HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքի տոնավաճառ Ալավերդիում

Այսօր  Ալավերդիում  մեկնարկեց  «Աշխատանքի  տոնավաճառ» ծրագիրը: «Այն իրականացվում է պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին»,- ասաց Ալավերդու զբաղվածության կենտրոնի տնօրեն Նունե Անտաշյանը: Ըստ վերջինիս՝ ծրագիրն անմիջական հաղորդակցման միջոցով հնարավորություն կտա ապահովել աշխատանք փնտրողի կայուն զբաղվածությունը, իսկ գործատուին` թափուր աշխատատեղի արդյունավետ  համալրումը: Ծրագրում  ներգրավված 31 գործատուներ աշխատանքի տոնավաճառին 70   թափուր և կանխատեսվող թափուր աշխատատեղեր էին ներկայացրել ալավերդցի աշխատանք փնտրողներին: Զբաղվածության կենտրոնի տնօրենը հույս հայտնեց, որ «Աշխատանքի տոնավաճառ» ծրագրի մեկնարկը կարող  է գործազուրկ որոշ մարդկանց համար դառնալ կյանքի կարևոր իրադարձություն, եթե գտնեն իրենց մասնագիտությանը և որակավորմանը համապատասխան աշխատանք :

Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանի  ասելով՝ Թումանյանի տարածաշրջանը աշխատանքային զբաղվածության մեծ պահանջարկ չունի, քանի որ այստեղ աշխատում են երկու մեծ հանքարդյունաբերական համալիրներ` Թեղուտ ՓԲԸ-ն, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը  և Ալավերդու  պղնձաձուլական գործարանը, որտեղ մոտ 2500 մարդ է աշխատում: Ա. Դարբինյանը իր գոհունակությունն արտահայտեց այն փաստի առթիվ, որ ծրագրի մեկնարկին ներկայացել էին մանր ու միջին անհատ ձեռներեցներ. «Համոզված  եմ, որ այսօր գոնե 15 քաղաքացիներ իրենց համար կգտնեն աշխատանք»:

ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության ներկայացուցիչ Վահագ Հովհաննիսյանի խոսքով՝ տոնավաճառը աշխատանք փնտրողներին  հնարավորություն կտա գտնել արժանապատիվ աշխատանք: Տոնավաճառին ներկայացված 70 թափուր աշխատատեղերից 30-ը ներկայացրել էր  ալավերդցի Արտաշես Աբգարյանին պատկանող նորաստեղծ «Այգ» պահածոների ձեռնարկությունը: «Նոր բացվող ձեռնարկություն է, զբաղվելու է  պահածոների արտադրությամբ: Ճիշտ է, սկիզբը մի քիչ դժվար կլինի, բայց հետո ընթացքում ամեն ինչ կկանոնավորվի»,- ասաց ձեռնարկության ներկայացուցիչ Կարինե Միկինյանը: Երիտասարդ մասնագետ Դավիթ Մայիլյանը մենեջերի  աշխատանքի  խնդրանքով դիմում էր գրում հենց «Այգ» ՍՊԸ-ի տնօրինությանը: «Լուսինե Մելիքյան» ԱՁ-ի գեղեցկության սրահը  տոնավաճառում որակյալ մատնահարդար էր փնտրում: Տոնավաճառի տաղավարին դիմում էր ներկայացրել երկու մատնահարդար:

Տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանցից աշխատանքի պահանջով  դիմումներ էին ընդունվում նաև Ալավերդու զբաղվածության կենտրոնի տաղավարում: Քրիստինե Ապրեսյան ԱՁ-ն տոնավաճառի իր տաղավարում  աշխատանք որոնողներին առաջարկում էր «Ֆաբերլիք» ֆիրմայում խորհրդատուի աշխատանք: Մեր զրույցի պահին երկու աշխատանք որոնողներ արդեն գրավոր դիմում էին ներկայացրել ձեռներեցին: Ալավերդու  պետական քոլեջի տաղավարում առաջարկում էին ռուսերենի, մետալուրգիայի և հանքարդյունաբերության մասնագիտությամբ դասախոսի երեք թափուր աշխատատեղ: Քոլեջի տնօրեն Ռուդոլֆ Ստեփանյանը հայտնեց, որ դեռևս պահանջված մասնագետների դիմումներ չեն ստացել:

«Էյ-Սի-Փի» ընկերության կադրերի բաժնի պետ Գոհար Սարգսյանի ասելով՝ ներկայում ընկերությունը պղնձաձուլական գործարանում ազատ աշխատատեղ չունի, սակայն աշխատանքի պահանջով դիմողներին աշխատանքի կհրավիրեն   աշխատատեղեր ազատվելու դեպքում: Պղնձաձուլական գործարանում աշխատելու դիմում էր գրել 3 մարդ: «Թեղուտ» ՓԲԸ-ի տաղավարում մեզ հայտնեցին, որ աշխատանք փնտրողներին առաջարկում են եռակցողի, զոդողի, զոդման աշխատանքները վերահսկող ինժեներների, բարձր որակավորմամբ  էլեկտրագազաեռակցողների աշխատանք: Առաջարկվում էր նաև օդափոխության համակարգերի և հարստացուցիչ ֆաբրիկայի տեխնիկական սպասարկման պլանավորման մասնագետների աշխատանք: Տաղավարի պատասխանատու Անժելան ասաց, որ մեր հարցման պահին մի քանի աշխատանք որոնողներ արդեն դիմել են «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատելու համար:

Թեեւ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը տաղավար չուներ, սակայն Ալավերդու զբաղվածության կենտրոնի տնօրեն Նունե Անտաշյանը հայտարարեց, որ ԼՀԿ-ի ներկայացուցիչ Գագիկ Շահնազարյանը աշխատանք փնտրողներին առաջարկում է 30 թափուր աշխատատեղ: Մեր տեղեկություններով՝ ԼՀԿ-ում աշխատողների կրճատումներ են: Ալավերդցի 54-ամյա ներկարար էլեկտրազոդող Ջիվան Մոսինյանը երկար տարիներ աշխատել է «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ում: Նրան կրճատել են աշխատանքից: Կրճատելիս Ջիվանին ասել են, որ տարիքը չի համապատասխանում աշխատանքի պահանջներին: Ջիվանը աշխատելու համար դիմել է նաև «Թեղուտ» ՓԲԸ-ի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրինություններին: Այստեղ էլ նրան տարիքի պատճառով մերժել են աշխատանք տալ: «Այսինքն, եթե ես մեծ եմ, ուրեմն իրենց կարծիքով ի վիճակի չեմ աշխատելու: Բայց ինչո՞ւ չեմ կարող աշխատել, ես առողջ մարդ եմ` կոտրվածք չունեմ, ցավող տեղ չունեմ»,- ասաց Ջիվանը: Վերջինիս  այսօր ևս չէր հաջողվել աշխատանք ստանալու համար գրանցվել որևէ գործատուի մոտ: «Որտեղ փորձում եմ գրանցվել, ասում են`տարիքդ մեծ է»,-հուսահատված ասաց Ջիվանը: 

Մեկնաբանություններ (1)

Սամվել
Թումանյանի համայնքներում քանի թափուր աշխատատեղեր կան,( համայնքային ծառայողների) և որն է պատճառը,որ դիմորդներ չկան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter