HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Ծրագրից դուրս մնացած գործարանը արտադրությամբ միակն է Հայաստանում

«Ավտոգեն Մ» ՍՊԸ-ն Վանաձորի երկու գործարաններից մեկն է, որ դուրս է մնացել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ծրագրից: Ինչպես Ազգային անվտանգության խորհրդից են տեղեկացնում' ռուս փորձագետների կողմից կոնկրետ այս գործարանի վերաբերյալ համագործակցության առաջարկ չներկայացվելու պատճառով:

Հայ-ռուսական համագործակցությամբ նախատեսվում էր ստեղծել ռազմարդյունաբերական համալիր' ռազմական նշանակության համատեղ արտադրանք ստանալու համար: Այդ նպատակով Հայաստանից ընտրվել էին արդյունաբերական պոտենցիալ ունեցող մի շարք գործարաններ, որոնց թվում' Վանաձորի «Ավտոգեն Մ»-ը: Անձամբ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը բանակցային փուլում բարձր էր գնահատում այս գործարանի արդյունաբերական պոտենցիալը ավտոմեքենաների արտադրության համար: «Արթուր Բաղդասարյանը եկավ, հետը եկել էին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, ռուս արդյունաբերողներ, տնօրեններ: Ասինք' կարող ա մի բան կարողանանք արտադրենք իրանց համար: Հիացան, ասին' լավ կլինի, կմտածենք: Գնացին ու գնացին: Երեւի հետաքրքիր չէր իրանց»,- ասում է Արտակ Ղազարյանը' «Ավտոգեն Մ» գործարանի չորս գործադիր տնօրեններից մեկը:

Երկրի անկախացումից հետո մյուս գործարանների նման «Ավտոգեն Մ»-ն էլ է մասնավորեցվել: Խորհրդային տարիներին 1500 աշխատող ունեցող գործարանում այսօր 300 մարդ է աշխատում' 70 հազար դրամ միջին գործարքային աշխատավարձով: Եթե աշխատողների քանակով տնօրենն իր արտադրությունը միջին մակարդակի է գնահատում, ապա շահույթի տեսակետից, նրա կարծիքով, այն մանր արտադրություն է:

«Ավտոգեն Մ»-ն արտադրում է մեքենա-սարքավորումներ, գազակտրիչներ, գազայրիչներ: Իր արտադրատեսակով միակն է Հայաստանում: Այս առումով գործարանը ԱՊՀ տարածքում էլ է առաջատար: Ռուսաստանի' այս արտադրատեսակի պահանջարկի 40%-ը «Ավտոգեն Մ»-ն է ապահովում: Ինչպես տնօրենն է հիշում, ամբողջ Սովետական Միությունում էլ այս արտադրատեսակը 1-2 արտադրություն է ունեցել: «Ավտոգեն Մ»-ի արտադրանքը Հայաստանում սպառման շուկա չունի. նախ' պահանջարկ չունի: Այն հիմնականում օգտագործվում է նավաշինական, մեքենաշինական արտադրություններում: Բացի այդ, արտադրվող ապրանքն էլ երկար է օգտագործվում: Օրինակ' գազակտրիչը հնարավոր է օգտագործել 2-3 տարի:

«Ավտոգեն Մ»-ի արտադրանքը արտահանվում է Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս: Այն հիմնականում օգտագործում է «Գազպրոմը», որը գազամուղներ է անցկացնում ամբողջ աշխարհում: Հիմնական գործընկերը Մոսկվայում «Միդասոտ» կազմակերպությունն է: Նա է մասնակցում «Գազպրոմի» հայտարարած տենդերներին, շահում դրանք, ապա պատվերն ուղարկում «Ավտոգեն Մ»-ին:

Միջնորդ կազմակերպության հետ աշխատելով' գործարանը կորուստ է ունենում: Միջնորդը («Միդասոտ» կազմակերպությունը), արտադրողից նրա արտադրանքը գնելով, վերավաճառում է պատվիրատուին («Գազպրոմին»):

