
Summertime. Օպերային արիա, որը աշխարհը գրավեց որպես ջազային գլուխգործոց
Նաիրա Հայրապետյան
Summertime,
An’ the livin’ is easy
Fish are jumpin’
An’ the cotton is high…
Դժվար է գտնել որևէ միջին երաժշտասերի, նույնիսկ հակված եմ այդպիսին չգտնել պասիվ հանդիսատեսի շարքում, որ գոնե մեկ անգամ լսելով այս քառատողը, անմիջապես չհիշի այն հայտնի մեղեդին: Որովհետև այն հնչել է ջազի, ռոքի, բլյուզի, ռեգիի, փոփի, սոուլի… ամենահնարավոր ու անհնարին ժանրերում: Իսկ առավել հայտնի ու դասական տարբերակը լեգենդար Լուի Արմսթրոնգի և Էլլա Ֆիցջերալդի դուետն է՝ անփոխարինելի, անկրկնելի ու անչափ սիրելի այդ «Summertime»-ը:
Քչերին է հայտնի երգի ստեղծման պատմությունը և այն, որ «Summertime»-ը օպերային արիա էր՝ գրված 1933թ.:
1925թ. ամերիկացի գրող, վիպասան Դյուբոս Հեյվարդը գրեց «Փորգի» վեպը: Հարավային Ամերիկայում բնակվող հաշմանդամ մուրացիկի պատմությունը, որը բավականին համարձակ անդրադարձ էր այն ժամանակներում, ցնցեց ընթերցողներին: Հեյվարդի հերոսը սևամորթ էր, իսկ պատմությունը հիմնված էր իրական փաստերի վրա, ուստի մի ցավոտ կտոր էր՝ ամերիկյան իրականությունից: Այս վեպը մեկն է այն բացառիկներից, որ պատկերում էր սևամորթների կյանքը և մշակույթը «սպիտակ» հեղինակի կողմից, իսկ մարդկային այս մոտեցումը 20-ականներին բոլորովին նոր երևույթ էր: Մեծ աղմուկ բարձրացրած այս սգիրքը բեսթսելլեր դարձավ և մինչ օրս համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը: Երկու տարի անց, գրողի կնոջ` դրամատուրգ Դորոթի Հեյվարդի նախաձեռնությամբ, վեպի մոտիվներով նրանք միասին ստեղծեցին համանուն պիեսը՝ չորս գործողությամբ: Այս նոր գործում հեղինակները ավելի ամրապնդեցին հերոսուհու՝ Բեսի կերպարը, ապա գործողություններում ներգրավեցին ժողովրդական երգեր՝ առավել ընդգծելու չարլսթոնյան միջավայրը, որտեղ ապրում էին հերոսները:
Նույն թվականին՝ 1927-ին, համաշխարհային կինոյի նախահայրերից մեկը՝ Ռուբեն Մամուլյանը առաջարկ ստացավ Բրոդվեյում բեմադրել այն: Բրոդվեյյան «ամրոցի» վրա սևեռված թատերական աշխարհի և մամուլի աչքերը քարացան զարմանքից, երբ ականատես եղան ներկայացմանը. Մամուլյանը հրաժարվել էր գրիմավորված սպիտակամորթների ծառայություններից և իրականացրել էր իր խենթ գաղափարներից մեկը՝ բեմ բարձրացրել ոչ պրոֆեսիոնալների մի խումբ, այն էլ՝ սևամորթներ: Մամուլյանի այս քայլը համարձակ և հզոր ապտակ էր, միևնույն ժամանակ՝ հեղափոխություն ժամանակի քաղքենի ընկալումներում:
Այդ նույն ժամանակահատվածում արվեստի մեկ այլ հսկա՝ ամերիկացի հայտնի կոմպոզիտոր և դաշնակահար, 20-րդ դարի երաժշտության դասական երևույթներից մեկը՝ Ջորջ Գերշվինը, «Փորգի»-ի շուրջ մտմտում էր նոր գաղափար: Դեռ պիեսի աշխատանքները ամբողջովին ավարտված չէին, երբ նա իր նամակներով աշխատասեղանից դեպի փոստատարն էր ուղղորդում Հեյվարդին՝ իր նոր մտահղացման շուրջ համագործակցելու բանակցություններով: Գերշվինը վեպը կարդացել էր 1926թ-ին և հասկացել, որ այն հրաշալի օպերային բեմադրություն կարող էր դառնալ՝ ֆոլք երաժշտության մոտիվներով: Նա անմիջապես նամակ գրեց Հեյվարդին, որտեղ նշում էր, թե մեծ ցանկություն ունի հեղինակի հետ աշխատել այս ուղղությամբ: Մի քանի նամակ-բանակցությունից հետո գրողը ի վերջո համաձայնեց:
Պիեսին զուգահեռ՝ ինչ-որ քայլեր այդ ընթացքում նրանք փորձեցին անել, բայց քանի որ երկուսն էլ աշխատանքային և ստեղծագործական հագեցած գրաֆիկ ունեին, աշխատանքները դեռ կարգին չսկսած՝ ստիպված եղան անընդհատ հետաձգել: Հատկապես Գերշվինի՝ տարբեր ծրագրերում (կոմպոզիտորական, դիրիժորական) ընդգրկված լինելու պատճառով «Փորգի»-ի օպերային կյանքը հետաձգվեց մինչև 1934թ-ը:
1933թ-ի վերջին նրանք նյույորքյան «Guild Theatre»-ի հետ պայմանագիր կնքեցին և մի քանի ամիս անց սկսեցին խորասուզված աշխատել: Երաժշտությունը գրելու համար կոմպոզիտորը հատուկ տեղափոխվեց Հարավային Կարոլինա` տեսնելու և շրջապատվելու այն մշակութային մթնոլորտով, որում ապրում էին վեպի հերոսները: Գերշվինն այստեղ բացահայտեց նաև աֆրիկյան երաժշտության ազգային ռիթմերը, որոնք արդեն մշակված, բայց իրենց գունեղ երանգներով տեղավորվեցին ապագա օպերայում: «Երաժշտությունն իմ կարծիքով չքնաղ է այնքան, որ հավատս չի գալիս, թե ես եմ այն գրել»,- ասել է Գերշվինը իր երկար սպասված օպերայի համար:
1934թ. ստեղծվեց հանրահայտ «Փորգի և Բես» (Փորգին և Բեսը) օպերան: Այն բեմադրվեց 1935թ-ի սեպտեմբերին: Լիբրետոյի և երգերի տեքստի հեղինակներն էին՝ Դյուբոս Հեյվարդը և Այրա Գերշվինը՝ Ջ. Գերշվինի եղբայրը: Այս երկար սպասված ստեղծագործությունից մի քանի հայտնի արիաներ հետագայում դասական երգեր դարձան և ոսկե այցեքարտեր՝ ունկնդրի համար բացելու Փորգիի և Բեսի պատմությունը: Դրանցից ամենահայտնիներն են «It Ain’t Necessary So»-ն, «My Man’s Gone Now»-ն և «Summertime» –ը:
«Summertime». Աշխարհում ամենահայտնի ջազային ստանդարտներից մեկի պատմությունը թերևս նախատեսված չէր այդքան մեծ լինել: Այն սկզբում արիա էր՝ արդեն վերջնական փուլում գտնվող «Փորգի և Բես» օպերայի երկրորդական կերպարներից մեկի` Կլարայի համար: Ջ. Գերշվինը «Summertime»-ի համար երաժշտությունը սկսել էր գրել դեռ 1933թ-ին, փորձելով նրանում ներառել աֆրոամերիկյան մոտիվներ: Այս մոտեցումը երբեմն պատճառաբանվում էր նրանով, որ արիայում աֆրոամերիկյան բառապաշար էր գործածվում՝ գալահական բարբառով: Ողջ ներկայացման ընթացքում արիան հնչում է չորս անգամ. սկզբում՝ որպես օրորոցային, որը Կլարան երգում է իր փոքրիկի համար: Երկրորդ անգամ այն հնչում է երգչախմբի կատարմամբ, որն ուղեկցված է ակտիվ խաղարկային մասով: 2-րդ գործողության մեջ Կլարան երգում է միայն կրկներգը, իսկ 3-րդ գործողության սկզբում այն կատարում է արդեն Բեսը, որպես օրորոցային Կլարայի երեխայի համար:
Այսպես հայտնվեց «Summertime»-ը, որն այսօր համարվում է աշխարհում ամենագեղեցիկ, ամենահայտնի, ամենաշատ մեկնաբանված երգը: Այն միաժամանակ ինչ-որ առումով երաժշտական հիմն է՝ հատկապես ջազում ապրողների համար: Երաժշտական քննադատներից մեկի բնորոշմամբ՝ արիան «ոչ միայն օրորոցային է, այլև հոգևոր երգ», քանի որ խոսքը ներծծված է «կրոնական պատկերաբանությամբ»: http://www.jazzstandards.com/compositions-0/summertime.htm : Չնայած Գերշվինն ինքը չէր հաստատում իր ստեղծագործության մեջ նախկինում ստեղծված և հայտնի հոգևոր որևէ երգի առկայություն, «Summertime»-ը հաճախ նույնականացնում են աֆրո-ամերիկյան «Sometimes I Feel Like a Motherless Child» հոգևոր երգին, որը գործածվել էր «Փորգի» թատերական ներկայացման վերջում: Կարծիքներից մեկի համաձայն էլ, այս արիայի երաժշտությունը Գերշվինը գրել է ուկրաինական մի օրորոցային երգից ներշնչված, որը լսել էր Նյու-Յորքում` ուկրաինական ժողովրդական երգչախմբի կատարմամբ: http://www.ukrweekly.com/old/archive/1998/219816.shtml
Իր հայտնությունից անմիջապես հետո ժամանակի ընթացում այս արիան կատարվեց ամենատարբեր վոկալ-գործիքային մեկնաբանություններով, սակայն մեծ հնչեղություն և ճանաչում ձեռք բերեց այն բանից հետո, երբ երգը կատարվեց ջազային այնպիսի մեծությունների կողմից, որպիսիք են Լուի Արմսթրոնգը և Էլլա Ֆիցջերալդը, Չարլի Փարքերը, Մայլս Դևիսը, Օսկար Պետերսոնը, Ջոն Քոլթրեյնը և ուրիշներ: 1936թ. այն առաջինը ձայնագրեց Բիլլի Հոլիդեյը, և երգը անմիջապես հայտնվեց ամերիկյան երաժշտական շքերթներում: 1957թ. հայտնվեց Սեմ Քուկի cover-ը, մեկ տարի անց՝ Մայլս Դևիսը ներկայացավ իր տարբերակով: Հետաքրքիր մեկնաբանություններից են համարվում ամերիկյան «The Marcels» խմբի (1961թ.), Ջենիս Ջոփլինի (1968թ.), «The Doors»-ի, Նինա Սիմոնի, Նորա Ջոնսի մեկնաբանությունները: Իր յուրահատուկ մեկնաբանության համար «The Zombies», խումբը հաղթող ճանաչվեց 1964թ կայացած բրիտանական երիտասադ խմբերի մրցույթում, միաժամանակ շատ հայտնի դարձնելով հենց այս կատարումը ևս:
Իր յուրահատկությամբ, հզորությամբ, կատարողական անկրկնելի խաղով և զգացմունքային հորդող էներգետիկայով ինձ համար բարձրակետում է ջոփլինյան «Summertime»-ը:
Կատարումների և մեկնաբանությունների առատությամբ «Summertime»-ը շրջանցել է նույնիսկ բիթլյան հանրահայտ «Yesterday» –ը, որի ձայնագրությունների թվաքանակը գերազանցում է 3000-ը: Արիայի ձայնագրման միջազգային կոլեկցիոներական խումբը, որն առավել շատ հայտնի է «The Summertime Connection» անվանումով, գրանցել է երգի ավելի քան 50 672 հրապարակային կատարում, որոնց թվում՝ 41 444-ը ձայնագրված տարբերակներ են ունեցել:
Այս արիան թարգմանվել է բուլղարերեն, չեխերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ճապոներեն, պորտուգալերեն, իսպաներեն, իդիշ, զուլու և աշխարհի այլ հին ու նոր լեզուներով:
Մեկնաբանել