HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Սպառողական վարկերի 1,92%-ը եկամուտ չեն բերում բանկերին

Հայաստանի բանկային համակարգի ակտիվների 8,19%-ը այս տարվա մայիսի վերջի դրությամբ չաշխատող է: Չաշխատող համարվում են այն ակտիվները, որոնք բանկին եկամուտ չեն բերում։ Դրանք անհուսալի կամ դուրս գրման ենթակա պարտքերն են։ Չաշխատող ակտիվներում ընդգրկված են հսկվող, ոչ ստանդարտ և կասկածելի դասով դասակարգված ակտիվները: Կենտրոնական բանկն այս ցուցանիշի մեջ ներառում է նաև դեբիտորական պարտքերը։

Այսօր հայաստանյան բանկերում վարկավորումը կազմում է բանկերի ակտիվների շուրջ 60%-ը։ Ուստի՝ չաշխատող ակտիվների ցուցանիշի հիմնական ձևավորողները հենց վարկերն են։

Այս տարվա ապրիլի համեմատ Հայաստանի բանկերում չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը չի փոխվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկից։ Երկու ամիսների ցուցանիշները տարեսկզբից գրանցված ամենաբարձրն ցուցանիշներն են։

Չաշխատող ակտիվների ամենամեծ տեսակարար կշիռը սպառողական վարկերինն է։ Մայիսին դրանք կազմել են 1,92%` դեկտեմբերի 1,24%-ի և հունվարի՝ 1,64%-ի դիմաց։ Վատ «աշխատող» ակտիվներով երկրորդ տեղում առևտրի ոլորտին տրված վարկերն են՝ 1,66%-ով (դեկտեմբերին՝ 1,06%, հունվարին՝ 1,46%)։

 

Փաստորեն, բանկերում ակտիվներն առավել լավ աշխատում են տեղեկատվության և կապի ու  ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտներում։

Նշենք, որ բանկերի ընդհանուր ակտիվները, ըստ ՀՀ ԿԲ տեղեկագրի, այս մայիսի վերջի դրությամբ կազմել են 3 տրլն 304 մլրդ 766 մլն դրամ:  Ստորև գտնվող աղյուսակում ներկայացված են նաև հսկվող, ոչ ստանդարտ և կասկածելի դասով դասակարգված ակտիվների ծավալները։ 

Ընդհանուր առմամբ, Հայաստանի առևտրային բանկերում չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը վերջին տարիներին աճել է։ Մասնավորապես, չաշխատող վարկերի քանակի աճ է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում։ Ինչպես նշեցինք, այս տարեսկզբից ևս աճ է գրանցվել։

ՀՀ կենտրոնական բանկն այդ աճը պայմանավորում է այն հանգամանքով, որ  վարկավորումը կազմում է բանկերի ակտիվների 60-61%–ը, իսկ 2014-ին վարկային պայմանները զգալիորեն թույլ են եղել ու վարկեր ներգրավելու հետ կապված խնդիրներ չեն եղել։ Վերը նշված գործոնները հանգեցրել են բանկերի ակտիվներում չաշխատող վարկերի բաժնի աճի։ Ամեն դեպքում, ԿԲ-ն հավաստիացնում է, որ  նույնիսկ դրանց կտրուկ աճի դեպքում բանկային համակարգը լիովին կարող է հաղթահարել այդ վտանգները` կապիտալիզացիայի իր բարձր մակարդակի հաշվին։

ՀՀ կենտրոնական բանկը Ֆինանսական կայունության 2014թ. հաշվետվության մեջ ևս անդրադարձել է այս թեմային։ «Չաշխատող վարկերի (հսկվող, ոչ ստանդարտ և կասկածելի ռիսկային դաս ունեցող) և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկերում և դեբիտորական պարտքերում նախորդ տարեվերջի համեմատ ավելացել է 2,2 տոկոսային կետով և կազմել 6,4%: Չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշռի աճին հատկապես նպաստել է նախորդող 3 տարիներին վարկային պորտֆելի արագատեմպ աճը (տարեկան՝ միջինը 30% աճ): Չաշխատող վարկերի տեսակարար կշռի զգալի աճ է արձանագրվել շինարարության, գյուղատնտեսության և առևտրի վարկերում»,- ասված է հաշվետվության մեջ։

Արդյունքում, աճել է նշված ճյուղերի չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի նպաստումը բանկային համակարգի վարկային պորտֆելում չաշխատող վարկերի ձևավորմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter