
Գործարարներն էլի կմտնեն խորհրդարան
ՀՀԿ-ից միշտ էլ հնչել են հայտարարություններ, թե առաջիկա ընտրություններում չեն խրախուսելու գործարարների մուտքը խորհրդարան, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ՀՀԿ-ն երբեք այդպիսի բան չի ասել և չի էլ պատրաստվում ասել:
«ՀՀԿ-ի ցուցակներում, իհարկե, որոշակի տեղաշարժեր կլինեն, ինչպես միշտ է եղել: Մի մասն այլ դերակատարում կունենան, կգան նաև նորերը»,- ասաց Գ. Սահակյանը:
Այսինքն` «Ազգային ժողովում նորի՞ց կլինեն գործարարներ» հարցին ՀՀԿ խմբակցության ղեկավարը հետևյալ պատասխանը տվեց. «Այսինքն՝ գործարարները համարվում են մեր ժողովրդի և քաղաքական դաշտի թշնամիները, և այդքան մտահոգո՞ւմ է ձեզ: Այդ գործարարները իրենց մեծ դերակատարումն ունեն, որոնց շնորհիվ մարդիկ թոշակներ են ստանում, աշխատավարձ են ստանում: Այնպես որ, քաղաքական սկզբունք դարձնել դա անհրաժեշտ չէ: Բայց միևնույն ժամանակ այսօր էլ մեր գործարարներից կան, որոնք ցանկանում են մտնել բիզնեսի դաշտ, իրենք ղեկավարեն իրենց բիզնեսը, և այդ պայմաններում մարդիկ կլինեն կգնան դեպի իրենց բիզնեսը»:
Ստացվում է, որ Գալուստ Սահակյանն ու իշխանության վերնախավն են որոշում` կատարե՞ն Սահմանադրության համապատասխան հոդվածը, թե՞ ոչ:
Հիշեցում. ՀՀ Սահմանադրություն, հոդված 65. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարողներից են լինելու ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Գաղտնիք չէ նաև, որ այս կուսակցություններն են հիմնականում «ապահովում» գործարարների մուտքը խորհրդարան: Փաստորեն, ՀՀԿ-ն արդեն կողմորոշվել է և չի բացառում գործարարների մուտքը խորհրդարան:
Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ մեզ հետ զրույցում կոնկրետ չնշեց, թե ինչպես են վերաբերում գործարարների մուտքին Ազգային ժողով: Բնականաբար, այլ կարծիք չի էլ կարող լինել, որովհետև խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հաջողակ գործարար է:
«Ես պատասխանատու եմ և կարող եմ խոսել մեր կուսակցության անունից, և վստահաբար ասում եմ, որ մեր կուսակցության համամասնական ցուցակը լինելու է շատ ներկայանալի: Այլ հարցերի չեմ ուզում պատասխանել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել