HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Չինական զարգացումներ. Հայաստանի տնտեսությանը սպառնացող վտանգները

Քանի դեռ աշխարհը զբաղված է Հունաստանի խնդրով, համաշխարհային տնտեսությանը շարունակում է նոր սպառնալիք ներկայացնել Չինաստանը։ Այս երկրի  ֆոնդային շուկան հունիսի կեսից ավելի քան 30% անկում է գրանցել, շուկայական կապիտալիզացիան` նվազել ավելի քան  3 տրլն ԱՄՆ դոլարով։ Պատճառը Չինաստանի տնտեսության անորոշ հեռանկարներն են։

Ներդրողները շարունակում են ուշադրությամբ հետևել այս երկրի տնտեսության անորոշ հեռանկարների ֆոնին ֆոնդային շուկայում տիրող խուճապային իրավիճակին: Չինաստանում 2015 թվականի համար տնտեսական աճի կանխատեսումը երկրի կենտրոնական բանկը փոխեց 6-7%-ի, որը եթե իրականանա, ապա կդառնա վերջին մոտ 20 տարիների ամենացածր ցուցանիշը։ Այդ պահից սկսած Չինաստանի բորսաներում գտնվող  մի շարք ռիսկային արժեթղթերի գներ նվազեցին։ Դրանք այն արժեթղթերն են, որոնք հեռու էին իրենց իրական արժեքներից և ավելի թանկ գներով էին ներկայացվում։ Փորձագետները դա անվանեցին «փուչիկ» Չինաստանի ֆոնդային շուկայում։ Մարդիկ հիմա փորձում են ազատվել իրենց ռիսկային և ոչ ռիսկային արժեթղթերից։ Ներդրողներ գտնելու մեծ խնդիր կա։ Չինաստանի պետական ընկերություններին ժամակավորապես արգելվել է իրենց աճուրդները վաճառել բորսաներում, ինչպես նաև՝ նոր ընկերությունների մուտքը բորսա։ Վերջին երկու օրվա դրությամբ, վիճակը համեմատաբար կայուն է, ասել թե՝ ժամանակավոր դադարի փուլ է։

Բրիտանական Financial Times թերթը հաղորդում է, որ  Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայում հուլիսի 8-9-ը տեղի ունեցած ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների 7-րդ գագաթաժողովին պետությունների ղեկավարները զգուշացրել են Չինաստանից եկող ֆինանսական անկայունության վտանգների մասին։ Այնուամենայնիվ, փակ դռների հետևում նրանք խոսել են այն մասին, որ Չինաստանն ունի բավարար փորձ ու միջոցներ շուկայում անհանգիստ վիճակը շտկելու համար։

Եթե Հունաստանի հնարավոր ճգնաժամը դժվար թե մեծ ազդեցություն կարողանա ունենալ Հայաստանի տնտեսության վրա, քանի որ երկու երկրների տնտեսական կապերը թույլ մակարդակում են, ապա Չինաստանի հետ խնդիրը լրիվ այլ է։ Այս երկրին սպառնացող տնտեսական անկումն իրականություն դառնալու դեպքում չի կարող չանդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա։ Ընդ որում՝ այդ ազդեցությունը կլինի և' ուղղակի, և' անուղղակի ձևով։

Չինաստանը Հայաստանի առևտրային կարևոր գործընկերների թվում է։ Այս երկրում տնտեսության վատթարացումը կնշանակի հայ-չինական տնտեսական կապերի թուլացում, ավելի պարզ ասած՝ Չինաստանի հետ համագործակցությունից ստացվող եկամուտների նվազում։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2014 թվականի տվյալներով` հայ-չինական առևտուրը կազմել է մոտ  588,5 մլն  դոլար, ընդ որում՝ Հայաստանից արտահանումը կազմել է մոտ 171 մլն դոլար, ներմուծումը՝ 417,5 մլն դոլար։ 2013-ի հետ համեմատ հայ-չինական առևտրաշրջանառության ծավալներն աճել են 29,4%-ով, միայն արտահանումն աճել է 2,5 անգամ՝ ի հաշիվ զգալի ծավալի թանկարժեք մետաղների հանքանյութի արտահանման։ 2014-ի դրությամբ՝ Չինաստանին բաժին է ընկել Հայաստանից կատարված արտահանման ընդհանուր ցուցանիշի  11,3%-ը և  ներմուծման 9,5%-ը։

Հայտնի փաստ է, որ Հայաստանից արտահանումն արդեն քանի տարի է շարունակում է կենտրոնացված մնալ։ Արտահանման գերակշիռ մասը ձևավորում է 4-5 ապրանքախմբի շուրջ, որոնց շարքում ամենամեծը հանքահումքային արտադրանքի տեսակարար կշիռն է։ Ուստի՝ հանքահումքային արտադրանքի գների նվազումը զգալի հարված է Հայաստանի տնտեսության համար։ Վերջին տարիներին պղնձի միջազգային շուկայում գնանկում է արձանագրվել, որի «մեղավորը» Չինաստանն է։ Այս երկիրը աշխարհում պղնձի խոշորագույն սպառողն է, բայց վերջին տարիներին այստեղ պղնձի պահանջարկը նվազել է։ Գնանկումը պայմանավորված է և Չինաստանում դրա պահանջարկի նվազմամբ, և այդ երկրի տնտեսության աճի տեմպերի դանդաղմամբ։ Նախորդ տարի Հայաստանից արտահանված պղնձի խտանյութի մեծ մասն առաքվել է Չինաստան։ Բայց քանի որ գները նվազել են, Հայաստանը դրանից մեծ գումարներ է կորցրել։ Այս թեմային «Հետքն» ավելի վաղ մանրամասն անդրադարձ է կատարել։

Այսինքն՝ եթե Չինաստանում ստեղծված իրավիճակը նորից ազդի, որ պղնձի միջազգային գներն էլ ավելի նվազեն, դրանից Հայաստանը ավելի մեծ գումարներ կկորցնի։

2014-ին Հայաստանից նաև մեծ ծավալի թանկարժեք մետաղի հանքանյութ է արտահանվել Չինաստան։ Պղնձի խտանյութն ու թանկարժեք մետաղի հանքանյութը Հայաստանից արտահանվող բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքախբում են։ Վերջին տվյալներով՝ Չինաստանը ոսկու խոշորագույն սպառողներից է աշխարհում և ամենամեծ ծավալով ոսկի արտադրողը: Այսինքն՝ այս դեպքում ևս Հայաստանից արտահանվող թանկարժեք մետաղի հանքանյութի գինը նվազման սպառնալիքի տակ է։ Նույնն է նաև մոլիբդենի գնի պարագայում։ Դրա միջազգային գները թելադրում են այս շուկայի հիմնական խաղացողները՝ Չինաստանը, ԱՄՆ-ն ու Չիլին: Թեև Հայաստանը մոլիբդեն չի արտահանում Չինաստան, սակայն այս երկրի վիճակն ազդում է դրա գների վրա։

Սրանք այն հիմնական ուղղակի ազդեցություններն են, որոնք Հայաստանի տնտեսությունը կկրի, եթե Չինաստանի տնտեսությունում վիճակը չկայունանա։

Բացի դա, կա նաև անուղղակի գործոն։ Չինաստանի տնտեսության հնարավոր անկումը անմիջական սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանին, քանի որ Չինաստանը սպառման մեծ շուկա է Ռուսաստանի համար։ Դա մեծ հարված կլինի այս երկրին, նախևառաջ, նավթի սպառման ծավալների առումով։ Չինաստանը նաև նավթի խոշորագույն սպառողներից է։ Եթե այս երկրում տնտեսական ակտիվության տեմպերը թուլանան, ապա նավթի սպառման ծավալները անկում կապրեն և շղթայական կապով կնվազեն դրանց գները։ Ռուսաստանը նավթի պաշարներով և արդյունահանման ցուցանիշներով աշխարհի առաջատարների շարքում է։ Ուստի՝ Ռուսաստանի տնտեսությունը մեծ կախում ունի նավթի գնից: Եթե նավթը թանկանում է, ապա մեծանում են ՌԴ-ից արտահանվող նավթից ստացվող գումարները։ Իսկ երբ այն էժանանանում է, արձանագրվում է ճիշտ հակառակ երևույթն ու դա հանգեցնում է ռուբլու արժեզրկմանը։ Ռուբլու անկման բացասական հետևանքները Հայաստանի տնտեսությունը մեկ անգամ չէ, որ կրել է։ Օրինակ՝ 2014-ի տարեվերջին։ Նման դեպքերում անմիջապես նվազում են Ռուսաստանից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների ծավալները, ինչն անմիջապես  հանգեցնում է այդ տրանսֆերտների հաշվին ապրող հայ ընտանիքների կենսամակարդակի նվազմանը։ Մի շարք խնդիրների առաջ են կանգնում հայ արտահանողները, քանի որ մեծ է Հայաստանից արտահանվող այն ապրանքների խումբը, որի սպառման հիմնական շուկան Ռուսաստանն է։ Ռուբլու արժեզրկման հետևանքով Ռուսաստանը նվազեցնում է այդ ապրանքների դիմաց կատարվող վճարների չափերը։ Մի խոսքով, դա նույնքան վատ ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության համար, որքան պղնձի ու այլ հանքանյութերի արժեզրկումը։

Մեր ներկայացրածն, ամեն դեպքում, ընդամենը սպառնալիքներ են, որոնք գալիս են Չինաստանի տնտեսությունից և որոնց շարքը կարելի է շարունակել ավելի մեղմ վտանգներով։ Ոչինչ առայժմ հստակ չէ այս երկրի իրավիճակի կապակցությամբ։ Ոչ ոք չի կարող ասել՝ Չինաստանում վիճակը կկայունանա, թե ոչ։ Համենայնդեպս, երկրի կառավարությունը պարբերաբար հայտարարում է, որ ձեռքերը ծալած չի նստում և անում է հնարավորը իրավիճակը փրկելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter