HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատվածներ Կոնստանտին Քեչեկի «Հիշողություններ» գրքից (մաս 1-ին)

Նկարչուհի, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիր Զարուհի Մուրադյանն, ով խիզախ, ազնիվ քաղաքացու իր տեսակով ինձ ոգեշնչում է, օգնում, բանտ է ուղարկել իր պապի՝ ճարտարապետ Կոնստանտին Քեչեկի “Воспоминания” գիրքը: Կարդացի մեծագույն հաճույքով՝ մասնակիցը դառնալով մի մարդու պատումների, ով անցել է հրի ու սրի միջով՝ պատերազմ, գերություն, օտար ափեր, վերածնունդ: Եվ պատահական չէ, որ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Քեչեկին անվանել է. «Հայ`իր ծնունդով, դաստիարակությամբ` ռուս մտավորական, ճակատագրի բերումով`սովետական ռազմագերի ֆաշիստական ճամբարներում և ամերիկյան ներգաղթյալ՝ իր ընտրությամբ»: Սկսեցի ռուսերեն գրված օրագրի որոշ հատվածներ թարգմանել հայերեն՝ զգալով, թե ինչքան արդի են, ինչքան չհնացող, ինչքան կարևոր նաև այսօր ապրողներիս համար: Նա իր կյանքի դրվագները ներկայացնելիս ցույց է տվել նաև այն պատմական իրադրությունը, որում ապրել է հեղինակը: Իսկ գերության տարիների նկարագրությունները պարզապես կինո են հիշեցնում:

Եվ այսպես՝ ճարտարապետ, կամրջաշինարար Կոնստանտին Քեչեկն իր գիրքը սկսում է այսպես.  

«Սա գրում եմ բացառապես ինձ համար (Կոնստանտին Քեչեկն իր հուշագրությունները սկսել է գրել 1971 թվականի սեպտեմբերի 18-ից Ռոչեստր քաղաքում): Ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ ոչ ոք սա չի կարդալու: Կինս և երեխաներս  այս լեզուն չգիտեն, իսկ Հայաստանում ապրող երեխաներիս ձեռքը այս էջերը երբեք չեն ընկնի: Եվ այս հանգամանքն ինձ հնարավորություն և իրավունք է տալիս գրել բացարձակ ճշմարտությունը`չվախենալով հիասթափեցնել որևէ մեկին: Եվ ես գրում եմ ինձ համար, որպեսզի փորձեմ  հասկանալ և քննարկել, թե ինչպիսի մարդ էի ես ու ինչ դարձա, և ինչ ուժեր` ներքին և արտաքին, բերեցին ինձ ներկայիս կյանքին և մտքերին…»:

… Իմ հայրը` Համբարձում Քեչեկը (1872-1948) ոչ հարուստ հայ ընտանիքից էր, որ ապրում էր այդ հայկական գաղութում, կազմված Նախիջևան նա Դոնու քաղաքից և մի քանի գյուղերից ու ավաններից՝ տեղակայված քաղաքի մերձակայքում՝ 10-15 կմ հեռավորության վրա: Այդ գաղութն ստեղծվել էր Եկատիրինա Մեծի թագավորության օրոք, ով, ցանկանալով բնակեցնել այդ բերքատու, բայց համարյա ամայի տարածքը, դեռ Պետրոսի ժամանակներում զենքի ուժով վերադարձված Թուրքիայից, տարբեր արտոնություններ տվեց բոլոր տեղափոխվածներին, ովքեր ցանկանում էին այնտեղ հաստատվել: Օգտագործելով ստեղծված հարմար առիթը՝ Ղրիմից մի խումբ հայեր, Թուրքահայաստանից եկած, տեղափոխվեցին Դոնի ստորոտներ և հիմնեցին Դոնի Նախիջևան քաղաքը և մի շարք գյուղեր:

Նկարագրվող ժամանակներում Նախիջևան քաղաքը ուներ մոտ 25 հազար բնակիչ և հանդիսանում էր, ասես, նախամուտքը մեծ արդյունաբերական Ռոստով քաղաքի` 150-200 հազար բնակչությամբ: Երկու քաղաքներն էլ միացված էին տրամվայի գծերով, որոնք սկսվում էին Ռոստովի երկաթուղային կայանից, անցնում Ռոստովի գլխավոր փողոցով, որը կոչվում էր Սադովայա, հետո շարունակվում էր կիսակառույց կեսկիլոմետրանոց հատվածով և անցնում Նախիջևանի գլխավոր փողոցով`Սոբոռնայա: Գիծը վերջանում էր Նախիջևանի ծայրամասում, և ողջ երկարությունը 7-8 կիլոմետր էր:

Իմ հայրը բժիշկ էր: Ռոստովի պետական գիմնազիան ավարտելուց հետո` նա ընդունվեց Ռուսաստանի ամենալավ բժշկական հաստատություններից մեկը`Պետերբուրգի Զինվորական բժշկության ակադեմիա, որտեղ պատրաստում էին բժիշկներ ռուսական բանակի համար: Ակադեմիան ավարտելուց հետո`նրան  վիրաբուժության բնագավառում կատարելագործման նպատակով ուղարկեցին արտասահման և երկու տարիների ընթացքում նա եղավ Բեռլինում, Փարիզում և Լոնդոնում: Վերադառնալուց հետո նա մնաց որպես ասիստենտ Ակադեմիայի վիրաբուժության ամբիոնում, որտեղ աշխատեց մինչև 1910 թվականը:

Դարի սկզբին (ենթադրում եմ 1900 թվականին) նա ամուսնացավ իմ մայրիկի`Պետերբուրգից հայուհի Յուլիա Եվանգուլիևա Գեորգիի հետ: Նրա հայրը`իմ պապիկը, Վրաստանի հայերից էր, Կախեթիայից (Վրաստանի աևմտյան շրջան), որտեղ զբաղվում էին խաղողի աճեցմամբ և գինեգործությամբ: Նրա ունեցվածքը պատկանում էր Եվանգուլիև ընտանիքին  ընդհուպ մինչև Վրաստանի սովետականանացումը, բայց պապիկս  դեռ անցած դարի կեսերին տեղափոխվեց Ռուսաստան և զբաղվում էր կոմերցիայով: Մայրիկիս լույս աշխարհ գալու ժամանակ նա արդեն ուներ Կովկասի ոսկերչական զարդերի խանութ, ինչպես նաև կովկասյան կահույքի և խալիների: Նա ամուսնացած էր մի շատ ինտելիգենտ կնոջ հետ, ով համաձայն պաշտոնական վարկածի`Ռիգայից ռուսացած գերմանացիների ընտանիքից էր և դավանում էր լութերականություն: Ես ենթադրում եմ, որ կա հավանականություն`նա դավանափոխ եղած հրեաներից էր (այսինքն`ընդունած քրիստոնեություն), ինչը, այնուամենայնիվ, ոչ ոքի մեր ընտանիքում չէր հետաքրքրում, որովհետև մանկությունից մենք դաստիարակված էինք կոսմոպոլիտիզմի ոգով, և մեր ընկերների ու ծանոթների շրջանում կային տարբեր ծագում ունեցող մարդիկ:                                                                                                                           

Իմ մայրիկը ութ երեխաներից մեկն էր`վեց որդիներից և երկու դստրերից: Իմ պապիկը, ինքը գրեթե առանց որևիցե կրթության, բոլոր իր երեխաներին տվել է լավ մասնագիտական կրթություն: Մայրս ատամնաբույժ էր: Ամուսնությունից հետո Պետերբուրգում նա բացեց իր մասնավոր կաբինետը և 10 տարիների ընթացքում զբաղվում էր մասնավոր պրակտիկայով, մինչև տեղափոխվելը 1910 թվականին:                      

Հաջողված մասնագիտական գործունեությունը իմ ծնողներին տալիս էր ապահով կյանքի հնարավորություն և չխանգարեց ընտանիք կազմել չորս երեխաներից`երկու ավագ եղբայրներս`Ալեքսանդրը և Գեորգին, ավագ քույրիկս`Նինան և ես`ծնված 1907թվականին: Ապրում էինք համեստ, աշխատասեր, հայրս այդ ժամանակի ընթացքում գրեց իր գիտական դիսերտացիան`«Գայլի երախի վիրաբուժական բուժումը» թեմայով և բժշկության դոկտորի կոչում ստացավ: 1910 թվականին նա ընդունեց Նախիջևան քաղաքից առաջարկ`զբաղեցնել քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնը, և մենք ամբողջ ընտանիքով տեղափոխվեցինք Նախիջևան: Ես, լինելով ընդամենը երեք տարեկան, իհարկե այս ամենը չեմ հիշում և այս տողերը գրում եմ ծնողներիս պատմածներից, նաև մասնակի`ավագ եղբայրներիս, ովքեր այն ժամանակ ինը ու յոթ տարեկան էին: Նինան մոտ չորս տարեկան էր:   

                                                                                                                  

Մեր կյանքը Նախիջևանում ընթանում էր խաղաղ և հանգիստ մինչև 1914 թվականի պատերազմի սկիզբը: Պարտությունները կապված Լեհաստանի և Մերձբալթիկայի տարածքների մի մասի հետ` բոլորն էլ ծանր էին տանում, և Պետրոգրադում պարենային բարդ դրության, կառավարության ապաշնորհության, խայտառակ լուրերի, կապված Ռասպուտինի անվան հետ և այլն, ծանր էին անդրադառնում բնակչության հոգեվիճակի վրա: Իսկ Նախիջևանում, որտեղ բնակչության մեծամասնությունը հայեր էին, լուրերը հայերի ողբերգության մասին Թուրքիայում նույնպես ահռելի ճնշող էին: Ես, լինելով ընդամենը յոթ-ութ տարեկան տղա, լսելով մեծերի խոսակցությունները, քննադատությունները կառավարության հասցեին և լուրերը հնարավոր հեղափոխության մասին`նույնպես լցվում էի տագնապով, որը պարփակել էր ողջ միջավայրը:                                                                               

Շատ լիբերալ մտավորականներ որոնց թվին էր պատկանում իմ հայրը, համակրում էին կադետների կուսակցությանը և սկսել էին մտածել՝ ինչքան վատ`այնքան լավ, դրա տակ նկատի ունենալով, որ կառավարության դիրքերի թուլացումը և ժողովրդի դժգոհության մեծացումը կարող է բերել սահմանադրական միապետության կայացմանը, ինչը  միջակ շատ մտավորականների երազանքն էր:                                  

Ռոստով սկսեցին գալ մեծ թվով փախստականներ Լեհաստանից, ինչպես նաև ամբողջ հաստատություններ տարահանված Վարշավայից, որոնց թվում էր Վարշավայի համալսարանը, որը գիտաշխատողների կարիք ուներ: Մրցույթ էր հայտարարված, և իմ հայրը նշանակվեց պրիվատ-դոցենտ վիրաբուժության և ուռոլոգիայի ամբիոնում:              

1917 թվականի սկզբից մթնոլորտը քաղաքում լարված էր: Պետրոգրադից լուրեր էինք ստանում պարենամթերքի ճգնաժամի մասին, բանվորների իրարանցման և նույնիսկ գործադուլների ու հակակառավարական ցույցերի մասին, ինչը արգելված էր պատերազմի ժամանակ: Ճակատում ձմռան ընթացքում առանձնապես փոփոխություններ չկային, բայց լուրեր կային բանակում անհագստությունների մասին: Բոլորը զզվել էին պատերազմից և զինվորները ցանկանում էին տուն վերադառնալ: Խոսակցություններ էին ընթանում սեպարատ հաշտության անհրաժեշտության մասին, սակայն կառավարությունը մտածել անգամ չէր ցանկանում դրա մասին: Այն հավատարիմ էր մնում իր դաշնակիցներին`Անգլիային և Ֆրանսիային, այդպիսին էր նաև բանակի գերագույն հրամանատարության ու կայսերական ընտանիքի կարծիքը: Եվ այսպես, 1917 թվականի փետրվարի վերջին վերջապես որոտաց հեղափոխությունը, և չնայած չափավորական կուսակցությունները չէին պահանջում հրաժարվել գահից, Նիկոլայ Երկրորդը ստիպված էր հրաժարվել գահից ձախակողմյան կուսակցությունների, ժողովրդի մեծամասնության և ամենակարևորը`զինվորական զանգվածների  ճնշման տակ: Ձևավորվեց Ժամանակավոր կառավարություն, որտեղ առաջատար դեր էին խաղում չափավոր կուսակցությունները: Ժամանակավոր կառավարությունը հրապարակեց մանիֆեստ, որով խոստանում էր հրավիրել Հիմնադիր ժողով`բոլոր կուսակցությունների մասնակցությանբ Սահմանադրության մշակման համար, սակայն միևնույն ժամանակ հայտարարեց, որ այսուհետ, մինչև այդ ժողովի հրավիրելը, Ռուսաստանը հավատարիմ կմնա դաշնակիցների հետ ստորագրած պայմանագրերին և կշարունակի պատերազմը մինչև հաղթանակ: Ժամանակավոր կառավարության շատ քայլեր և հատկապես նշանաբանը`դաշնակիցներին հավատարիմ մնալ, վստահաբար կարելի է ասել, որ բավարար չէին արդարացնելու ժողովրդի հույսերը, երբ նրանք համառում էին ցարական իշխանության տապալման գործում: Նշանաբանները պատերազմի շարունակման մասին մինչև հաղթանակ, ցույց էին տալիս, որչափ կառավորությունը չէր հասկանում ժողովրդական զանգվածների և բանակի տրամադրությունը, որտեղ արդեն նշմարվում էին տարանջատումը և բողոքի պոռթկումը:                         

Բոլշևիկներ էին այն ժամանակ անվանում սոցիալ-դեմոկրատներ կուսակցության ձախ թևը, որի առաջնորդ Վ. Ի. Լենինը այդ ժամանակ Ռուսաստան էր վերադարձել Շվեյցարիայից: Հենց այդ նույն ժամանակ աքսորից սկսել էին վերադառնալ բազմաթիվ այլ հեղափոխականներ`Լենինի զինակիցները: Նրանք ստեղծեցին այսպես կոչված «Բանվորական  պատգանավորների խորհուրդը»: Ընտրված լինելով բանվոր դասակարգի միջավայրից, նրանք դարձան ժամանակավոր կառավարությանը հակադիր պաշտոնական մի կառույց: Բանվորական պատգամավորների Խորհուրդը մեծ ազդեցություն ձեռք բերեց խոշոր արդյունաբերական կենտրոններում, հատկապես Պետրոգրադում և Մոսկվայում:

Այդ ժամանակ, բացի նշված ընդդիմադիր խմբերից, ազգային բնույթ ունեցող շարժում սկսեց ձևավորվել, որի նպատակն էր պահանջներ առաջադրել`բնակեցված  համապատասխան ազգություններով ինքնավար մարզեր ստեղծել, ընդհուպ մինչև ինքնորոշում և անջատում Ռուսական Կայսրությունից:                                                                     

Բոլշևիկյան կուսակցության ղեկավարությունը կազմակերպեց զինված ապստամբություն իշխանությունը զավթելու նպատակով: Մասնակցում էին Բալթյան նավատորմը և զինվորների ու բանվորների զինված միավորումներ, որոնց օգնության եկավ  հածանավ «Ավրորան», որը Նևայի կողմից մոտեցավ Ձմեռային պալատին, որտեղ ընթանում էր Ժամանակավոր կառավարության անդամների նիստը: Նրանք գրավեցին պալատը, ձեռբակալեցին կառավարության անդամներին և հռչակեցին Խորհրդային իշխանություն: Ժամանակավոր կառավարությունը գրեթե ոչ մի դիմադրություն ցույց չտվեց…»:               

Շարունակելի

Ռուսերենից թարգմանեց ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանը                    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter