HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես եմ մեդիան». ուսանողները գրում են մեդիայի մասին

Հուլիսի 10-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում ամփոփվեց «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթը: Այն նպատակ ուներ ուսանողներին առիթ տալ մտածելու լրատվամիջոցների աշխատանքի, ավելի լայն՝ իրենց շրջապատող մեդիայի, դրա ազդեցության ու դերի մասին, ներկայացնելու անձնական պատմություններ, թե ինչպես է մեդիան օգնել կամ հակառակը` մոլորության մեջ գցել իրենց, բարձրաձայնելու, թե ինչպիսին կուզեին տեսնել լրատվությունն ու լրատվամիջոցները:

Մրցույթի հայտերն ընդունվել են նախապես հայտարարված հինգ  թեմաներով՝ «Ի՞նչ կփոխեի ես հայաստանյան մեդիայում», «Լրագրողը եւ հասարակությունը», «Ի՞նչ կարծրատիպեր է ստեղծում մեդիան», «Ինչու՞ եմ/չեմ վստահում լրատվամիջոցներին», «Ես եմ մեդիան»: 

Մրցույթին ներկայացվել է 14 հայտ:  Lրագրողներից ու դասախոսներից կազմված ժյուրիի որոշմամբ, մրցանակներ են շնորհվել չորս լավագույն աշխատանքների հեղինակներին․

  • 1-ին մրցանակին է արժանացել Սյունե Սեւադան (ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ),
  • 2-րդ տեղին՝ Ազատուհի Խաչատրյանը (ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ),
  • 3-րդ տեղը կիսում են Ամալիյա Խաչատրյանը (ԵՊԼՀ Միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետ) եւ Լիլիթ Հովհաննիսյանը (Հայաստանի ամերիկյան համալսարանի Անգլերեն եւ հաղորդակցություն ֆակուլտետ):
  • Ժյուրին որոշեց խրախուսել նաեւ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Ռուբինա Դավթյանին, ով իր նյութում անդրադարձել է գիտական լրագրության խնդիրներին:

Ամալիյա Խաչատրյանի աշխատանքը լրագրողների մասին հասարակության ունեցած կարծրատիպերի թեմայով է, իսկ Լիլիթ Հովհաննիսյանինը, որն ի դեպ միակ ներկայացված տեսանյութն է, փորձում է  ցույց տալ, թե ինչպես մեկնաբանությունը, երաժշտությունը եւ դիտանկյունը կարող են ազդել ասելիքի վրա:

Ազատուհի Խաչատրյանը պատմում է մարդու առօրյայի եւ սովորույթների փոխակերպումների մասին՝ «...երևի մեր կյանքի մեդիան է փոխվել, փոխարինվել է «Սասնա ծռերի» բանավոր պատումը` դրա մասին պատմող էկրանավորված  մուտլֆիլմով: Լավ է, թե վատ, բայց ժամանակի պահանջն է»:

Սյունե Սեւանդայի՝ լավագույնը ճանաչված նյութը երիտասարդ լրագրողի փնտրտուքների ու որոնումների մասին է․ «Եթե ինձ հենց հիմա «չըխկացնեն», կլինեմ լուսանկար: Եթե տեսախցիկի առաջ բլբլացնեն՝ կլինեմ ռեպորտաժ, հարցերին գրավոր պատասխանեմ՝ ամսագրային հարցազրույց: …. համոզվեցի. ես եմ մեդիան, որովհետև կրողն ու փոխանցողն եմ՝ միաժամանակ»:

Մրցույթը կազմակերպվել է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը եւ Ինտերնյուսը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։  

Մրցույթին ֆինանսական աջակցություն են ցուցաբերել նաեւ «Օրանժ» եւ «Յուքոմ» ընկերությունները: Նախաձեռնությանը սատարել է նաեւ Բարքեմփ Երեւանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter