HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կոտայքի նոր աղբավայրի վարկի պատասխանատուն 7 քաղաքային համայնքներն են

Կոտայքի մարզում եւ Սեւան քաղաքում կոշտ կենցաղային թափոնների կառավարումը բարելավելու նպատակով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԲ) 15 տարի մարման ժամկետով ՀՀ-ին կտրամադրի 8.07 մլ եվրո, որից 3,5 մլն եվրոն վարկ է, 3,5 մլն-ը` դրամաշնորհ, իսկ 1 մլն եվրոն ծրագրի խորհրդատվական վճարը: Վարկային համաձայնագիրը Հայաստանի Կառավարության եւ Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկի միջեւ ստորագրվեց 2014 թ. դեկտեմբերի 19-ին:

Վարկային գումարն ուղղվելու է կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը, թափոնները հավաքող բեռնատարներ, թափոնների համար կոնտեյներներ ու արկղեր ձեռք բերելուն, ինչպես նաեւ նոր աղբավայրի կառուցմանը: Աղբավայրը գտնվելու է Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքից 3 կմ հեռավորության վրա: Աղբահանությունը կազմակերպելու են Կոտայքի մարզի 7 քաղաքային համայնքներում` Աբովյան, Բյուրեղավան, Եղվարդ, Ծաղկաձոր, Հրազդան, Չարենցավան, Սեւան: Նշվածների հետ մեկ աղբավայրից կօգտվի նաեւ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքը, իսկ մնացած հին աղբավայրերի գործունեությունը դադարեցվելու է:

Ծրագրի շահառու 7 քաղաքային համայնքները կհիմնեն ընկերություն, այն կլինի անկախ գործող տնտեսավարող սուբյեկտ, սակայն ծրագրի իրականացման առաջնորդությունը կիրականացնի Հրազդանի քաղաքապետարանը։ Սա նույնպես համաձայնեցված է քաղաքային համայնքների միջեւ։ Ընկերությանն օժանդակություն, մասնագիտական կարողություններ ու խորհրդատվություն կտրամադրի մրցույթով ընտրված խորհրդատուն, որը կլինի միջազգային փորձ ունեցող ընկերություն։

Աղբավայրը նախագծված է 20-25 տարի շահագործելու համար, բայց կարող է մեծացվել, մինչեւ 40 տարվա համար` պայմանավորված աղբի ծավալով: Սկզբում այն կկառուցվի առաջիկա 10 տարվա հաշվարկով: Ծրագրի հաշվարկները կատարվել են 50-60 հազար տոննա աղբի համար, իսկ երբ ծավալները մեծանան`աղբավայրը նույնպես կմեծացնեն: Նոր աղբավայրն անվանում են բաց աղբավայր, բայց իրականում դրանք բաց չեն, որովհետեւ մի կողմից` շահագործվում են, մյուս կողմից` ծածկվում: Աղբավայրն արդեն անցել է նախնական բնապահպանական փորձաքննություն, եւ համաձայնագրով նախատեսված է, որ ծրագիրն սկսելու առաջին 6 ամսվա ընթացքում պետք է միջազգային պահանջներին ու չափորոշիչներին համապատասխան բնապահպանական փորձաքննություն իրականացվի:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը վարկային համաձայնագիրը խորհրդարանականների վավերացմանը ներկայացնելիս հայտնեց, որ ծրագրի երաշխավոր կհանդիսանա ՀՀ կառավարությունը, բայց վարկային միջոցները կտրվեն համայնքներին, եւ նրանք կլինեն պատասխանատուն։ Սա ամրագրված է ծրագրի իրականացման համապատասխան փաստաթղթով, որն արդեն իսկ ստորագրվել է համայնքների ՎԶԲ-ի եւ ՀՀ կառավարության միջեւ։ Վարկը համայնքների միջեւ բաշխվելու է ըստ համայնքներում հաշվառված բնակչության թվի: Թվերը կճշգրտվեն ենթավարկային համաձայնագրերի կնքման ընթացքում, կախված նրանից, թե ինչքան տեխնիկա կտրամադրվի այդ համայնքներին:

Խորհրդարանականների մտահոգությունն այն էր, որ քաղաքային համայնքները, որոնց բյուջեի 75%-ը պետական բյուջեից է տրվում` չեն կարող վարկառու լինել: Ի՞նչ է լինելու, եթե համայնքը 15 տարի հետո չկարողանա վերադարձնել վարկը:

«Այնուամենայնիվ, համայնքներն ինչ-որ պահից պիտի դառնան ֆինանսական շուկայի մասնակիցներ եւ հասու լինեն վարկերին։ Մեր օրենսդրությունը, գոնե իրավական առումով, այդ հնարավորությունը տալիս է համայնքներին։ Համենայնդեպս, մեր հաշվարկներով եւ համայնքների հետ կատարված աշխատանքով, նրանք պատրաստ են վարկ վերցնելուն։ Հաշվարկներն էլ ցույց են տալիս, որ կկարողանան»,- պատասխանեց պրն Տերտերյանը։

Աղբը կտեսակավորվի, բայց չի վերամշակվի

Չնայած հայտարարություններին, որ աղբը շահեկան բիզնես է, այնուամենայնիվ, Հայաստանում դեռեւս այն չի վերամշակվում: Որքան էլ շատ աղբավայրեր կառուցվեն, որքան էլ կոնտեյներներ, աղբամաններ, արկղեր, մեքենաներ ձեռք բերվեն, միեւնույն է, կարեւորագույն խնդիրը մնում է աղբի վերամշակման հարցը:

«Վերամշակմանը դեռեւս պատրաստ չենք, որովհետեւ հաշվարկները ցույց են տալիս, որ այս պահին կարող ենք խոսել միայն 4 տոննա տեսակավորված աղբի մասին, ինչը բոլորովին չի մոտիվացնում խոշոր ներդրումը աղբի վերամշակման համար։ Բայց հետագայում, ծավալների աճի պարագայում, չի բացառվում, որ հնարավոր կդառնա աղբահավաքությունը: Տեսակավորումը կիմաստավորվի միայն վերամշակելու պարագայում»,- հայտնեց պրն Տերտերյանը։

Փոխնախարարի ասելով` խոսքը մինչեւ 100 տոննա աղբի մասին է, հիմա ունենք մինչեւ 80 տոննա: Տարեկան որոշակի աճի դինամիկա նախատեսելու պարագայում առաջիկա 10-15 տարիներին ծավալը կհասնի տարեկան 100 հազար տոննայի, ինչը բավարար չէ վերամշակումը տնտեսապես հիմնավորված դարձնելու համար։ Մասնագիտական գնահատումով` դրա համար անհրաժեշտ է նվազագույնը մինչեւ 300 հազար տոննա աղբ, որպեսզի վերամշակումը լինի տնտեսապես հիմնավորված եւ շահեկան։ Վերամշակում կիրականացվի մեծ ծավալի դեպքում, իսկ եթե աղբը տեսակավորում ես, բնականաբար, այդ ծավալը չի առաջանում: Որոշակի լավատեսական սցենարի դեպքում, ասենք` 0,5% տարեկան աճ, բնակչության 0.25% աճ եւ 0,5% արտադրական թափոնների դեպքում 2035 թ.-ին 50-60 հազարի դիմաց կունենանք շուրջ 150 հազար տոննա աղբ: Այս հաշվարկի մեջ ներառված է նաեւ շուրջ 60 գյուղական համայնքներում ձեւավորվող աղբի ծավալը, եւ այդ համայնքների աղբը նույնպես փոխադրվելու է նոր կառուցվող աղբավայր:

Պրն Տերտերյանը տեղեկացրեց նաեւ, որ վերամշակման համար անհրաժեշտ տեսակավորման առաջին քայլերն այս ծրագրում նախատեսված են, այսինքն` կոնտեյներներ լինելու են տեսակավորված աղբի հավաքման համար: Բնակիչը, եթե աղբը  տեսակավորված տեղադրի` արդեն տեսակավորված աղբը վերամշակելու երաշխիք կա: Իհարկե, դա մեծ ծավալ չի կազմելու, որովհետեւ նույնիսկ ամբողջական գնահատման պարագայում տարեկան 4 հազար տոննա է, որը տնտեսապես շահավետ չէ, բայց ավանդույթ կարող է ձեւավորել:

Աղբի հավաքման ժամանակ տեսակավորման պարզագույն մեխանիզմներ են նախատեսվել. հավաքման կետում տեսակավորում` բնակիչն արդեն իսկ աղբը առանձնացված կհավաքի կամ կոնտեյների մոտ տեսակավորում։ Տեսակավորված աղբի վերամշակումը ենթադրում է, որ կիրականացվի ծրագրից դուրս, որովհետեւ կան ձեռնարկություններ, անհատներ, որոնք արդեն իսկ ընդունում են ապակին, պոլիէթիլային հումքը:

Բնակչությունը որքա՞ն պետք է վճարի, ելնելով իր գնողունակությունից, հարցին պրն Տերտերյանը հայտնեց, որ մեր տիպի տնտեսության պարագայում դա մինչեւ 450 դրամն է, սակայն դա ընդունելի չէ` հաշվի առնելով սոցիալական ազդեցությունը եւ այլն: Նշեց, որ ծրագրով առաջիկա 5-7 տարիներին սակագնային քաղաքականությունը չի փոփոխվելու, այլ կոմպենսացնելու ենք, որոշակի խնայողական շահագործման ռեժիմով, նաեւ, եթե կարիքը լինի, համայնքային ներդրումների հաշվին: Այդ պարագայում  սոցիալական ազդեցությունը դրական են գնահատում, որովհետեւ կլավանա քաղաքային համայնքների միջավայրը, կբարելավի աղբահանությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter