
Տիեզերական տանկերի տիրակալն ու ջարդված ալյումինե գդալներ հավաքողը
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Այս 4 պատի մեջ հայտնվելուն պես մշտապես փորձել եմ վերադառնալ Ողջերի աշխարհ: Հասկանում էի, որ պետք է դուրս գամ, անգամ եթե եղունգներով կամ ատամներով պետք լինի պատերը քերել:
Սակայն մահապատժի տարիներին ձայնս 4 պատից ու հարյուր կողպեքից այն կողմ չէր անցնում: Հասարակ նամակ ուղարկելը կամ ստանալը շքեղություն էր: Ոտավորներին մեծ գումարներ տալով` հարազատներս կարողանում էին փոքր թղթի կտորներ` բանտային լեզվով ասած` քսիֆներ ներս մտցնել, որտեղ մանր տառերով գրվում էր ամենակարևորի մասին:
Կարդում էի ու վառում, ոչնչացնելով ապացույցները: Տարիներով մարդկանց երես չէինք տեսնում: Փակուղի էր… այլ ելք չկար: Լսելի չդառնալն ու փակուղային իրավիճակն է եղել իմ ու Սողոմոն Քոչարյանի երկու փախուստների պատճառը: Փախուստների մասին պատմել եմ, բայց չեմ պատմել իմ փախուստի փորձի մասին, որի համար ինձ դատապարտեցին 6 ամսվա ազատազրկման:
Եվ այսպես, երբ Գորիսի բանտից կատարած փախուստից 11 օր անց` 2004 թ.-ի դեկտեմբերի վերջին ինձ ձերբակալեցին, տեղափոխեցին «Նուբարաշեն» կլոր բանտը, գցեցին մի խուց, որտեղ երեք ցմահ բանտարկյալ կար: Սկսվեց հարցուփորձը: Մեկ էլ նրանցից մեկը, թե.
- Գիտե՞ս, ես շատ մեծ բանակ ունեմ, միլիոն հատ տիեզերական տանկ ունեմ: Էդ բանակի գեներալի սիմուսն եմ:
Անմիջապես ինձ առաջարկեց դիվիզիաներից մեկի հրամանատարի պաշտոնը: Ես համեստորեն հրաժարվեցի:
Մյուս խցակիցս այդ պահին սկսեց ցույց տալ թեյի ու ճաշի ալյումինե գդալների իր հավաքածուն: Դրանք կոտրված պոչերով գդալներ էին: Ասաց, որ ամեն օր բանտի աշխատողներից պահանջում է նոր գդալներ, բայց իրեն չեն տալիս: Միայն գդալի կլորավուն մասերն էին մնացել, մատները վառելով թեյը խառնում էր ու խոսում հետս:
Երրորդն էլ արագ-արագ պատմեց իր երազանքի մասին: Նա ուզում էր հայտնվել Չինաստանում, որտեղ Շաուլինի մենաստանում վարպետների մոտ ուշու կսովորեր:
Հասկացա, որ այստեղ չեմ կարող երկար մնալ: Արագ նստեցի ու դիմում գրեցի, որ ինձ այլ խուց տանեն կամ մենակ պահեն: Տեսնեմ` իրենք էլ սկսեցին գրել.
- Դու շառ ու փորձանք ես, անընդհատ ուզում ես փախնես, թող տանեն քեզ,- ասաց «գեներալի սիմուսը»:
Բայց ինձ չտարան...
Նրանք զբոսանքի դուրս չէին գալիս: Իսկ ես հաջորդ օրը բարձրացա զբոսախուց ու հրաժարվեցի իջնել ներքև: Պահանջեցի, որ ինձ մենակ պահեն կամ տեղափոխեն այլ խուց: Հավաքվեց բանտի մոտ 15 աշխատակից, ոտքերիցս ու ձեռքերիցս բռնած օդ բարձրացրեցին և ուղիղ նույն խուցն իջեցրին:
Հաջորդ օրը նորից զբոսանքի գնացի, քայլում էի վանդակում հայտնված միայնակ կենդանու պես: Հանկարծ զբոսախցի ճաղերի արանքում նկատեցի մի երկար մետաղական ձող: Ուրախացա, կարծես գանձ էի գտել, փրկության բանալի: Աղբարկղը դրեցի ոտքերիս տակ, ձեռքս երկարացրեցի. մի քանի րոպե անց ձողն ինձ մոտ էր: Բայց խուց իջեցնելը խնդիր էր: Ձողը կապեցի պարանոցիս, մի մասն էլ իջեցրի մեջքիս վրա: Հագա տաք կուրտկաս, կոճկեցի մինչև վերջ, որ ոչինչ նկատելի չլինի: Ձողը խեղդում էր, ահագին ծանր էր, բայց մի կերպ շունչս պահած, որ ոչինչ չնկատվի, իջա խուց: Դուռը հետևիցս փակվեց: Պիտի թաքստոց փնտրեի ձողի համար, իսկ դա երեք խցակիցներիցս գաղտնի չէի կարող անել: «Գեներալի սիմուսը» գլխի ընկավ, որ մի բան այն չէ.
- Մհե՛ր, պատերազմի՞ ես պատրաստվում:
- Հա՛, հա՛, բայց հանգիստ, քո դեմ չեմ կռվելու, իմ կռիվն ուրիշ ա,- պատասխանեցի:
Նա խորհրդավոր հեռացավ, լուրջ-լուրջ կռացավ, համարյա մտավ նառի տակ ու հանեց մի սուր բիզ, այն հանդիսավորությամբ հանձնեց ինձ.
- Էս էլ իմ զենքն ա… եթե պետք լինի քո կողքը կլինեմ տիեզերական պատերազմի ժամանակ:
Շունչս տեղն ընկավ, որ գոնե չի խանգարի: Երկար ժամանակ բացատրում էի, որ մենք տիեզերքում չենք, այլ Երկիր մոլորակի վրա, որ մենք բոլորս բանտում ենք, որտեղ մարդկանց ողջ-ողջ թաղում են քարե դագաղների մեջ, որ ես ուզում եմ պատերը քանդել ու դուրս գալ: Լուռ լսում էր, հետո կարծես կերպարանափոխվեց: Ասաց, որ լավ չի տեսնում մարդկանց ու առարկաները, քանի որ տիեզերական մթության մեջ է: Տարիների խավարը` առանց արևի լույսի, իր մութ գործն արել էր:
- Մութ ա, ո՞նց օգնեմ քեզ,- մի տեսակ խեղճացած արդարացավ տիեզերական տանկերի տիրակալը:
Մյուս երկուսին համոզելն էր դժվար: Մեկին ասացի, որ ազատության մեջ շատ ալյումինե գդալներ կան, երրորդին էլ ասացի, որ Չինաստան գնալու համար նախ պիտի բանտից դուրս գալ...
Գործել սկսեցի ուրբաթ օրը, քանի որ նախկինում շաբաթ-կիրակի օրերին ցմահ բանտարկյալների խցերի դռները չէին բացվում: Միայն առավոտյան վոլչոկից էին մեզ նայում: Պիտի մոտենայինք ու ներկայանայինք: Երեք օր ունեի պատը քանդելու համար:
Պատերի մեջ ձողով ու «գեներալ սիմուսի» «նվիրած» բիզով անցքեր բացեցի, շշերով ջրեր սկսեցի լցնել, որ թուլացնեմ այն...
Իսկ թե ինչ եղավ հետո, անպայման կպատմեմ իմ մյուս նամակներում:
Մեկնաբանել