HY RU EN

Տնտեսումների հաշվին ամբուլատորիաների նոր շենքեր են կառուցվել

Տավուշի մարզի Նավուր, Բագրատաշեն և Ոսկեվան, Լոռու մարզի Լեռնապատ, Արարատի մարզի Քաղցրաշեն և Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքներում այս տարվա առաջին եռամսյակում շահագործման են հանձնվել ամբուլատորիաների նորակառույց շենքերը։ Իսկ Տավուշի մարզի Բերդավանի ամբուլատորիան և  Արմավիրի մարզի Մեծամորի ԲԿ-ի պոլիկլինիկական հատվածը վերաբացվել են հիմնանորոգումից և ժամանակակից սարքավորումներով հագեցվելուց հետո։

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նշված հիմնարկությունները կառուցվել ու հիմնանորոգվել են «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման ընթացքում տնտեսված միջոցների հաշվին։

Այդ միջոցները  մարզերի գյուղական համայնքների առողջության առաջնային պահպանման օղակի ենթակառուցվածքների արդիականացմանն են ուղղվել ՀՀ առողջապահության նախարարության և Համաշխարհային բանկի համատեղ որոշումով:

2014-2015թթ. ծրագրում հավելյալ ընդգրկվել են 12 համայնքային ամբուլատորիա և Մեծամորի ԲԿ-ի պոլիկլինիկական հատվածը, որոնց շինարարական աշխատանքները հիմնականում մեկնարկել էին 2014թ. մայիսին:

Այս ամիս կսկսվեն Արագածոտնի մարզի Բյուրական, Լոռու մարզի Ուռուտ, Վայոց ձորի մարզի Շատին, Արարատի մարզի Մխչյան և Լանջազատ համայնքների ամբուլատորիաների նոր շենքերի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2016թ.առաջին եռամսյակում:

Այս աշխատանքների իրականացման համար ներդրվել է 397 մլն ՀՀ դրամ։ Առաջիկայում կներդրվի ևս շուրջ 300 մլն: