
Մի ցուցանմուշի պատմություն. Փափազյանի «գողացած» մատանին
Աննա Բաբաջանյան
Գրականության եւ արվեստի թանգարանում ցուցադրվող նմուշների շարքում այցելուների ուշադրությունը կարող է գրավել մի մատանի, որը դիտելիս թերեւս մեծամասնությունը կպնդի, որ այն կանացի զարդ է: Սակայն, որքան էլ տարօրինակ է, պարզվում է, որ այն կրել է նաեւ նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը: Իսկ ամենահետաքրքիրը մատանու` նրա մոտ հայտնվելու պատմությունն է:
Զարդն ի սկզբանե պատկանել է հայտնի դերասանուհի Սիրանույշին: Ասում են` Փափազյանն այնքան է հրապուրված եղել նրա խաղով եւ մարդ տեսակով, որ դերասանուհու գրիմանոցի սեղանի վրայից պարզապես գողացել է նրա մատանին` Սիրանույշից իր մոտ մի «մասնիկ» ունենալու համար: Եվ շատ տարիներ անց միայն նա պատմել է այդ մասին: Մինչեւ 1965 թվականը մատանին եղել է Փափազյանի մոտ: Հետագայում նա թանկագին մասունքը նվիրել է նկարիչ Խաչատուր Եսայանին: Վերջինիս ուղղված նամակում Փափազյանը գրել է. «Սիրելի Խաչիկ ջան, այս անճոռնի մատանին 14 թվի ամռանը «Մեդեա» ներկայացումից հետո ստացել եմ Սիրանույշից, ծառայել է ինձ երկար տարիներ «Օթելլոյում», եւ տարիների կեղտը վրան, իմ մեղքերիս հետ թաթախված, հիշատակ լինի քեզ այս մատանին: Պահիր, անդրաշխարհում մեղադրանքներից ինձ պաշտպանիր:
Վ.Փ.
1965 թիվ, 10 սեպտեմբեր»:
Դժվար է միանշանակ ասել, թե ինչ մեղքերի կամ մեղադրանքների մասին է խոսում Փափազյանը, արդյոք նա նկատի ունի հենց մատանին գողանալու հանգամանքը, թե այս տողատակերում այլ բան է թաքնված, ամեն դեպքում, Եսայանը կատարում է նրա կամքը եւ երկար տարիներ խնամքով պահպանում է զարդը:
Արդեն 1986-ին Խաչատուր Եսայանի մտերիմ անձանցից մեկը` Աստղիկ Մամբրեյանը, մատանին հանձնում է Գրականության եւ արվեստի թանգարանին:
Մեկնաբանել