«Հրապարակ». ոստիկանները խմում են քերոբների կենացը
Նախօրեին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանն ամուսնացրել է աղջկան: Հարսանիքը կայացել է «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրում, որը պատկանում է Երևանի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին:
Հարսանիքի քավորն է եղել Էրեբունու նախկին ոստիկանապետ Ավո Մկրտչյանը, որն այժմ զբաղեցնում է արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
Բնականաբար, հարսանիքին մասնակցել են ՔԿՀ և ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, այդ թվում` Քրեակատարողական վարչության պետի երկարամյա տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանը:
Բայց հարսանիքը հատկապես ուշագրավ է եղել նրանով, որ փեսայի կողմից երկու քրեական հեղինակություններ են մասնակցել, մեկը հայտնի Օշականցի Գևորիկը, որը վերջերս է ազատվել բերդից:
Հարսանիքի ամենահետաքրքիր պահն այն է եղել, երբ քավոր ու թամադա, նախկին ոստիկան Ավո Մկրտչյանը հատուկ բաժակ է բարձրացրել ու խմել երկու «քերոբների» կենացը: Կենացը ծաղկեցրել ու մեծ հաճույքով խմել են բոլորը` այդ թվում ոստիկաններն ու ՔԿՀ աշխատակիցները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել