
Քաղաքագետները չեն հավատում հրաժարական տվողների անկեղծությանը
Քաղաքագետները դեռ չեն հասցնում վերջին հրաժարականների լուրը «մարսել», երբ լսում են նոր «ինքնակամ» հրաժարական տվողների անունները: Քիչ առաջ էլ սեփական դիմումի համաձայն հրաժարական է տվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը, որը նաեւ Սերժ Սարգսյանի փեսան է: Միքայել Մինասյանն արդեն հայտարարել է, որ գնում է ՀՀԿ-ի նախընտրական շտաբ` օգնելու Հովիկ Աբրահամյանին ընտրությունները պատշաճ նախապատրաստելու համար:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ խնդիրը նոր է առաջացել, եւ այս պահին դեռ ամբողջական պատասխան չունի, սակայն փաստեց, որ հրաժարականի դիմում գրողներն այնքան էլ անկեղծ չեն իրենց պատասխաններում: «Ինչ վերաբերում է այն ձեւակերպումներին, թե գնում են նախընտրական կոմպանիային մասնակցելու, ես այդտեղ անկեղծություն չեմ տեսնում, որովհետեւ ընտրություններից 6 ամիս առաջ նման ձեւակերպումով գնալը մի քիչ անիրատեսական է»,-ասաց քաղաքագետը:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանն էլ նշեց, որ ըստ էության, նախընտրական շտաբը եւ այն ղեկավարող անձինք մեկ նպատակ ունեն` կազմակերպել համապատասխան կուսակցության գրագետ, համակարգված քարոզարշավը, որպեսզի դրական արդյունք ունենան: «Բայց մենք այսօր տեսնում ենք, որ նաեւ այլ նպատակ է դրված նախընտրական շտաբի ղեկավարների առջեւ: Ըստ հայտարարությունների` պարզվում է շտաբը պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի երկրում ընտրություններն անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ: Նման գործառույթ որեւէ կերպ չի կարող նախատեսված լինել որեւէ կուսակցության շտաբի համար` դա լինի իշխանական, թե ընդդիմադիր կուսակցություն»,-ասում է Էդգար Վարդանյանը:
Փորձագետի կարծիքով, երբ կադրային փոփոխություններ են լինում, եւ աշխատանքից ազատվածները գնում են շտաբում աշխատելու, ըստ էության ստեղծվում է պետական մի նոր ոչ ֆորմալ պաշտոն եւ հաստիքներ: «Եթե մենք մտածենք սովորական ընտրություննեին նախապատրաստվելու տրամաբանության շրջանակներում, այս ամենը չի տեղավորվում տրամաբանության մեջ: Հենց շտաբի գործառույթների փոփոխությամբ է փայմանավորված վերջին իրադարձությունները»,-ավելացրեց Է. Վարդանյանը:
Ըստ փորձագետի` փաստորեն ստեղծվում է մասնագիտացված խումբ, որն ապահովելու է Հանրապետական կուսակցության համար ցանկալի արդյունք` առանց աղաղակող, կոպիտ, երեւացող խախտումների:
Հարցին, թե այդ խումբը կարո՞ղ է երկրում արդար ընտրություններ կազմակերպել, Էդգար Վարդանյանը պատասխանեց, թե նախեւառաջ նախընտրական շտաբն իր առջեւ նման խնդիր չի կարող ունենալ, իսկ եթե նման գործառույթ իրականացնի, ապա դա կնշանակի կուլիսային միջամտություն ընտրական գործառույթներին եւ դա կլինի ոչ օրինական:
«Այս դրությամբ կարող ենք ասել, որ քաղաքական դաշտի այս կոնֆիգուրացիայի պարագայում չի կարելի խոսել ազատ եւ արդար ընտրությունների մասին: Ակնկալիք եւ սպասելիք մենք չպետք է ունենանք, ուղակի խախտումները, կեղծիքներն այնպես է արվելու, որ չերեւա: Փորձ է արվելու այլ կերպ ապահովել անհրաժեշտ արդյունքը, դրա համար կան տեխնոլոգիաներ»,-հավելեց Էդգար Վարդանյանը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել