Սեւանի Նալբանդյան 36 շենքի 1-ին մուտքի բնակիչները վախենում են քնել
Արփինե Մինասյան
Սեւանի Նալբանդյան 36 բազմաբնակարան շենքի 1-ին մուտքի բնակիչներն անորոշության ու անհանգստության մեջ են: Շենքի պատերն ու առաստաղը միմյանցից առանձնանում են, եւ մեծ ճաքեր են առաջանում: Բնակիչների խոսքով՝ շենքում ապրելը վտանգավոր է: Դեռ 2008 թ.-ից նույն հասցեի 1-ին եւ 2-րդ մուտքերի բնակիչները բողոքել են շենքի վթարայնության եւ սեյսմակայունության համար:
ՀՀ կառավարության 2012 թ. նոյեմբերի 22-ի 1520-Ա որոշմամբ՝ Նալբանդյան 36 հասցեի 2-րդ մուտքի բնակիչներին նոր բնակարաններ ձեռք բերելու համար տրամադրվել է 57 մլն 300 հազար դրամ` հիմք ընդունելով 2002 թվականի մայիսի 30-ի «Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին վնասի փոխհատուցման` բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծման մասին» N 845-Ն որոշումը, որն էլ հարուցել էր բնակիչների զարմանքը: Ինչպես է պատահել, որ շենքը ռմբակոծվել է, իսկ իրենք, շենքի շահագործման պահից այդտեղ ապրելով, տեղյակ չեն եղել: Ինչեւէ, 2-րդ մուտքի բնակիչների հարցը լուծվեց, այնինչ 1-ին մուտքի բնակիչները դեռ սպասման մեջ են:
«Մի երկու տարի առաջ, կողքի մուտքի բնակիչներին փոխհատուցեցին, նրանք իրենց բնակարանները գնեցին, իսկ մենք մնացինք: Որ տարբեր գերատեսչություններից էն ժամանակ եկան, շենքը տեսան, ասացին, որ մեր մուտքին վտանգ չի սպառնում: Բայց 2-րդ մուտքը կքանդեն, միջնապատը կվերանորոգեն, որ մեր մուտքը չվտանգվի: Արդեն երկու տարի անցելա, դա էլ չեն անում: Մի մեքենա երբ անցնում է, ամբողջ շենքը ցնցվում է: Եթե էդ դեպքում է շենքը ցնցվում, պատկերացնում ենք, եթե մի լուրջ աղետ լինի: Ինչքան կարանք վախով ապրենք»,- ասում է Լեյլի Հակոբյանը:
4 հարկանի շենքի 1-ին մուտքում բնակվում է 7 ընտանիք:
«2-րդ մուտքի բնակիչների հետ հավասար մենք էլ ենք բողոքել: Շենքը վաղուց է վթարային: Տանիքը մեր ուժերով վերանորոգեցինք: Բայց ոչ մի օգուտ, անձրեւաջրերը մինչեւ առաջին հարկ լցվում են: Պանելները քիչ-քիչ իջնում են: Մեր 4-րդ հարկն ավելի վատ վիճակում է, քան մյուս մուտքինը»,- առաստաղի անցքերն է ցույց տալիս Ռուզաննա Պետրոսյանը:
Բնակիչների խոսքով՝ շենքի տակով ջուր է հոսում, ինչի պատճառով շենքը նաեւ նստվածք է տալիս: Պատմում են, որ ջուրը նկուղից հաճախակի լցվում է առաջին հարկ` շենքում գարշահոտություն տարածելով:
«Ուզում եմ տունս նորմալ վերանորոգեմ, պատուհանները փոխեմ, մարդավարի ապրեմ, բայց ինչքանո՞վ հույս ունեմ, որ մի տարի հետո չեն ասի` շենքից դուրս եկեք: Մեր պահանջն է` կամ թող մեր մուտքը հիմնանորոգեն, ամրացնեն, կամ մյուսների պես գումարով ապահովեն, նոր բնակարաններ ձեռք բերենք»,- ասում է Լեյլի Հակոբյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել