HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մնացածներն առանց հրաւէրի էլ կը գան

Արտագաղթի ու ներգաղթի հետ կապուած հետաքրքիր հակասութիւն է նկատելի ոչ միայն Հայաստանի պետական քաղաքականութեան եւ առկայ իրավիճակի միջեւ, այլ հէնց պետական քաղաքականութեան ներսում իսկ։

Մէկ կողմից հայկական եւ միջազգային կազմակերպութիւնները, զանգուածային լրատուամիջոցները, եւ վերջերս նաեւ պետական մարմիններն ու պատասխանատուները, ընդհուպ մինչեւ Հանրապետութեան նախագահը, ահազանգում են Հայաստանից արտագաղթի մասին, հրապարակում են վիճակագրական տուեալներ, կազմակերպում են քննարկումներ եւ միւս կողմից, այս անգամ միայն պետական որոշ մարմիններ ու պատասխանատուներ, սփիւռքահայերին հրաւիրում են Հայաստան՝ կայք հաստատելու եւ աշխատանք սկսելու։ Այսինքն փորձում են ներգաղթ կազմակերպել։

Թւում է արտագաղթին դէմ են գնում ներգաղթով։ Այնպիսի տպաւորութիւն ունեմ, որ պետական մարմինները չկարողանալով Հայաստանից արտագաղթի առաջն առնել, փորձում են սփիւռքահայերին տեսակ տեսակ հրաւէրներ ուղղելով եւ ներգաղթ կազմակերպելով` արագաղթողների տեղը լցնել։

Արտագաղթողների թուի մասին էլ հակասական տուեալներ կան, սակայն զաւեշտալին այն է, որ նոյնիսկ ամենափոքր թուերն էլ ողբերգութեան խորութիւնից բան չեն պակսեցնում։ Օրինակ մի հանդիպման ժամանակ, երբ քննարկւում էր արտագաղթի հարցը, ասուեց որ 2010 թուականին Հայաստանից արտագաղթել է հարիւրից հարիւր քսան հազար մարդ։ Քննարկման մասնակիցներից ոմանք պոռթկացին եւ մէկն ասաց, որ դա սուտ տեղեկութիւն է, որ 2010 թուականին Հայաստանից արտագաղթել է ընդամէնը քառասուն հազար հոգի։

Եթէ ընդունենք պետական պաշտօնական վիճակագրական տուեալներն առ այն, որ Հայաստանի բնակչութեան թիւը 3200000 հոգի է, ապա թուաբանական ամենատարրական հաշուարկով ընդամէնը մէկ տարում Հայաստանից արտագաղթել է բնակչութեան 1.28 տոկոսը։ Ընդամէնը բառի օգտագործումն ու շեշտադրումը ճիշտ է այս պարագային եւ ոչ նախորդ։

Ընդամէնը մէկ տարում երկրի բնակչութեան 1.28 տոկոսը արտագաղթել է։ Իսկ 2011 թուականի համար հիմք պիտի ընդունել ոչ թէ 3200000-ը, այլեւ 3160000-ը, եթէ ի հարկէ 2010 թուականին արտագաղթել է 40000 հոգի։ Եւ այս համատեքստում անհասկանալի է մնում փոքր թուեր ներկայացնող կամ փոքր թուերին հաւատացող մարդկանց հիմնաւորումը։

Երկրի բնակչութեան նոյնիսկ 1.28 տոկոսի արտագաղթը ընդամէնը մէկ տարում ողբերգութիւն է եւ այն խնդրի էութիւնից բան չի փոխում։

Վերադառնանք ներգաղթին։ Նախ կասկածում եմ, որ վերանկախացման քսան տարիների ընթացքում 40000 սփիւռքահայ ներգաղթած լինի Հայաստան։ Ամենաշատը եկել են իրանահայերը, որոնք ամենալաւ դէպքում մի քանի հազարից չեն անցնի։ Այսինքն այլ խօսքով քսան տարուայ ընթացքում եկածների թիւը համեմատելի չէ մէկ տարուայ ընթացքում գնացածների թուի հետ (ներգաղթածների թուի կապակցութեամբ պաշտօնական տուեալներ ցաւօք չեմ կարողացել գտնել)։

Երկրորդ եւ աւելի կարեւորը հետեւեալն է, որն ի դէպ նորութիւն չէ եւ կրկնութիւնն է կրկնութեանց։ Մարդիկ ինչու՞ են գնում։ Ինչու՞ է Հայաստանում ծնուած, մանկապարտէզ ու դպրոց գնացած, բակում խաղացած, ընկերներ ու ընկերուհիներ ունեցած, ծեծած ու ծեծուած, հարազատ ու բարեկամ ունեցած, սիրահարուած, հարազատների ու բարեկամների շիրիմ ունեցած մարդը, որոշում լքել Հայաստանը։ Ինչու՞։

Եթէ պետական այրերը չեն տալիս այս ինչու՞-ի պատասխանը եւ մանաւանդ ելքեր չեն խորհում այդ ինչու՞-ի պատասխանը վերացնելու կապակցութեամբ, մենք ոչ միայն չենք ունենայ զգալի ներգաղթ, այլեւ կը շարունակուի արտագաղթը։ Իսկ պետական այրերին դժուար կը լինի սփիւռքահայերին համոզել, որ իրենք անկեղծ են իրենց հրաւէրների մէջ։

Հայաստանում գենոֆոնդի պահպանումը ազգային անվտանգութեան խնդիր է։ Հայաստանի պետական այրերի առաջնահերթ խնդիրներից մէկը պիտի լինի արտագաղթի կասեցումը, այսինքն հային Հայաստանում պահելը։ Սփիւռքհայերին Հայաստան տեղափոխելը, այսինքն ներգաղթ իրականացնելը, ըստ իս, առաջնահերթ խնդիր չէ։

Իսկ եթէ նոյնիսկ պետութիւնն իր առջեւ խնդիր է դրել հայրենադարձութիւն կազմակերպել, ներկայ պայմաններում եւ առկայ իրավիճակում, դա ընդամէնը կը մնայ լոզունգի ու բաղձանքի սահմաններում, որը դրական ոչ մի բան չի բերի Հայաստանին։

Առաջնահերթ խնդիրը Հայաստանում ապրող հային Հայաստանում պահելն ու նրա համար արժանավայել կեանքի պայմաններ ստեղծելն է։

Այդ դէպքում մնացածներն առանց հրաւէրի էլ կը գան։

Սարգիս Մկրտչեան
Երեւան
04 նոյեմբեր, 2011 թ.

Մեկնաբանություններ (2)

Levik
I agree that the artakaght (exodus) isjust a manifestation of a wholehearted lack of a reform-minded citizenry in Armenia. The mafia/oligarchy is just the tip of the iceberg and not the root cause of Armenia's continuing stagnation both economically and politically. In many ways, Armenia is a micro-reflection of the authoritarianism surviving in Russia today. The major reason why Armenians are reluctant to protest is not fear; it is because the people who care most have already left the country or have resolved to do so in the near future. What I would say however, is that the closed, monopoloistic economic system in Armenia has prevented the rise of a petit-bourgeois middle class that tends to press for more political reform.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանում ԲՈԼՈՐ չարիքների (այդ թվում նաև արտագաղթի) ԱՄԵՆԱՀԻՄՆԱԿԱՆ պատճառը երկրում (կիսա- մաֆիոզ) ՕԼԻԳԱՐԽԱՅԻՆ քաղաքական ու տնտեսական սիստեմն է:Այսինքն,երկրում տնտեսական էլիտան ՄԻԱՎՈՐՎԵԼ է քաղաքական էլիտայի հետ ու դառձել ՄԵԿ ՄԻԱՎՈՐ:Սա միանշանակ նույնն,որ սուրը ԽՐԵՍ մեկի ՄԵՋՔՆ ու ամեն րոպե մեկ արյունը մաքրես- ՄԹԱՄ չի արյունահոսում:Նման սիստեմում ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ լինել սոցիալական-տնտեսական-քաղաքական-իրավաբանական ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, քանի որ ՀՍԿՈՂՆ ու ՀՍԿՎՈՂԸ նույն անձն է:Այսպիսի պայմաններում տնտեսության շարժիչ ուժ հանդիսացող ՓՈՔՐ բիզնեսներ ՉԵՆ կարող (երկար) գոյատևել: Իսկ Հայաստան հետ վերադառձողների ՄԵԾ ՄԱՍՆ,ամենայն հավանականությամբ,պիտի փորձի փոքր բիզնես ստեղծել,որպեսզի կարողանա գոյատևել/ապրել Հայաստանում: Ուստի ՎԱՂՈՒՑ արդեն ԺԱՄԱՆԱԿՆ է,որ երկրում ԲՈԼՈՐ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ (ու իրենց մարդիկ/ հարազատները) անմիջապես ԴՈՒՐՍ ՀՐԱՎԻՐՎԵՆ ԲՈԼՈՐ օրենսդրական,գործադիր ու իրավական ՊԵՏԱԿԱՆ մարմիններից: Մինչև սա տեղի չունենա, Հայաստանի ՈՉ ՄԻ ոլորտում ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉԻ փոխվելու: Կամ 30 ընտանիքը,կամ 3 միլիոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter