HY RU EN

Հրանտ Գալստյան

#ElectricYerevan. Ինչի մասին են պաստառները

Բաղրամյան պողոտայում շարունակվում է նախորդ շաբաթ սկիզբ առած նստացույցը, որին մասնակից քաղաքացիները պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը:

Ցուցարարները նախորդող օրերի ընթացքում իրենց հիմնական պահանջները շարադրել են հարյուրավոր պաստառների վրա: «Հետք»-ը վերլուծել է դրանցից 159-ի բովանդակությունը, ինչը որոշակի պատկերացում է տալիս, թե ինչ բառերի ու գաղափարների շուրջ է ձևակերպվում սոցիալական պայքարը՝ մանավանդ երբ դրանք անզեն աչքով ակնհայտ չեն: Բառերը ներկայացված են Tagul գործիքի օգնությամբ. որքան մեծ են դրանք, այնքան հաճախ են հայտնվել պաստառներին:

 

Created with Tagul.com

 

Ինտերակտիվ բառային ամպը (wordcloud) ցույց է տալիս, որ նստացույցի ընթացքում ձևավորված պաստառներին ամենահաճախ հայտնվող բառը հավաքականությունն ընդգծող «մեր» դերանունն է: Նույն շարքում է նաև «մենք»-ը՝ «Մենք ենք տերը մեր երկրի», «...մեր ազգը», «Հայաստանը մերն ա», «Մենք ապագան ենք»…

Այլ դեպքերում դրանք ընդգծում են ոչ թե ընդհանրապես հայերի կամ երիտասարդների, այլ Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիների միասնությունը՝ ընդդեմ բարիկադներից այն կողմ կանգնած իշխանության՝ «Դուք չեք կարող սպանել պայքարի մեր ոգին», «Աստված մեր հետ է, մլիցեքը մեր դեմ», «Մեր ջրցանը քո ջրցանին վնաս ա», «Երբ մեր ջրերը մեկ առվով չհոսեն», «Երկրի տերը մենք ենք», «Որոշողը մենք ենք», «…Մեզ ծեծում են, հետո մենք հաղթում ենք», «Մենք խաղաղ ենք»…

Բառային ամպը ցույց է տալիս, որ նստացույցի ընթացքում շրջանառվող հիմնական՝ «Բիբին» և «ջրցան» հատուկ և հասարակ անուններից բացի պաստառները կազմելիս շատ են գործածվել նաև «մի», «ոչ», «չի» ժխտական բառերը: Սրանք գուցե նշանակում են պայքարի ոչ այնքան հանուն, որքան ընդդեմ ինչ-որ բանի լինելը:

Հետաքրքիր է, որ նույնիսկ Բաղրամյան պողոտայից հեռանալուց հետո, «Հեռատես եղեք» և «Անցյալի սխալներից պետք է ճիշտ դասեր քաղել» գրություններով պաստառների կողքին Ազատության հրապարակում շարունակում էին մնալ «Միասին ենք հաղթելու», «Հավաքական ուժ» գրությունները:

Ստորև ներկայացված է տարբեր դիրքորոշումների պատճառով տարբեր վայրերում կազմակերպված նստացույցերի պաստառների բովանդակությունը՝ ըստ հունիսի 29-ին Ազատության հրապարակում և Բաղրամյան պողոտայում արված լուսանկարների:

 

#ElectricYerevan կամ Ո՛չ թալանին անուններով հայտնի շարժման պաստառները հիմնականում տեքստային են, մեծ մասը՝ հայերեն, ձեռագիր, օգտագործված գույների շարքում կարելի է առանձնացնել սևը, կարմիրն ու դեղինը: Որոշ պաստառների դեպքում բողոքի թեման ներկայացվում է ոչ միայն էլեկտրական լամպի լույս հիշեցնող դեղինով, այլև  լամպի պատկերով, հոսանքի վտանգավորության մասին զգուշացնող գանգի և գծային նշանի միջոցով, իսկ ջրցանից հետո ոստիկանության քայլը ծաղրող ժեստերի շարքում հայտնվեցին սնկերի պատկերները:

Պաստառների բովանդակությունն այլ կերպ դիտարկելու դեպքում կարելի կլինի նկատել, օրինակ, թե ինչպես են ցուցարարներն արձագանքում բռնություններին ու պաշտոնյաների ելույթներին, ինչ արտահայտչամիջոցներ ու բառախաղեր են գործածում, որքանով են դրանք առնչվում նստացույցի տարածքից դուրս գտնվող քաղաքային կյանքին և միաժամանակ ընկալման ինչ փոփոխություններ են առաջարկում այդ տարածքում:

լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի և Հրանտ Գալստյանի

լոգոները՝ thenounproject.com-ից և demobakery.com-ից