HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Ջավախյան. «Ուրիշի երկրում չեն ապրում, տնփեսա են լինում»

Հարցազրույց արձակագիր Լևոն Ջավախյանի հետ։

Ես եկել եմ Երևան, բայց Երևանին նայում եմ Թումանյանի աչքերով, այսինքն նայում եմ լոռեցու աչքերով: Ես Երևանի մասին եմ գրում, Երևանի դարդով եմ ապրում, գրեթե ամենաքաղաքային գրողն եմ: Բայց էդ ամենը գրում է լոռեցին: Ես իմ ոտի տակին հող ունեմ, ճիշտ ա էդ հողը էնքան էլ պինդ չէ, խորը ձոր ա, Դեբեդն ա, բայց այնուամենայնիվ  գրողի կայացման համար ամուր հող ա: Լոռու ժողովուրդը ամենաաղքատ, բայց նաև ամենահարուստ ժողովուրդն ա, որովհետև Աստված նրան խոսք է տվել: Ես էդ խոսքի ծնունդն եմ, որը Լոռուց ա գալիս:  

- Չես կարծում, որ քո արտասովոր  անկեղծությունը նաև ծնողներիցդ է գալիս:   

-Ասում ա, թե Վիլյամ Սարոյանը, որ գնացած է եղել Ահնիձոր, Հրանտի հերը` Իգնատը, նախ զարմանում է, որ Սարոյանին տեսնում ա` ճանաչելիս չի լինում: Էս մեր Ղազինյան Ռաֆիկն է պատմում. «Ասում է, էն շապիկ, փոխանով մարդն ով ա»: Սարոյանի  հագին սպիտակ կոստյում, շալվար է լինում: Ռաֆիկն էլ բացատրում է, թե Սարոյանն է, մեծ մարդ ա: Իգնատին Սարոյանը 2-րդ զարմանքն է պատճառում, երբ կենաց է խմում, բաժակը վերցնում և ասում է. «Շնորհակալ եմ, որ էսպիսի մեծ մարդ ծնացած եք»: Իգնատը զարմանում ա, ասում ա. «Մերն ինչ բանի էր, որ ես ծնեի»: Հիմա, իհարկե, հերն ու մերը մեծ  նշանակություն ունեն: Իմ հերը մի քիչ ջինգոզ մարդ էր, կռվարար մարդ էր, բայց մաքուր և ազնիվ մարդ էր: Մի օր իմ ընկերոջս  հետ այգի էիք գնացել ` Ալավերդու կարի ֆաբրիկայի շենքի տեղը այգիներ էին: Դրանց միջով գալիս, պոմիդորէի քաղել, բերել տուն: Հիշում եմ, հերս ասավ էդ ի՞նչ պոմիդոր ա: Ասի` բաղիցն եմ քաղել: Մի հատ լոպոպ պոմիդոր տարավ-բերեց ճակատախառը երեսովս տվեց, սաղ երեսս պոմիդոր մեջ լպանակել էր: Դե հորս բնավորությունը գիտես էլի: Խեղճ մերս էլ, հորս թե. «Քոռ մահը բուգդ մտնի, Ռուբեն»: Հերս էլ բացատրում էր, թե պոմիդորը հենց-նենց չի եղել, դու գողացել ես: Ես էլ չէի ջոկում, բաղ էր, քաղել  էի, գողանալը որն ա:

Իսկ իմ մերը, Ալավերդու հիվանդանոցում մանկական բաժանմունքում բուժքույր էր, բաժանմունքի մի ծերից, որ կլոր, ձագարաձև գլխարկը գլխին դրած գալիս էր, ջանով կնիկ էր, ասում էին` Անիկ փաշեն եկավ: Ես էդ խեղճ ու կրակ, ազնիվ  հոր ու  էդ փաշա կնկա ծնունդն եմ, իսկ նրանք էլ Լոռվա ծնունդն են: Լոռին ինձ համար միայն աշխարհ չի, ծննդավայր չի, Լոռին ինձ համար պաշտամունք ա:

-Պատմվածքներիդ ամենափայփայած կերպարն ո՞վ է։

-Դու էլ գիտես ով ա, իմ մերն ա: Ու ընթերցողն էլ, որ կարդում ա, ասում ա. «Լևոն, որտեղ մորդ մասին ես գրում, էդտեղ շենշող ա, էդտեղ հասնել չկա: Բայց ափսոս, որ քիչ եմ գրել մորս մասին:

-Ո՞նց ես մեր երկրի էս խառն ու տխուր  ժամանակների հետ քայլում:

-Ժամանակը մի մեխ ա ինձ  համար, որից կախված են իմ պատմվածքները: Ես էնենց չեմ, որ սպասեմ խմորվի ժամանակը, հետո պատմվածքի կամ վեպի  վերածվի: Հենց  անմիջապես պետք է արձագանքեմ: Հենց որ իմ ստեղծագործությունները ժամանակի հետ սերտ կապի մեջ են:

«Ոչ թալանին» շարժման ժամանակ գիտե՞ս ինչ  ջոկեցի, որ Հայաստանը հին ա,  ժողովուրդը հին ա, էս ղեկավարությունն էլ կարծես թե նոր ա, բայց հնից հին ա: Հնացել ա: Երիտասարդությունն էլ, որ միտինգներ է անում, զգացի, որ ժամանակն ա սերնդափոխության` ղեկավարությունը պետք ա  ջահելանա: Սրանք թալանից բացի մի բան էլ ա չգիտեն: Չեն կարողանում կառավարեն: Շատ ահավոր վիճակի մեջ ա հայտնվել հանրապետությունը: Երկուսն իրար հետ չեն կարա գնան, որ համ թալանես, համ կառավարես, իրար հետ չի լինում, էլի: Սրանք առաջին գործը լավ են անում, բայց 2-րդը էտենց էլ չսովորեցին:  Ընդդիմությունը ջահելացել ա ու հաղթանակներ են տանում, անհրաժեշտ ա  իշխանությունն էլ ջահելանա:

-Ինչպե՞ս ես վերաբերվում ժամանակակից հայ գրականությանն ու գրողներին: 

-Ինձ համար, այնուամենայնիվ Հրանտ Մաթևոսյանը մեռած գրող չի, Վանո Սիրադեղյանը փախած գրող չի: Ջահելների մեջ  Պաչյան Արամ կա, ով շատ գրագետ տղա է, և էն ինչ ընդդիմության, իշխանության ջահելացման առումով եմ  ասում, գրականության մեջ ինչ-որ տեղ հույս ու ապավեն ա: Կան էդպիսի գրողներ, բայց մեծ մասամբ ոչ գրող կա, ոչ էլ գեղարվեստ կա, էն առումով, որ ընթերցողը վերցնում է  գիրքը կարդա, չի կարում կարդա:

Էլի գանք ողորմածիկ մորս: Էդ գրողները, ով որ երկու տեղ ա գրում, բերում է վերնիսաժում  գիրքը նվիում են, որ կարծիք ասեմ:  Բայց ես չգիտեմ ոնց ազատվեմ էդ  գրողներից: Ոչ էն ա, գիրքը աղբանոցը գցեմ, ոչ էլ էն ա` ձեռիս  պահեմ: Մերս ասավ  գրքեր չունես բի ձմեռը կարդամ: Տարա: Մի օր էլ մի ձմեռ  գնացի, տեսա, մի 5 գիրք առանձնացրել ա, մնացածը հերթով պատռում, վառարանը վառում էր: Ասի,այ կնիկ, էս ինչ ես անում: Ասավ. «Ի~, քար ընկնի սրանց գլխին, նախադասությունը սկսում են. սկզբից մինչև վերջն եմ հասնում, մոռանում եմ, թե սկզբից ինչ էին գրել»: Չեն կարողանում էնենց գրեն, ընթերցվի: Հիմա էս ժամանակներում ես դժվարանում եմ գրել, արտասահմանյան գրականություն եմ կարդում, Ումբերդո Էկո, Կլոդ Սիմոն, Միշել Ուելբեք, զգում եմ, որ ինչքան խեղճ վիճակում ա  հայ  գրականությունը: Շատ խեղճ վիճակում ա:

-Եվ ո՞րն է էդ խեղճության պատճառը:

Մենք շատ մեծ կարծիքի ենք մեր մասին, որպես ազգ, որպես մշակույթ, որպես  գրող: Մենք գերագնահատված ենք` էդ ա պատճառը:

-Արտագաղթի մեղքը ո՞ւմն է:

- Դե իշխանությունը մեղավոր է ու մեղավոր, բայց երկրից գնացողներն էլ  են մեղավոր: Գնացողներին, ես ինչ որ տեղ համեմատում եմ տնփեսի հետ: Մեր  լոռեցիք խոսք ունեն` մալաղոնդի, որ գնում են ուրիշի ունեցվածքի վրա: Ուրիշ պետության ստեղծածի վրա գնում են ապրելու, բա ստի ով պետք է ստեղծի: Չեք կարում ապրեք, սրանց հանեք, դուք եղեք իշխանություն: Դրա համար  ձեր երկիրը թողում եք: Կոբո Աբե ճապոնացի գրող  կա, «Ավազուտների տիրուհին» մի գործ ունի, որտեղ խոսում է մի զույգի մասին, ովքեր ավազների մեջ իրենց տունն են սարքում: Ավազը սահում է, էլի քանդում են,  էլի տունը սարքում  են, էլի սահում է: Բայց իրենց երկիրն ա, իրենց հայրենիքն ա, իրենց սերն ա, էդ տունն ուզում են սարքած լինեն: Սրանք ուզում չեն: Սրանք մեծամասամբ  մալաղոնդի են: Հայի մեջ էդ բնավորությունը կա: Ուրիշի  ունեցվածքի, ուրիշի  էլածի վրա գնան:

- Ստեղծագործական ի՞նչ ծրագրեր ունես առաջիկայում:

- Վերնիսաժում նստած եմ, ասում եմ էսօր առևտուր անեմ, տունս կարողանամ պահեմ, թե էդ առևտրի մեջ էլ մի էպիզոդ լինի, ծեր-ծերի անեմ մի պատմվածք  դուրս գա,  էդ էլ փառք Աստծո: Ես կարճ տարածության պոռթկումով գրող եմ, պուճուր, պուճուր մեկ էլ տեսա իրար գումարվեց պատմվածք դարձավ: Մեծ բաներ ես չեմ կարողանում անել: Մանկությանս տարիներին Ալավերդիում մի տղա  ունեինք, մականունը Բլիթ էր: Հիշում ես: Նա պատմվածքներ էր գրում, իրեն էլ թվում էր աշխարհափրկիչ բան է անում: Ուղարկում էր, որ «Ավագարդ» թերթում տպվի: Պատմվածքի տակն էլ, գրում էր «Ես մեծ գործերի համար եմ գրում»: Թերթի  քննադատական բաժնի վարիչը մեծ բանասեր Արևշատ Ավագյանն էլ պատասխանել էր. «Ի սեր Աստծո, առայժմ բավարարվեք փոքր գործերով»: Հիմա ես էդ փոքր գործերն եմ անում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter