Շանթ Հարությունյանի պատասխանը ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին
Շանթ Հարությունյանը բանտից պատասխանել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի՝ վերջերս հարցազրույցում իր հասցեին արված հայտարարությանը։ Այն նույնությամբ ներկայացնում ենք ստորեւ․
«Շանթ Հարությունյանի պատասխանը ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի անհեթեթ ու զրպարտիչ հայտարարությանը.
Լինելով հացադուլի մեջ՝ բավական ուշացումով ծանոթացա ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի մերկապարանոց հայտարարություններին՝ ուղղված ինձ:
Սովետական բռնապետության չեկիստին հատուկ ոճով հնչեցրած խոսքերը թույլ չեն տալիս ինձ լրջորեն անդրադառնալ այդ հարցազրույցին: Դա արհամարհանքի արժանի հարցազրույց է: Այնտեղ կա և սպառնալիք ու շանտաժ՝ ուղղված լրատվամիջոցներին, և սովետական չեկիստին բնորոշ գործելաոճ. չկարողանալով լուրջ հակաճառել այլախոհին՝ նրան հայտարարել հոգեկան հիվանդ և նման այլ մեթոդներ: Գորիկ Հակոբյանին թվում է, թե երկաթե վարագույրը ԿԳԲ-ի շուրջ դեռ գործում է: Այս թյուր վստահությունը նրա մոտ հիվանդագին է: Այնուամենայնիվ, նշեմ, որ ինքն իրեն հակասել է՝ հայտնվելով անհեթեթ վիճակում: Սկզբում մեղադրում է ինձ, թե իբր ցանկանում եմ իմ անձի շուրջ աղմուկ բարձրացնել: Քիչ անց խոստովանում է, որ 2013 թվականից սկսած դիմումներ եմ գրել: Եթե դա անում էի աղմուկի համար, ապա ինչու այդ դիմումները դեռ 2013 թվականից մամուլում չէի հրապարակում: Հաջորդը. գրում է, որ իբր ես հրաժարվել եմ տեղեկություններ հաղորդել իրենց: Սա կեղծիք է ու սուտ, անազնիվ մարդու վարքագիծ:
![]() |
![]() |
Արդարադատության նախարարը, ՀՀ Ոստիկանապետը ու էլի շատերը լավատեղյակ են, որ իմ դիմումներն ուղղված թե Արզուման Հարությունյանին, թե հենց Գորիկ Հակոբյանին, մնացել են անպատասխան: Այսինքն, Գորիկ Հակոբյանը ոչ միայն անազնիվ ու ստախոս է, այլև ամոթի զգացումից զուրկ, քանի որ ինքը լավ գիտի, որ վերը նշյալ պաշտոնյաները տեղյակ են, որ ինքն անազնիվ հայտարարություն է անում, եւ դա անում է առանց ամաչելու: Այսինքն, շատ պետական պաշտոնյաներ իմացան, որ ՀՀ ԱԱԾ-ը ղեկավարում է ստախոս, անազնիվ ու ամոթի զգացումից զուրկ մեկը: Սրանից ավելի ոչ ոք և ոչինչ չի կարող վարկաբեկել Հայաստանն ու Ազգային անվտանգության ծառայությունը:
Վերջում նշեմ նաև, որ ես գիտակցում եմ սուտ մատնության մեղադրանքը ու պնդում եմ, որ Գորիկ Հակոբյանն ու Արզուման Հարությունյանը հայրենիքի դավաճան են, Ադրբեջանի գործակալներ: Հարգելի ընթերցող, պնդում եմ, որ նրանք չունեն այնքան քաջություն, որ իմ նկատմամբ հարուցեն մեղադրանք, քանի որ դատարանում նրանց դավաճան լինելը կհանրայնացվի: Եթե նրանք չվախենային բացահայտվելուց, վաղուց էին ինձ այդ հոդվածով դատել: Չէ՞ որ նրանք ոչ հումանիստ ու գթասիրտ են, ոչ էլ իմ հորեղբոր որդիները: Նրանք նույնիսկ իմ ու ընկերներիս մեղադրանքը փոխեցին, որպեսզի իմ 14 տարեկան որդուն ենթարկեն հաշվեհարդարի: Այնպես որ, Գորիկ Հակոբյան, հայ հասարակությունը սա լավ հիշում է: Իսկ դուք այնքան վախկոտ եք, որ չեք համարձակվի իմ դեմ սուտ մատնության մեղադրանք ներկայացնել, ինչին ես անհամբեր կսպասեմ: Չեք համարձակվի, որովհետև դուք գիտեք, որ ես տեղյակ եմ Ձեր Ադրբեջանի գործակալ լինելու մասին»:
Շանթ, 01.07.2015 թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել