
Վրաստանը փորձում է պետական լեզվի մասին օրենք ընդունել` առանց վավերացնելու Եվրախորհրդի առջև վերցրած պարտականությունները
Վրաստանի մշակույթի և կրթության հարցերով խորհրդարանական կոմիտեն հուլիսի 9-ին սկսել է «պետական լեզվի մասին» օրինագծի քննարկումը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի հայ համայնքը` հավելելով, որ տվյալ օրինագծի հերթական տարբերակը երկրի խորհրդարանը քննարկել էր դեռևս հուլիսի 8-ին:
Օրինագծի տեքստի նոր տարբերակի համաձայն` ծրագրվում է ուրվագծել վրացերենի կարգավիճակը, ինչպես նաև ստեղծել վրացերենի՝ որպես Վրաստանի պետական լեզվի պաշտպանության օրենսդրական երաշխիքները:
Օրինագիծը նաև պարտավորեցնում է Վրաստանի կազմում մտնող բոլոր վարչական միավորներին վրացերենն օգտագործել որպես միակ աշխատանքային լեզու: Օրինագծում նաև նշված է, որ այն անձինք (ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական), որոնք կխախտեն ապագա օրենքի կետերից որևէ մեկը, կկրեն վարչական պատիժ տուգանքի տեսքով:
Վրաստանի հայ համայնքը հիշեցնում է, որ խորհրդարանը արդեն չորրորդ անգամ է փորձում «պետական լեզվի մասին» օրենք ընդունել:
«Միաժամանակ Խորհրդարանն այդպես էլ չի սկսել «Տարածաշրջանային լեզուների և փոքրամասնությունների լեզուների մասին եվրոպական խարտիայի» ռատիֆիկացման գործընթացը, որի ընդունումը Վրաստանից պահանջում են երկրի կողմից Եվրախորհրդի առջև վերցրած պարտականությունները»,- գրված է համայնքի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել