
Ֆիլոքսերիայով վարակված խաղողի տնկիները սահմանից հետ են ուղարկել
Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող խաղողի արմատակալների (տնկիների) մեկ խմբաքանակ` 6000 հատ, սահմանից հետ է ուղարկվել: Այս մասին տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
Ծառայության պաշտոնական հաղորդագրության համաձայն` սահմանային հսկողության շրջանակներում կատարված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ արմատակալները վարակված են ֆիլոքսերայով, տնկիների վրա միաժամանակ հայտնաբերվել են տզեր, թրիփսներ և երկու տարբեր տեսակի նեմատոդներ: Ուղեկցող փաստաթղթերում նշված է եղել, որ արմատակալները աճեցվել են ֆիլոքսերայից զերծ գոտում, և դրանցում բացակայում են ցանկացած տեսակի վնասակար օրգանիզմներ:
«Հաշվի առնելով, որ բեռի կարանտին բուսասանիտարական վիճակը չի համապատասխանում ինչպես ուղեկցող փաստաթղթերում նշված տեղեկատվությանը, այնպես էլ ՀՀ տարածք ներմուծվող կարանտին բուսասանիտարական պահանջներին` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է նշված բեռի ներմուծումը»,- տեղեկացնում ՍԱՊԾ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել