«ARMFOOD» ապրանքանիշի կաթում` ստաֆիլակոկի բակտերիաներ
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը երեկ տարածեց մամուլի հաղորդագրություն, որում նշված է.
«ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում շուկայում իրացվող «Էյ-Էս-Բի-սոֆթ» ՍՊԸ-ի «ARMFOOD» ապրանքանիշի այծի կաթում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ստաֆիլակոկի բակտերիաներ:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի կողմից տրվել է տվյալ ապրանքանիշի կաթնամթերքի իրացման կասեցման կարգադրագիր: Մինչ ամբողջ խմբաքանակի շուկայից դուրսբերումը ծառայությունը կոչով դիմում է ազգաբնակչությանը` լինել աչալուրջ և զերծ մնալ «ARMFOOD» ապրանքանիշի կաթնամթերքի ձեռքբերումից»:
Թերևս ավելորդ է ասել, որ աղիքային ցուպիկի խմբի մանրէները և ստաֆիլակոկի բակտերիաները մարդկանց առողջության, իսկ ժամանակին բժշկական օգնություն չստանալու դեպքում նաև կյանքի համար խիստ վտանգավոր են: Հետաքրքիր է` հիշյալ մանրէները պարունակող կաթը շուկա առաքած ընկերությունը ժամանակին ինչպե՞ս է ստացել «ARMFOOD»` «Հայկական սնունդ» պատվավոր և ներկայանալի ապրանքանիշով հանդես գալու իրավունքը: Հիմա` այս խայտառակ սկանդալից հետո, սպառողներն ինչպե՞ս չտարակուսեն` հայկական սնունդը սա՞ է...
Ինչպես տեղեկացանք հիշյալ ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանից, տվյալ ընկերության կաթում նշված մանրէների առկայությունը բացահայտվել է քաղաքացիներից մեկի կողմից 3 օր առաջ ներկայացված դիմում-բողոքից հետո: Քաղաքացին կաթից դառնահամ առնելով ու չխմելով այն` գրավոր դիմել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:
- Հաջորդ օրը լաբորատորիայի պատասխանը եղել է,- տեղեկացրեց Բ. Պիպոյանը և հավելեց, որ դրանից հետո` հոկտեմբերի 2-ին, տվյալ ապրանքանիշի կաթնամթերքի իրացումը կասեցվել է:
Այսպիսով արձանագրենք, որ վերոնշյալ ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը անհրաժեշտության ու ցանկության դեպքում կարող է հայաստանյան չափանիշներով օպերատիվ (1 օրում) փորձաքննություն իրականացնել: (Սա առաջիկայում նկատի կունենանք):
Բ. Պիպոյանի տեղեկացմամբ` այս պահին վերոնշյալ ՍՊԸ-ում դեռ լիարժեք ստուգում չի իրականացվել, դա արվելու է մոտ օրերս: Փորձեցինք ճշտել` «Էյ-Էս-Բի-սոֆթ» ընկերությունը կաթնամթերքից բացի այլ սննդատեսակներ արտադրո՞ւմ է: Ծառայության պետի մամուլի քարտուղարը մեզ փոխանցեց ընկերության տնօրենի հավաստումը, որ կաթնամթերքից բացի այլ սննդամթերք չեն արտադրում:
Ըստ Բ. Պիպոյանի` դեռ հայտնի չէ, թե վերոնշյալ ընկերությունը քանի խանութի է կաթնամթերք առաքում, որոնք են այդ խանութները: Այդ տեղեկությունները պետք է պարզվեն այսօր: Ինչպես տեղեկացանք մամուլի քարտուղարից, «Երևան սիթի» սուպերմարկետների ամբողջ ցանցում արդեն կասեցվել է այդ ապրանքի իրացումը: Սակայն ընկերության կաթնամթերքում մանրէների հայտնաբերման մասին զգուշացնող հաղորդագրությունն ուղարկվել է միայն լրատվամիջոցներին, խանութներին չի ուղարկվել, քանի որ, ըստ Բ. Պիպոյանի, հանրապետության բոլոր խանութների ցանկը չունեն: Ափսոս, որ չունեն, բայց գոնե կարելի՞ էր այդ զգուշացումն ուղարկել սուպերմարկետներ շահագործող, սուպերմարկետների ցանց ունեցող ընկերություններին, որոնց քանակը 10-ի էլ չի հասնում և որոնց ցանկը ծառայությունում ունեն:
Ինչպես երեկ տեղեկացանք Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող «Սթար» սուպերմարկետի տնօրենից, իրենք «ARMFOOD» ապրանքանիշով կաթնամթերքի վերաբերյալ որևէ զգուշացում չեն ստացել, տնօրենը վերոնշյալ վտանգի մասին տեղյակ էլ չէր: Զուտ բարեբախտություն է, որ «Սթար» սուպերմարկետը «Էյ-Էս-Բի-սոֆթ» ՍՊԸ-ի կաթնամթերքը չի ստանում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել