
Օֆշորում գրանցված ընկերությունները չեն մասնակցի պետգնումներին
Ռուսաստանի պետդումայի ընդունած նոր օրենքը արգելում է օֆշորային ընկերությունների մասնակցությունը պետական գնումների գործընթացին: Պետական գնումների գործընթացին չեն կարող մասնակցել նաև այն ընկերությունները որոնք բավարար թափանցիկ կառուցվածք չունեն և պետական գնումներին մասնակցություն ունենալու դեպքում ընկերությունները պարտավորվում են վճարել սահմանված հարկերը Ռուսաստանի Դաշնությունում:
Հանձնաժողովը, որը պատասխանատու է պետական գնումների համար, պարտավոր է ստուգել բոլոր ընկերությունները, որոնք մասնակցում են գործընթացին և համոզվել` արդյոք նրանք համապատասխանում են նոր պահանջներին:
«Եթե արդյունքում հայտնաբերվեն ընկերություններ , որոնք գտնվում են օֆշորային գոտում, նրանց հայտերը միանգամից կմերժվեն: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ պետությունը չի վճարելու նման ապրանքների և ծառայությունների դիմաց: Եթե պետական գնումների գործընթացին մասնակցելով ընկերությունը ուզում է շահույթ ստանալ, նորից ընդգծում եմ` խոսքը գնում է պետական գնումների մասին, քանի որ այլ առևտրային գործընթացներ պետության կողմից չի վերահսկվում, ապա այդ ընկերությունը պետք է անպայման գրանցված լինի Ռուսաստանի Դաշնության տարածքում և հետևաբար նրա իրավասության տակ լինի»,- հայտարարել է Ռուսասատանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Օրենքի մեջ փոփոխությունը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 30 օր հետո:
Հիշեցնենք, որ Հայաստանում պետակա գնումներում հաղթած ընկերությունների մեջ կան այնպիսիք, որոնք գրանցված են օֆշորային գոտիներում: «Հետքը» մի քանի անգամ գրել է, թե ինչպես են օֆշորային ընկերությունները հաղթել պետական գնումների մրցույթներում: Իսկ պետական գնումների մրցույթներում հաղթած հայաստանյան մի շարք ընկերությունների հիմնադիրները օֆշորային ընկերություններ են եւ նրանց սեփականատերերը, բնականաբար, հայ պաշտոնյաներ են, կամ նրանց հարազատները:
Սակայն Հայաստանի իշխանությունները ցանկություն չունեն պարզելու, թե այս կամ այն ընկերության իրական սեփականատերը ով է, եւ ինչու են պետական բյուջեի փողերը հոսում օֆշորային գոտիներ:
լուսանկարը` Courtesy/KyivPost.com
Մեկնաբանել