Արտակ Ղազարյանի ասելով' գործարանն ինքնուրույն չի կարող մասնակցել տենդերի, որովհետեւ «պրոբլեմներ են առաջանում որպես հայկական կազմակերպություն»: «Կարողանայինք «Գազպրոմի» վրա դուրս գալ, լավ կլիներ. 5-10%-ով մեր օգուտը մեզ կմնար: Բայց եթե ուզենք ինքներս տենդեր շահել, «Գազպրոմ» մտնելու թույլտվություն կարող ա մեր ղեկավարությունն էլ չկարողանա ձեռք բերի»,- ,-ասում է նա:

Արտադրանքի հումքը ներկրվում է Ուկրաինայից: Օգտագործվում են գունավոր մետաղներ' պղինձ, լատուն, արույր: Հայաստանը գունավոր մետաղ չունի: Ալավերդիում, ճիշտ է, սեւ պղինձ է ստացվում, բայց այն դեռ պետք է վերամշակվի, դառնա պղնձե ձող, որպեսզի հնարավոր լինի օգտագործել արտադրության մեջ: Դրսից ներկրվող գունավոր մետաղը բավականին թանկ է: Գործարարի փոխանցմամբ' նախորդ տարի 1 տ պղնձի արժեքը եղել է 6 հազար դոլար, այս տարի' 10 հազար դոլար: Նրա կանխատեսմամբ' էլի կթանկանա:

Աշխատանքի պետական տեսչության արձանագրած' «Ավտոգեն Մ»-ի' 2008-ի սեպտեմբեր-դեկտեմբերին չվճարված 35,159,372 դրամ աշխատավարձի պարտքը գործադիր տնօրենը կապում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ: Ըստ պայմանագրի' արտադրանքն ուղարկվել է պատվիրատուին: Վերջինս, սակայն, պատվերի փողը չի ուղարկել, որովհետեւ ճգնաժամի պատճառով արտադրանքը չի կարողացել վաճառել: «Մի ավտոմեքենան կանգնեց 2-3 ամիս. ֆիքսվեց, որ աշխատավարձ չենք տվել: Օրենք կա' պիտի աշխատավարձի պարտքը 2 ամիսը չանցկացնես»,- ասում է տնօրենը: Չվճարված աշխատավարձի պարտքի պատճառով Արտակ Ղազարյանը ենթարկվել է 8,789,843 դրամ վարչական տուգանքի' չվճարված աշխատավարձի 1/4-ի չափով: Այս կապակցությամբ նա իր բողոքն է հայտնում. «Ես փայատեր եմ, պետք է սրա գործունեությունից տամ. հո ես իմ տունը չե՞մ ծախելու, որ տամ: Ենթադրենք փայատեր չեմ, ասել են' արի տնօրեն աշխատի վարձով. էդ մարդը պիտի էդքան տուգանվի՞»:

Վարչական տուգանքը բռնագանձելու վերաբերյալ հարուցվել է դատական վարույթ: Տնօրենը հակընդդեմ հայց է ներկայացրել. ուզում է ապացուցել, որ պարտքն իր մեղքով չի գոյացել: Պնդում է նաեւ, որ ակտը գրելու պահին պարտքը եղել է 40 մլն: Այժմ այն կազմում է 10 մլն: «Էս ընթացքում մարելով էկել ենք, 10 մլն է մնացել»,- ասում է նա:

Արտակ Ղազարյանի խոսքով' համաշխարհային տնտեսական ճգնաժամը դեռ լիովին հաղթահարված չէ. «Ամեն ինչ կախված է Ռուսաստանից, որի հետ աշխատում ենք: Էս պահին մեր պարտնյորներն ասում են' դեռ չի արթնացել Ռուսաստանը: Շարժ չկա ընդեղ, նոր գործի են դուրս գալիս»: Բայց նա լավատես է, որ գործընկերները շուտով կսկսեն աշխատել, եւ իրենք էլ հունի մեջ կընկնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter