HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրությունները, կադրերը և կոտրած տաշտակը

Կայացած ժողովրդավարական երկրներում ընտրական շրջանում իշխանական համակարգում պաշտոնանկություններ, կադրային փոխատեղումներ, որպես կանոն, տեղի են ունենում ընտրություններից հետո: Եթե մինչև ընտրական շրջանը իշխող քաղաքական ուժը, նրա ղեկավարը չեն «դիպել» բարձրաստիճան պաշտոնյաներին, ուրեմն գոհ են նրանց աշխատանքից, և որևէ պատճառ չկա ընտրություններից առաջ փոխել կադրերին:

Նման երկրներում հիմնականում ընտրությունների արդյունքով է որոշվում հաղթած քաղաքական ուժի կադրային քաղաքականությունը: Տրամաբանությունն այն է, որ ընտրողն է գնահատական տվողը թե ընդհանուր առմամբ իշխող քաղաքական ուժին, թե մասնավորաբար այդ ուժի կադրերին:

Ժողովրդավարական պետություններում ընտրություններից առաջ կադրային շարժի առումով ընդունված է բարձրաստիճան պետական պաշտոնյաների հրաժարականների պրակտիկան, այն էլ այն դեպքում, երբ կոնկրետ պաշտոնյան անձնապես ակտիվորեն ներգրավվելու է նախընտրական պայքարում: Հասկանալի է, որ այդ ավանդույթն ընդունված է, որպեսզի պետական դիրքը, պաշտոնը չօգտագործվեն ընտրություններում անհավասար պայմաններ ստեղծելու համար:

Այլ է իրավիճակը ժողովրդավարությամբ «չփայլող» երկրներում, ինչպիսին, օրինակ, Հայաստանն է, ուր վերոնշյալի ուղիղ հակառակ պատկերն է: Այժմ Հայաստանում տեղի են ունենում ինչպես կադրային փոխատեղումներ, այնպես էլ պաշտոնանկություններ և այնպիսի հրաժարականներ, որոնք պայմանավորված չեն պետական դիրքը ընտրապայքարում չօգտագործելու նկատառումով:

Փաստորեն, իշխանությունները նախընտրական շրջանում են «ընտրություններ» իրականացնում՝ այդ շրջանում էլ կուլիսային պայքարի արդյունքում ձևավորելով այն թիմը, որը և ընտրություններից հետո պետք է գտնվի երկրի ղեկին: Այսինքն՝ իշխանությունները ընտրությունները դիտարկում են որպես նախօրոք ձևավորված իշխանական թիմի ֆորմալ ամրագրման, այլ ոչ թե իշխանությունների ձևավորման մեխանիզմ: Իշխանություններն այդ գործելակերպով նաև հասարակության գիտակցության մեջ ամրագրում են, որ ընտրություններն արդեն կատարված են:

Հիշյալ տրամաբանության մեջ միանգամայն տեղավորվում է Տիգրան Սարգսյանի վերջերս արած հայտարարությունը, թե ով չհամագործակցի ՀՀԿ-ի հետ, կմնա «կոտրած տաշտակի» առջև: Այսինքն՝ ասել կուզեն, որ ոչ թե ժողովուրդն իր ընտրությամբ, այլ արդեն «ընտրություններ» իրականացրած ՀՀԿ-ն է որոշում, թե որ քաղաքական ուժը ինչ դիրք է ունենալու քաղաքական դաշտում:

Այստեղ իրենց տրամաբանությամբ, թվում է, առանձնանում են Հովիկ Աբրահամյանի և Միքայել Մինասյանի հրաժարականները, քանզի առաջինը պատրաստվում է ստանձնել ՀՀԿ շտաբի ղեկավարի պաշտոնը, իսկ երկրորդը՝ նրա տեղակալի, ինչը կարող են բացատրել պաշտոնական դիրքը նախընտրական քարոզչության ժամանակ հօգուտ ՀՀԿ-ի չօգտագործելու նկատառումներով: Սակայն այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ:

ԱԺ արդեն նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հիմնավորելով իր հրաժարականի պատճառները, մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Դրանց թվում հատկանշական է ընտրություններին վերաբերող մի դիտարկում:

Խոսելով այն պատճառների մասին, որոնցով կարևորվում է ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարումը՝ նա, ի թիվս այլոց, նշել է, որ Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է, որ 2012թ. ընտրությունները լինեն արդար, թափանցիկ և ազնիվ: «Սա մեզ համար քննություն է, քանի որ մենք՝ և նախագահը, և բոլորս բազմաթիվ առիթներով ասել ենք, որ մեր գերակա խնդիրն է եվրոպական ընտանիքում ինտեգրվելը»:

Մի կողմ թողնենք այն, որ փաստացի հայտարարվում է, թե արդար, թափանցիկ, ազնիվ ընտրություններն իշխանություններին անհրաժեշտ են եվրոպական ընտանիքում ինտեգրվելու, այլ ոչ թե ժողովրդի իշխանությունն ապահովելու համար: Մի կողմ դնենք նաև այն հարցը, թե որքանով են անկեղծ իշխանություններն այս հարցում:

Ասվածից պարզվում է, որ Հովիկ Աբրահամյանը՝ որպես ՀՀԿ շտաբի պետ, պատրաստվում է զբաղվել այնպիսի մի աշխատանքով, որը չի մտնում և չի կարող մտնել շտաբի պետի լիազորությունների մեջ: Խոսքն ազատ ու արդար ընտրություններ ապահովելու մասին է, որոնց պատշաճ կազմակերպման պատասխանատուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, իսկ ընդհանուր առմամբ՝ դա ի պաշտոնե երկրի գլուխը հանդիսացող հանրապետության նախագահի պարտականությունն է, քանզի նա է ՀՀ սահմանադրության երաշխավորը: Ցանկացած կուսակցության նախընտրական շտաբի պետ լիազորված է զբաղվելու իր կուսակցության նախընտրական արշավի կազմակերպմամբ ու համակարգմամբ, ոչ ավելին:

Ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի խոսնակի պաշտոնից հրաժարվել է, որպեսզի ստանձնի գոյություն չունեցող, բայց փաստացի ստեղծվող ոչ ֆորմալ և, առնվազն, Սահմանադրության ոգուն անհամապատասխան պետական պաշտոն:

Եվ այս հանգամանքը բավարար է, որ սույն հրաժարականը նույնպես դասվի նախընտրական շրջանում վաղօրոք իշխանական թիմ ձևավորելու տրամաբանության շրջանակում: Պարզապես միակ տարբերությունն այն է, որ Աբրահամյանը չի զբաղեցնելու ֆորմալ պետական պաշտոն, և ընտրությունների արդյունքներով է մեծապես պայմանավորվելու Հովիկ Աբրահամյանի ապագա պաշտոնի հարցը:

Ինչ վերաբերվում է Միքայել Մինասյանին, ապա վերջինս news.am-ին տված հարցազրույցում իր հրաժարականը հիմնականում պայմանավորել է Աբրահամյանի նշած հանգամանքներով, այսինքն՝ այստեղ ևս նույն պատմությունն է: Մնում է ենթադրել, թե որն է այս ամենի տրամաբանությունը:

Այն պնդումները, թե շտաբի ղեկավարությունը պետք է աշխատի ազատ և արդար ընտրություններ ապահովելու ուղղությամբ, հաստատում են, որ ընտրական գործընթացը խափանող ֆորմալ և ոչ ֆորմալ ռեսուրսը հենց հանրապետականի ու նրան աջակցողների ներսում է, այլապես ում հետ են աշխատանք կատարելու Աբրահամյանն ու Մինասյանը ընտրությունները «մաքուր» անցկացնելու գործի ընթացքում:

Կարող ենք ենթադրել, որ նրանք, աշխատելով այդ ռեսուրսի հետ, փորձելու են անել հնարավորը, որ իշխանությունների համար անհրաժեշտ արդյունքն ապահովվի՝ առանց աչք ծագող կոպիտ խախտումների, այսինքն՝ փորձելու են «հարվածել» «аккуратно, но сильно»:

Էդգար Վարդանյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter