Հատվածներ Կոնստանտին Քեչեկի «Հիշողություններ» գրքից (մաս 2-րդ)
… 1918 թվականի սկզբից իրադարձությունները զարգանում էին շատ արագ: Ուկրաինական ճակատի լրիվ քայքայումը և դասալքությունը բանակից, ինչպես նաև Ուկրաինայի հակառուսական տարրերի համագործակցությունը գերմանացիների հետ, ովքեր նրանց առաջնորդներին խոստանում էին անկախություն, բերեց նրան, որ ճակատում դիմադրություն այլևս չկար, և գերմանական բանակը սկսեց օկուպացիայի ենթարկել Ուկրաինան, որտեղ Կիևի գրավումից հետո ստեղծվեց մի ձևական կառավարություն` Գերման Սկորոպադսկու գլխավորությամբ: Ուրիշ, ավելի հեղափոխական և անարխիստ տարրեր, ստեղծեցին իրենց ջոկատները (Պետլյուրա, Մախնո և ուրիշներ), որոնք պարտիզանական պայքար էին մղում գերմանացիների և Սկորոպադսկու դեմ: Մի խոսքով` Ուկրաինայում քաոս էր տիրում:
![]() |
Հատվածներ Կոնստանտին Քեչեկի «Հիշողություններ» գրքից (մաս 1-ին) |
Դոնի Ռոստովը, գտնվելով խորը ճակատում, ավելի քան 1000 կիլոմետր հեռավորության վրա գերմանական սահմանից, այժմ գերմանական օկուպացիայի սպառնալիքի տակ էր: Չգիտեմ ինչպես էր դրան վերաբերվում բնակչության մեծամասնությունը, բայց, համենայն դեպս իմ ծնողները՝ հատկապես հայրս, ով միշտ գերմանոֆիլ էր, չէր վախենում գերմանացիների գալուց` հույսով, որ նրանք կվերականգնեն կարգ ու կանոնը, և ներքին խժդժություններին վերջ կտրվի: Բացի այդ, հակասովետական տրամադրություններ ունեցող մարդիկ հույս ունեին, որ գերմանական օկուպացիայի պաշտպանության ներքո` Կորնիլովի և Դոնի կազակների բանակի մնացորդները կմիավորվեն և կկարողանան կազմակերպել դիմադրություն սովետական ռեժիմի դեմ:
1918 թվականի մարտին բոլշևիկները սկսեցին Ռոստովի էվակուացիան՝ աշխատելով դեպի հյուսիս նահանջելիս հետները տանել որքան կարելի է շատ մթերք և արժեքավոր իրեր: Երբ արդեն լսվում էր մոտեցող գերմանական բանակի հրետանու կանանադան, որը հաղթահարում էր Կարմիր բանակի մնացորդների թույլ դիմադրությունը, քաղաքում հայտարարեցին, որ սեփականատերերի բոլոր խանութների ու պահեստների դռները պետք է բաց լինեն: Բոլշևիկյան ջոկատները բեռնատարներով մոտենում էին յուրաքանչյուր խանութի և վերցնում ամեն հնարավորը: Նույնիսկ չնչին դիմադրության դեպքում այդ բացահայտ կողոպուտին`սեփականատերերին տեղում գնդակահարում էին: Այդպես մահացավ իմ ծնողների ընկերը` կամերսանտ Կեչեջիևը, ում ոսկերչական խանութը նույնպես թալանվեց: Այս խայտառակությունը շարունակվում էր երկու օր, երկրորդ օրվա վերջին քաղաք մտան լավ վիճակում գտնվող գերմանական ջոկատները:
Շատ բնակիչներ կամովին համաձայնում էին ընդունել ինչպես սպաներին, այդպես էլ զինվորներին: Հայրս և մայրս հաճույքով գերմանացիներին տրամադրեցին երկու սենյակ մեր ոչ մեծ բնակարանում: Սպան, ով ուղարկված էր տեղանքը զննելու համար, շատ համեստ էր, ես նույնիսկ կասեի` երկչոտ մարդ: Նա, առաջին հերթին, զարմացած էր, որ հայրս և մայրս բավական լավ խոսում էին գերմաներեն: Ասաց, որ իր համար կվերցնի մի սենյակ, իսկ երկու զինվորներին, որ մեր մոտ պետք է տեղավորվեին` մենք կարող ենք տեղավորել ֆլիգելում, խոհանոցի մոտ, որտեղ ապրում էին մեր սպասուհին և խոհարարուհին:
Թվում էր անհավանական, թե ինչպես էին դասակարգային հարաբերություններն իշխում մարդկանց հոգեբանության մեջ՝ գերակայելով ազգային զգացմումքների նկատմամբ, ինչը ստիպեց այդ սպային տեղավորել իր հաղթանակած զինվորներին աղախինների համար նախատեսված հատվածում, իսկ պարտված «թշնամիների» ընտանիքը մնաց արքայական սենյակներում:
Չնայած ռուսական ճակատում պատերազմը Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրից հետո մոտեցավ ավարտին, գերմանացիները Ուկրաինայից ու Ռոստովից անմիջապես չհեռացան, և նրանց պաշտպանության ներքո բոլոր հակասովետական տարրերը ու Դոնի կազակները կարողացան կազմակերպվել գեներալ Դենիկինի ղեկավարության տակ` ստեղծելով այսպես կոչված կամավորական բանակ: Երբ գերմանացիները դուրս բերեցին իրենց զորքերը Ռոստովից, Դենիկինի բանակը ամրապնդեց իր դիրքերը Ռուսաստանի հարավում: Սովետները այդ ժամանակ ծանր կացության մեջ էին՝ հաշվի առնելով Լեհաստանի ստեղծումը, որը ունեցավ իր բանակը, ինչպես նաև Սիբիրի կողմն առաջացավ արևելյան ճակատ` ադմիրալ Կոլչակի կողմից գլխավորած բանակի տեսքով: Բոլոր կողմերից կտրված լինելով այն կենտրոններից, որտեղից հնարավոր էր պարենամթերքի և վառելիքի ստանալը` Ռուսաստանի կենտրոնական մասը ճգնաժամային վիճակում էր: Մենք բոլորս այդ ժամանակ հավատում էինք, որ շուտով Խորհրդային իշխանությունները կտապալվեն, և Ռուսաստանում կհաստատվի ժողովրդավարական կառավարման մեխանիզմը:
Կյանքը Ռոստովում շարունակվում էր, և ամեն ինչ շատ լավ էր, ոչ մի բանի պակաս չկար: Դենիկինը շարունակում էր առաջխաղացումը, և 1919 թվականի ամռան շեմին կամավորական բանակը բավական առաջ անցավ դեպի հյուսիս` գրավելով Խարկովը և Ուկրաինայի զգալի մասը: Նորաստեղծ անկախ Լեհաստանը նույնպես սպառնում էր Խորհրդային Ռուսաստանին` քաշելով կարմիրների ուժերը հարավային ճակատից: Մերձբալթյան երկերները` Լատվիան, Լիտվան և Էստոնիան նույնպես առանձնացան Ռուսաստանից, ինչպես Անդրկովկասի երկրները` Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը` իրենց հռչակելով անկախ հանրապետություններ: Մերձկասպյան մուսուլմանական երկրները (կազախները, ուղբեկները, տաջիկները և կիրգիզները) նույնպես զգալի դիմադրություն ցույց տվեցին Խորհրդային իշխանություններին և ցանկանում էին անկախ լինել: Սիբիրում դիմադրության օջախներ ստեղծվեցին` Ադմիրալ Կոլչակի կառավարության ներքո:
Այնուամենայնիվ, Սովետների հակառակորդների միջև չկար միասնություն, ընդհանուր նպատակաուղղված ղեկավարություն և նույնիսկ չկար բարի կամեցողություն: Այսպես, Դենիկինի լոզունգը «միասնական անբաժան Ռուսաստանի» վերականգման մասին, անվստահություն էր առաջացնում նրա կառավարության հանդեպ այն ազգությունների մոտ, ովքեր ձգտում էին անկախության: 1984 թվականի ընթացքում «Կոնտինենտ» ամսագրի համարներում հրապարակված տվյալների համաձայն, Դենիկինը, իբր, Լեհաստանին հավաստիացնում էր, որ ինքը չի հավակնում իրենց տարածքներին, և սահմանները արդարացիորեն կգծվեն` իրենց ընդհանուր թշնամու` բոլշևիկների նկատմամբ հաղթանակ տանելուց հետո: Սակայն Պիսուդսկին (այն ժամանակ Լեհաստանի նախագահը), հավանաբար կասկածում էր Դենիկինի խոսքերին և որոշեց պայմանավորվել Խորհրդային Ռուսաստանի հետ, որը խոստանում էր անմիջապես ճանաչել Լեհաստանի անկախությունը, միայն թե նա դադարեցնի իր գործողությունները Սովետների դեմ: Այդ համաձայնագրից հետո Սովետներն իր զորքն արագ սկսեց տեղափոխել հարավային ճակատ և ջախջախիչ հարված հասցրեց Դենիկինի բանակին: Իրավիճակի անսպասելի փոփոխությունը ճակատում ուժեղացրեց տարաձայնությունները Դենիկինին աջակցող կազակների տարբեր շերտերում: Գյուղացիությունը, որ սպասում էր հեղափոխությունից հետո խոստացված հողային ռեֆորմներ, նույնպես տատանվում էր իր մոտեցումներում, և շատերը բոլշևիկներից սպասում էին այդ բարեփոխումները: Սակայն մենք այդ ամենի մասին չգիտեինք և 1919 թվականի առաջին կիսամյակին ապրում էինք համոզվածությամբ, որ շուտով սովետական կարգերի նկատմամբ հաղթանակ կտանենք:
1919 թվականի վերջին ամիսներին մենք, ասես, հոգեվարքի մեջ լինեինք, և մոտեցող վտանգի նկատմամբ վախի զգացողությունը անընդհատ հետապնդում էր մեզ: Նույնիսկ մենք` երեխաներս, սկսեցինք հասկանալ հաղթանակի մեր հույսերի անխուսափելի ողբերգական վախճանը: Դեռ վերջերս Դենիկինի բանակի հաջող առջընթացը, որը հասել էր մինչև Կուրսկ և պատրաստվում էր գրավել Օրյոլը, հանկարծակի վերածվեց էլ ավելի արագ նահանջի: Ինչքան էլ Դենիկինի կառավարությունը փորձում էր համոզել բնակչությանը, որ բոլշևիկնիրի հաջողությունները ժամանակավոր բնույթ են կրում` անհանգստությունն ու վախը համակել էր բոլորին, ով սատարում էր Դենիկինին: Երբ մարտերը հասան մինչև Դոնի շրջան, և Դենիկինի բանակի հենարանի հույսը` Դոնի կազակները ոչ մի լուրջ դիմադրություն ցույց չտվեցին, բոլորին պարզ դարձավ, որ Դենիկինի ռեժիմին մնացել է հաշված օրեր:
Բոլորն էլ հույս ունեին, որ Ռոստովն այդպես հեշտ չի հանձնվի, և երկար դիմադրության հնարավորություն կլինի, որպեսզի կարողանանք հեռանալ Ռուսաստանի տարածքից: Սակայն իրադարձությունները այնքան սրընթաց էին զարգանում, որ վերջը եկավ անսպասելի:
Դա տեղի ունեցավ 1919 թվականի դեկտեմբերի 20-ի կողմերը, երբ հանկարծ, ինչ-ինչ պատճառներով իրադրությունը ճակատում դարձավ աղետալի, և հորս հրամայված էր 24 ժամվա ընթացքում տարհանել Սպայական հոսպիտալը: Դրա համար նախատեսված գնացքում կար ուղևորների համար նախատեսված մեկ վագոն: Հայրս որոշեց հոսպիտալի անձնակազմի համար նախատեսված այդ վագոնում տեղավորել մեր ամբողջ ընտանիքը և հեռանալ Նախիջևանից:
Հիշում եմ, որ արդեն հաջորդ առավոտ, ի զարմանս բոլորի` գնացքը շարժվեց: Մենք հանգստացանք: Թե որ ուղղությամբ էինք գնում, չգիտեինք, բայց ավելի ուշ պարզվեց, որ գնացքը ուղղություն է բռնել դեպի Կիսլովոդսկ: Արդեն Կիսլովոդսկում իմացանք, որ Ռոստովը մեր հեռանալուց անմիջապես հետո հանձնվել է, բայց բոլշևիկների հետագա առաջխաղացումը հետաձգվել էր, և Դոնը նրանք դեռ չէին անցել:
Որքան ժամանակ մենք ապրեցինք Կիսլովոդսկում չեմ հիշում, հավանաբար` երեք-չորս շաբաթ: Այդ ընթացքում բոլշևիկները, այնուամենայնիվ, անցան Դոնը, և պարզ դարձավ, որ Կիսլովոդսկում մենք կարող ենք հայտնվել ասես թակարդում. պետք էր շարժվել դեպի Նովոռոսիսկ, որտեղից ծովով հնարավոր կլիներ շարունակել հետագա փախուստը բոլշևիկներից:
Ժամանակն այդ ընթացքում գնում էր, և բոլորը, ովքեր վախենում էին իրենց կյանքի համար, աշխատում էին դուրս գալ Նովոռոսիսկից դեպի Կովկաս կամ էլ արտասահման: Սակայն մեկնել կարող էին միայն նրանք, ովքեր վիզա էին ստացել օտարերկրյա տերությունների հյուպատոսներից: Մեկնել ցանկացողները այնքան շատ էին, որ վիզա կարելի էր ստանալ միայն բավական խոշոր գումար վճարելով: Իհարկե, Դենիկինի կառավարության պարագլուխները, ինչպես նաև մասնավոր անձինք, ովքեր ունեին Եվրոպայում շրջանառվող տարադրամ, այս հարցում ապահովել էին և՛ իրենց, և՛ մոտակա օգնականներին: Ամեն օր նավահանգստից մեկնում էին շոգենավեր, տանելով հազարավոր երջանիկների, ովքեր գնել էին անգլիական կամ ֆրանսիական վիզա, իսկ մենք չունեինք նման հնարավորություն: Հայրս չափազանց հայտնի վիրաբույժ էր և Ռոստովում ուներ բավական հարուստ հաճախորդներ ու ծանոթներ մտավորականների մեջ: Նրանցից շատերը նույնպես հայտնվել էին Նովորոսիսկում, բայց նրանց թիվը արագ նվազում էր. աստիճանաբար հեռանում էին արտասահման: Չգիտեմ, թե նրանցից ով, իսկ միգուցե մի քանիսը, այնքան պարկեշտ և մարդկային գտնվեցին, որ հասկանալով հորս և մեր ընտանիքին սպառնացող վտանգը Նովորոսիսկի անկման դեպքում` օգնեցին մեր ընտանիքին` հորս տալով այնքան տարադրամ, որ կհերիքեր և անգլիական վիզայի համար վճարել, և շոգենավով մեկնել: Հստակ թիվը չեմ հիշում, բայց ենթադրում եմ, որ ապրիլի վերջն էր, երբ մենք վերջապես ստացանք տոմսեր` իտալական Տրիեստ նավահանգստի ”Praga” շոգենավով մեկնելու համար:
Մեր ուրախությունը Նովորոսիսկից հեռանալու կապակցությամբ փչացրեց մի ողբերգական հանգամանք. իմ մեծ եղբայր` Անտիկը արդեն 18 տարեկան էր և զինապարտ էր: Համաձայն այդ ժամանակվա օրենքների` նրան մեկնելու վիզա չտվեցին: Միակ ձևական առիթը նրա համար կարող էր դառնալ մեկնումը Հայաստան, որը այն ժամանակ ինքնուրույն պետություն էր և չէր պատկանում կոմունիստական բլոկին, նույնիսկ թշնամաբար էր տրամադրված: Զինապարտ տարիքի անձանց համար Կովկաս մեկնումը ձևակերպվում էր որպես փոխադրում Կովկասի այս կամ այն հանրապետության բանակ: Հղում անելով այդ կետին` Անտիկը հայկական վիզա ստացավ` փոխադրումով հայկական բանակ: Նրա համար նույնպես “Praga” շոգենավի տոմս հայթայթեցինք` պարտավորությամբ, որ նա իջնի վրացական Փոթի նավահանգստում, որպեսզի հետո երկաթգծով, անցնելով Թիֆլիսը` հասնի Հայաստան:
Փոթիում տեղի ունեցավ հուսահատ, արցունքները աչքերին հրաժեշտը Անտիկի հետ. նա բոլոր նրանց հետ, ովքեր նույնպես Հայաստան էին գնում, իջավ շոգենավից, գնաց երկաթուղային կայարան: Եվ այստեղ` Փոթիում հանկարծ տեղի ունեցավ մի անսպասելի իրադարձություն, որը ազդեց մեր ընտանիքի հետագա ողջ ճակատագրի վրա: Օգտվելով բավականին երկարատև կանգառից՝ մենք գնացինք ծովափ, որպեսզի թարմանանք լեփլեցուն մարդատար շոգենավի նեղությունից ու իրարանցումից: Հանկարծ հրաշք տեղի ունեցավ: Հորս մոտեցավ մի անծանոթ երիտասարդ վրացի` զինվորական համազգեստով և ջերմ ողջունեց նրան՝ մեծարանքով դիմելով «պարոն դոկտոր»: Հայրս ճանաչեց նրան որպես ռուսական բանակի նախկին սպա, ով դեռ Համաշխարհային պատերազմի ժամանակ վիրավորվելուց հետո գտնվել էր Ռոստովի հոսպիտալում: Նա կարեկցելով հարցուփորձ արեց հորս, թե ինչպես է հայտնվել Փոթիում: Հայրս բացատրեց նրան մեր իրավիճակը: Սպան, տեղեկանալով մեր ողբերգական ճակատագիրն և հասկանալով իրավիճակը, հանկարծ ասաց. «Ինչու՞ եք բոլորով գնում արտասահման` դեպի անհայտություն: Հավանաբար ձեզ շատ դժվարություններ են սպասում ճանապարհին և կարանտինը Պրինցևյան կղզիներում, որի մասին զարհուրելի պատմություններ են պատմում: Մնացեք այստեղ` Վրաստանում: Այստեղ ազատ, ժողովրդավարական երկիր է, կյանքն արդեն բավականին կարգավորվել է և խաղաղ է: Մեր ինքնիշխանությունն ընդունել և սատարում են Անտանտի երկրները: Դուք որպես փորձառու բժիշկ միշտ էլ այստեղ կգտնեք աշխատանք և օթևան»: Հայրս բացատրեց, որ մենք ունենք անգլիական վիզա և չենք կարող այստեղ իջնել ու մնալ Վրաստանում: Բայց սպան ասաց, որ ինքը Փոթի նավահանգստի պարետն է և կկարողանա լուծել վրացական վիզա ստանալու հետ կապված անհրաժեշտ պաշտոնական խնդիրները, հետևաբար` թուլատվությունը նավից իջնելու և Թիֆլիս գանալու: Նա կայծակնային արագությամբ արեց այդ ամենը, և մենք երկու ժամ անց մեր ճամպրուկներով հայտնվեցինք Փոթի նավահանգստի ծովափում:
Հայրս և մայրս եկան այն որոշման, որ պետք է մնանք Թիֆլիսում, հիմնականում Անտիկի հետ չբաժանվելու համար: Եթե նա կարողանար մնալ մեզ հետ, հնարավոր է խիզախեինք և գնայինք արտասահման, բայց այն գիտակցումը, որ մնալով Վրաստանում կպահպանենք մեր ընտանիքը, բերեց Կովկասում մնալու որաշմանը: Իհարկե, Անտիկը արդեն բաժանվել էր մեզանից և գնացքով գնում էր Թիֆլիս, բայց մայրս և հայրս հուսով էին, որ Թիֆլիսում ու Երևանում գտնվող մեր հարազատների միջոցով շուտով կմիավորվենք…
Շարունակելի
Ռուսերենից թարգմանեց ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել