HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Կարևորն էն է, որ ես քայլում եմ ու ուղիղ եմ քայլում»

«Ես իմ ոտքի պակասը չեմ զգում: Եթե զգում եմ, մենակ անկողնում եմ զգում: Բայց էնպես ես իրավունք չունեմ ցույց տամ, որ ես խեղճ եմ' չնայած մի քանիսը դա օգտագործում են դրամ հայթայթելու համար: Ես դրա իրավունքը չունեմ: Կարևորն էն է, որ ես քայլում եմ ու ուղիղ եմ քայլում»,- ասում է Լևոն Կարապետյանը:

Պատահում է, որ անծանոթ մարդիկ նույնիսկ փող են առաջարկում նրան: Լևոնը մերժում է այդ մարդկանց, իսկ եթե չեն հասկանում, ստիպված է լինում կոպտել:

Լևոն Կարապետյանը 1991-92 թթ. կամավոր մասնակցել է Արցախյան պատերազմին: Ոտքը կորցրել է Մարտակերտի Մոխրաթաղ գյուղի գրոհի ժամանակ: «Էս հերթական անգամ Ալաշանից իջանք: Մենք խաղում էինք «մկան խաղը». մտնում էինք գյուղ, խփում էինք, հետ էինք գալիս: Թուրքը կատաղած գալիս էր, իջնում էինք, թուրքի հարցերը լուծում էինք, նորից էինք հետ քաշվում»,- պատմում է Լևոնը:

Այդ օրը ազատամարտիկները կալմեջ արեցին ադրբեջանցիների կապի մեքենան, իսկ Լևոնը մտավ մեքենայի կողքի տուն, որտեղ ադրբեջանցիների կապավորն էր մնում: Տան դիմաց ազատամարտիկներից մեկի' Գարիկի տունն էր, որը ադրբեջանցիները շտաբ էին դարձրել: Այդ ժամանակ ազատամարտիկները արդեն նռնակներ էին նետում. Գարիկն ինքն էր ասում, որ պայթեցնեն իր տունը: Ավելի քան 20 ադրբեջանցի շրջափակման մեջ էր ընկել:

Լևոնը տեսավ, որ ազատամարտիկներից մեկը պատուհանի տակ ընկած է: Նա չգիտեր' ազատամարտիկը վիրավո՞ր է, թե՞ ոչ, բայց տեսնում էր, որ թիրախ է. մի ադրբեջանցի նշան է բռնել: Լևոնը կրակեց ադրբեջանցու վրա, որն ընկավ: Մտածեց, թե նա այլևս վտանգավոր չէ և երկրորդ հարկ բարձրացավ: «Ու՞մ մտքով կանցներ, որ ում խփել եմ, քաշել են, ուրիշն է եկել սրա տեղը նստել: Ես գիտեմ' դա արդեն սպանված է, ուրիշ մարդ չկա»,- պատմում է Լևոնը:

Նոր եկած ադրբեջանցին կրակեց: Լևոնի ոտքը վիրավորվեց: Մինչ այդ թիրախ դարձած ազատամարտիկը դուրս եկավ այդտեղից և փրկվեց: «Տղերքը շուտ տարան էն կողմ: Անհաջող տեղ էր ընկած, ամեն պահի թիրախ էր... Տոլիկը եկավ, ինձ դրին տանկի վրա ու դուրս բերին»,- պատմում է Լևոնը: Նրան տարան Ստեփանակերտի հոսպիտալ, մեկ օր հետո' Երևան: «Եթե ոտքս ցավում է, ուրեմն ես գիտեմ, որ մի 2-3 օր հետո կամ անձրև է գալու, կամ կայծակ է լինելու: Արդեն նախօրոք զգում եմ, դարձել եմ բարոմետր»,- ասում է Լևոն Կարապետյանը:

Մինչ Մարտակերտը նա կռվել է Շահումյանում, եղել դիրքի հրամանատարի տեղակալ: Ասում է, որ իր համար ամենածանրը «Կոլցո» օպերացիան էր, երբ ադրբեջանցիներն ու ռուսները տարբեր կողմերից ռմբակոծում էին Շահումյանը:

«Արդեն ռուսական տանկը մտել էր մեր թիկունքը: Էդ ժամանակ ինձ հետ էին Կիրովականի, Ալավերդու տղաները. եկել էին օգնության: Ռուսները մեզ ասում էին' դուրս եկեք, գնացեք: Մենք ասում էինք' չէ: Բայց հետո վերևից արդեն ռուսական օդանավը մեր դիրքերը ռմբակոծում էր»,- հիշում է Լևոնը' հավելելով, որ նույն օրը ազատամարտիկներից Գռադ Ժորան Ասկերանի օդային տարածքում խփել է այդ ռուսական օդանավը:

Լևոնը պատմում է, որ իրենք շահումյանցիներին Գյուլիստանի սարերով տարան Մարտակերտ' Հաթերք: Շատ տարեցներ դաժանաբար սպանվեցին ադրբեջանցիների ու ռուսների ձեռքով, քանի որ դուրս չէին եկել Շահումյանից և մտածել էին, թե «թուրքը մեզ ձեռք չի տա»: Բնակչության նահանջից հետո Շահումյանում շարունակվեց պարտիզանական պայքարը' Շահեն Մեղրյանի գլխավորությամբ:

Լևոն Կարապետյանն ասում է, որ Շահումյանը դավադրաբար ընկավ. ազատամարտիկները չստացան խոստացված 6 տանկը: Լևոնի համոզմամբ' 6 տանկով հնարավոր կլիներ պահել Շահումյանը:

Վիրավորվելուց հետո էլ Լևոնը գնում էր խրամատներ և քաջալերում ու խորհուրդներ տալիս տղաներին: «Կան իսկական կռվողներ, որ ես չէի ուզենա' նրանք զոհվեին: Կան բառադի կռվողներ, ուրիշի շորի տակ պախկվողներ: Իմ ցավը էն իսկական կռվող տղերքն էին, որ օջախից էին դուրս եկել»,- ասում է ազատամարտիկը: Նա մինչև հիմա պահպանում է կապը իր մարտական ընկերների հետ. այցելում են իրար:

Այժմ Լևոնը մենակ է ապրում և զբաղվում իր աշխատություններով, որոնցից մեկը թուրքերի ծագման մասին է, մյուսը' մ.թ.ա. 10-ից 2-րդ հազարամյակներում Հայաստանի տարածքում եղած կրոնների: Ուզում է համակարգել աշխատությունները և գրքույկ հրատարակել:

Լևոնը մասնագիտությամբ շինարար-ինժեներ է, աշխատել է որպես մատակարարման բաժնի պետ, տնօրենի օգնական: Չի աշխատում 93 թ.-ից, թեև շատ է ուզում աշխատել: «Քանի որ կարող եմ աշխատել, ինչի՞ չպիտի աշխատեմ: Աշխատանքներ կան, բայց ընդունող չկա: Պատճառը տարիքային է, մեկ էլ իմ ֆիզիկական վիճակը»,- ասում է նա: Միաժամանակ ազատամարտիկը նշում է, որ երբեք չի «խոնարհվի» անարժան գործատիրոջ առաջ և չի խնդրի, որ իրեն աշխատանք տան:

Լևոնը 60.000 դրամ զինվորական թոշակ է ստանում, որից ավելի քան 10.000-ը ծախսում է տրանսպորտի վրա: «Շարժունակ եմ, այսինքն' մի տեղ հավաքվում են, գնում եմ»,- ասում է նա: Տրանսպորտից օգտվելիս և հարկեր վճարելիս Լևոնն այլևս որևէ զեղչից չի օգտվում. այդ արտոնությունները հանվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք:

Մեկ տարի առաջ պաշտպանության նախարարությունը գումար է հատկացրել Լևոնին, որով բնակարան է գնել: Մինչ այդ նա ապրում էր հայրական տանը, երբեմն էլ' վարձով:

Լևոնն ասում է, որ իրեն մինչև հիմա ուժ են տալիս հոր այս խոսքերը. «Ես ուզում եմ, որ դու պիտանի լինես, անկախ նրանից, թե ինչ պաշտոնի կլինես, ուրիշի ունեցվածքին տիրություն չանես, հնարավորության դեպքում ուրիշին օգնես, թև ու թիկունք լինես»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter