HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. Ցվետաեւայի նվերը` Իսահակյանին

Աննա Բաբաջանյան

Ավետիք Իսահակյանն ու Մարինա Ցվետաեւան հաճախ են հանդիպել: Այդ  են վկայում բանաստեղծուհու դստեր` Արիադնա Էֆրոնի հուշերը: Իսահակյանը, հետապնդվելով Ցարական գաղտնի ոստիկանության կողմից, 1911-ին տարագրվեց արտասահման: Նա տեւական ժամանակ ապրեց արտերկրի մի շարք երկրներում, այդ թվում` Ֆրանսիայում` Փարիզում: Այդ տարիներին այնտեղ բնակվում էին ռուս նշանավոր գրող-էմիգրանտներ,  նրանց թվում նաեւ` Ցվետաեւան: Վարպետը եւ նա ծանոթացել են  1932-ի աշնանը: Նրանք երկուսն էլ, լինելով տարագիր, հայրենիքից հեռու, կարծես ձգում էին մեկմեկու:

Իսահակյանի տուն-թանգարանում պահվող մի նմուշ եկել-հասել է մեզ երկու բախտակից պոետների  հանդիպումներից` որպես  Ցվետաեւայի` վարպետի նկատմամբ տածած  ջերմ զգացմունքների վկա: 

«Որքա՜ն գեղեցիկ էին նրանք երկուսն էլ. Իսահակյանը` լսելիս, Ցվետաեւան` կարդալիս, եւ որքա՜ն նման էին նրանք իրենց կերպարների ամբողջականության մեջ: Իսահակյանի`  կովկասցու հիասքանչ մեծ գլուխը՝ հսկայական արծվաքթով, հայացքը՝ թաքնված ծերացող, ծանր ու գորշագույն կոպերի տակ, նրա թուխ գունատությունը, ուժեղ ողնաշարն ու ուսերը՝ պարկանման կորացած բաճկոնի տակ, ափերի պնդությունն ու մատների ջղաձգությունը, և նրա ամբողջ տեսքի դարավոր հոգնածությունը: Եվ Ցվետաեւայի  դեռ տղայական, դեռեւս բարձր պահվող գլուխը, ճերմակող կարճ, թեթեւ վարսերով, նրբին, ճշգրիտ կեռքիթ պրոֆիլով, հստակ բերանով, եւ նրա գունատությունը, ինչպես լուսնի լույսի տակ, եւ աչքերի անսպասելի կկոցումը, օ՜, ինչպես էր նա անզեն եւ ինչպես էր զինաթափում, նայելով ուրիշների աչքերի մեջ: Եվ նրա` կենցաղից մեկընդմիշտ կոշտացած ձեռքերը, անփոխարինելի արծաթագույն մատանիով, եւ նրա եգիպտական ​​վեհությունը»,- կարդում ենք Արիադնա Էֆրոնի հուշերում:

Մենք հանդիպում ենք տողերի, որոնք պատմում են, թե ինչպես է  Ցվետաեւան հավաքվածներին հիացրել իր բանաստեղծություններով, իսկ Իսահակյանն էլ կարդացել է  բանաստեղծություններ իր մայրենի լեզվով, որը ներկաները լսելիս են եղել առաջին անգամ: Բանաստեղծուհու դուստրը վկայում է, որ բոլորը ցնցվել  են այդ  ձայնի հնչողությունից:  Այս փոխադարձ  ակնածանքի  ու հիացմունքի արդյունքում էլ հանդիպումներից մեկի ժամանակ Մարինա Ցվետաեւան, ի հիշատակ իրենց  հանդիպումների, Վարպետին է նվիրել ռուսական մի սրբապատկեր: Դժվար է ասել, թե ինչու է նա Իսահակյանին հենց իկոնա հանձնել,  բայց մի բան հաստատ է. այն հետագայում դարձավ բանաստեղծի ամենաթանկ «նվեր-պահապաններից» մեկը, որը տարիներ անց պետք է խնամքով պահվեր նաեւ գրողի տուն-թանգարանում:

լուսանկարը` Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter