HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու քաղաքային զբոսայգին վերակառուցվում է, իսկ տնկիների մի մասը արդեն չորացել են

Պղնձաձուլական գործարանի  արտանետումների համար  «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության  կողմից պետբյուջե վճարվող բնապահպանական  վճարներից  Ալավերդի համայնքի բյուջեին 2014թ.-ին մասհանվել են 216,6մլն. դրամ,  2015թ.-ին` 150,5մլն. դրամ բնապահպանական սուբվենցիաներ:

Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը դեռ անցյալ տարի «Հետքին» հայտնել էր, որ 2014-2015թթ.-ի բնապահպանական սուբվենցիաներից 60 մլն. դրամ է հատկացրել Ալավերդու քաղաքային զբոսայգու  վերակառուցման համար: Վերակառուցումն սկսվել է 2014թ.-ին: Շինարարական  աշխատանքերը իրականացնում է «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ն: Վերակառուցման նախատեսված գումարների և ծախսերի մասին  Ա. Վարոսյանը նախորդ տարի նաև «Հետքին» ասել է, որ  2014թ.-ին կկատարվի 30մլն. դրամի շինարարական աշխատանքեր, մյուս  30մլն. դրամը   կհատկացվի 2015թ.-ին:

 

Հուլիսի 9-ին մեզ հետ զրույցում Լոռու  մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով տեղյակ էր զբոսայգում տիրող վիճակին, հայտնեց, որ զբոսայգու վերակառուցման  համար հատկացվել է ոչ թե 60, այլ 70մլն. դրամ: Ա. Վարոսյանն էլ պարզաբանեց, որ զբոսայգու վերակառուցման համար հատկացվել է ոչ  թե 70մլն.,այլ 67 մլն. դրամ: Քաղաքապետի ասելով` մեծածավալ ֆինանսական միջոցներ պահանջվող ծրագրերը 2 փուլով իրականացնելը Ալավերդիում ընդունված պրակտիկա է: Զբոսայգում շինարական աշխատանքների 1-ին փուլը դադարեցվել է 2014թ.-ի սեպտեմբերին: Անցել է 10 ամիս` զբոսայգին իր վերակառուցման աշխատանքերով հայտնվել է փակուղու մեջ:

Հուլիսի 9-ին, մեր այցելության պահին այստեղ  շինարարական  աշխատանքեր չէին կատարվում:  Նորակառույց  զուգարանում հարդարման աշխատանքեր էր կատարում  «Տիտանյան  եղբայրներ» ՍՊԸ-ի ընդամենը մեկ աշխատող: Զբոսայգին ամբողջությամբ  ծածկված էր մացառուտներով: Գազոններում տնկված և մոլախոտերի մեջ կորած մատղաշ եղևնիների, մյուս ծառերի տնկիների և  ծաղիկների թփերի մեծ մասը արևից խանձված ու չորացած էին: Մոլախոտերի մեջ կորած զբոսայգում կատարված շինարարական աշխատանքերը չէին երևում:

 

«Ստեղծված վիճակը մեզնից կախված չէ, օբյեկտը հանձնվելու է այս տարվա օգոստոսի վերջերին, արդեն 13մլն. դրամի աշխատանքեր ենք կատարել, հուլիսի 2-ին կատարողական ակտ է ներկայացվել, սակայն  գումարը չեն փոխանցել»,- ասաց «Տիտանյան  եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրեն Սանասար Տիտանյանը:  

Մեզ հետ զրույցում Ա.Վարոսյանն ասաց, որ «զբոսայգու  նախորդ տարվա շինարարական  աշխատանքերի  համար իր կողմից  հատկացվել է ոչ թե 30, այլ 36 մլն. դրամ, 31 մլն. դրամ էլ հատկացվել է այս տարի: Վերակառուցման ընդհանուր 67մլն. դրամից 41մլն դրամի վճարումը արված է և 26 մլն. դրամի դեռ չի վճարվել, որից 13մլն. դրամի կատարողական ակտը արդեն ներկայացվել է, մնացած 13 մլն. դրամի նախատեսված աշխատանքեր դեռևս չեն  կատարվել»:

 «Էս մոլախոտերի պատճառով մեր արած գործը ընդհանրապես չի երևում: Հետո որ ամիսն է հիմա, հուլիսի  կեսն է, դեռ էս տարի ֆինանսավորում չկա: Ինչո՞ւ չեն արել ֆինանսավորումը: Մենք մինչև հիմա ավարտած կլինեինք  զբոսայգու բոլոր շինարարական աշխատանքերը: Դրա համար էլ ջանջալ ընկավ էս գործը»,- դժգոհեց աշղեկ Էդիկ Բաբաջանյանը: Վերջինիս ասելով` զբոսայգու շինարարական աշխատանքերն իրենք սկսել են նորմալ, սալիկները շարում էին, սակայն շինարարը փող չի ունեցել սալիկներ գնելու համար, չեն վճարվել նաև բանվորների աշխատավարձը:

«Եթե մի ծառ լինի չորացած` էլի ջհանդամը, բայց չորացածը մի ծառ չի»,- ասաց աշղեկը:

 

Արտավազդ Վարոսյանի ասելով՝ զբոսայգու աշխատանքերի վերջնական փուլն է հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսները: Այդ ժամկետում բոլոր կիսատ մնացած աշխատանքերը պետք է ավարտին հասցվի:

«Շինարակական աշխատանքերին զուգահեռ այս ընթացքում արդեն հայտարարություն է եղել խաղասարքերի ձեռքբերման և տեղադրման համար»,- ասաց նա: Խաղասարքերի համար նախատեսված է մոտ 3 մլն. դրամ: Ա. Վարոսյանը հայտնեց, որ նախատեսված գումարներից  1.2 մլն. դրամ է հատկացրել զբոսայգու ծառատնկման և ծաղիկապատման աշխատանքերի համար, որն իրականացրել է «Մալվինա» ՍՊԸ-ն:

Քաղաքապետի ասելով` զբոսայգու կանաչապատման գործերը նորմալ են գնում. «Զբոսայգում ժամկետ-ժամկետ  տնկիները  ջրվում է. ես առնվազը գոնե շաբաթը մեկ անգամ լինում եմ զբոսայգում: Ծառերը հնարավոր է, որ մեջները մեկն էլ կպած չլինի»,- ասաց Ա. Վարոսյանը:

«Զբոսայգու կանաչապատման մեր պարտականությունները մենք կատարել ենք: Մեր և քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրով մեզ տված է եղել տնկիների տնկում և 3 անգամ դրանց  ջրում:Մենք տնկիները զբոսայգում տնկել ենք այս տարվա գարնանը, չեմ հիշում մայիս, թե ապրիլ ամսին: Զբոսայգում մենք տնկել ենք կիպարիս, հացենի, սզնի տեսակի ծառեր, ծաղկող թփեր և վարդեր»,- ասաց «Մալվինա» ՍՊԸ-ի նախագահ Վալերիկ Մարգարյանը: Վերջինս իրեն պատասխանատու չէր համարում տնկված ծառերի, ծաղիկների և թփերի չորանալու համար։ «Կանաչապատման մեր պայմանագիրը քաղաքապետարանի հետ մեկամսյա ժամկետով է եղել, դրանից հետո քաղաքապետարանը պետք է զբոսայգում հաստիքով աշխատող պահեր` ծաղիկների և թփերի խնամքը ապահովելու համար, որը չի արվել»,- բացատրեց Վ. Մարգարյանը:

Հուլիսի 9-ին մեր զրույցի ընթացքում Ա. Վարոսյանին տեղեկացրի, որ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հուլիսի 14-ին գալու է Ալավերդի՝ բնապահպանական սուբվենցիաներով նախատեսված աշխատանքերի վիճակը տեղում նայելու համար: Լուրը զգաստացրել է Ա. Վարոսյանին: Հուլիսի 10-ին «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ի բանվորները զբոսայգում քաղհան էին անում: Արդեն գրեթե ոչնչացած վարդերի պուրակում քաղհան էր անում «Մալվինա» ՍՊԸ-ի աշխատող Սամվելը:

Աշղեկ Է. Բաբաջանյանը հայտնեց, որ քաղաքապետ Ա. Վարոսյանը երեկվանից էս կողմ երկու անգամ զբոսայգի է եկել: Ասաց նաև, որ երեկոյան պետք է ջրվեն նաև զբոսայգու չորացած ծառերն ու վարդի թփերը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter