անում Ձեզ և Ձեր միջոցով համայն հայությանը ամեն տարի' նոյեմբերի 22-ին, ըստ արժանվույն' ցույցերով, երթերով, հավաքներով և գիտաժողովներով, նշել ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ:
Վերջում, ամփոփելով խոսքս, ուզում եմ կրկնել հայ մեծանուն պատմաբան Նիկողայոս Ադոնցի միտքը, որը ասվել է ավելի քան 90 տարի առաջ' 1919թ., բայց հրատապ է դեռևս այսօր. «Հասել է պահը, երբ իր որդիների արյունով օծված Հայաստանը հատուցում պահանջի իր պատմական ուղու ամբողջ ընթացքում կրած տառապանքների ու փորձությունների դիմաց, դառնա իր սեփական ճակատագրի տերը»:
Շնորհակալություն:
Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար,
Լոս Անջելես, 23 ապրիլի, 2011թ.
Մեկնաբանել