HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Սարգսյան

Վանաձորի ամենահին վերելակը` 46, ամենանորը՝ 27 տարեկան է

Լոռու մարզի տարածքում գրանցված է 207 վերելակ, որից 27-ը տեղակայված է Ալավերդու, 163-ը՝ Վանաձորի բազմաբնակարան շենքերում: Ալավերդու թվով 27 վերելակներից և ոչ մեկը արդեն մի քանի տարի է, փորձաքննություն չի անցնում: 2014թ.-ի ընթացքում Վանաձորի 163 վերելակներից փորձաքննություն է անցել ընդամենը 56-ը, 61-ը մի քանի տարի շարունակ գործել է առանց փորձաքննության, ևս 46-ը՝ չի գործել: 2015թ.-ի հունիս-հուլիս ամիսներին փորձաքննություն անցած վերելակների թիվն ավելացել է 19-ով: Լոռու մարզի տեխնիկական անվտանգության բաժնում հույս ունեն, որ մինչև տարեվերջ այս ցուցանիշն ավելի կբարձրանա:

ՀՀ  «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի համաձայն  արտադրական վտանգավոր օբյեկտներ են համարվում այն վերելակները, որոնք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում` արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում` բացառությամբ 250 կգ և փոքր բեռնատարողությամբ վերելակների:

Լոռու մարզի բազմաբնակարան շենքերում տեղադրված բոլոր վերելակները 250 կգ-ից ավելի բեռնատարողություն ունեն:Մեկ վերելակի փորձաքննության արժեքը 2.930 դրամ է: Բազմաբնակարան շենքերի վերելակների փորձաքննության անցկացման համար պատասխանատու են համատիրությունները: Վերջիններս պետք է պայմանագիր կնքեն Լոռու մարզի տեխնիկական անվտանգության բաժնի հետ, որից հետո տարեկան մեկ անգամ կանցկացվի վերելակների փորձաքննություն: Վանաձորյան համատիրությունները, սակայն, մինչև վերջերս ակտիվություն չէին ցուցաբերում վերելակները փորձաքննության ենթարկելու հարցում:

Կարեն Բոյաջյան

«Համատիրություն կա, որի հաշվին 11-12 վերելակ կա գրանցած, բայց 12-ից ընդամենը մեկը կամ երկուսն է փորձաքննություն անցնում: Անհասկանալի է, թե ինչո՞ւ մեկն անում են, մեկը՝ չեն անում, մանավանդ որ փորձաքննության գումարը շատ մատչելի է»,-  այս տարվա գարնանը մեզ հետ զրույցի ժամանկ նշել էր Լոռու մարզի տեխնիկական անվտանգության բաժնի պետ Կարեն Բոյաջյանը:

Իրավիճակն այս առումով որոշակիորեն փոխվեց միայն մեկ-երկու ամիս առաջ, երբ Երևանի շենքերից մեկի վերելակն ընկնելու արդյունքում գրանցվեց հերթական դժբախտ դեպքը: Սա զգաստացրեց ինչպես ոլորտի պատասխանատուներին, այնպես էլ համատիրությունների նախագահներին:

Վանաձորի քաղաքապետարանում այս թեմայով հրավիրվեց հատուկ հանդիպում-քննարկում, որի ժամանակ Կ. Բոյաջյանը և Վանաձորի քաղաքապետարարանի համատիրությունների ու բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը համատիրությունների նախագահներին հորդորեցին պայմանագրեր կնքել վերելակների փորձաքննության համար:

Հորդորելը հորդորել, սակայն օրենքով սահմանված նորմերը չկիրառելու և ժամանակին փորձաքննություն չանցած վերելակների համար պատժամիջոցներ սահմանող ու կիրառող մարմինը մարզում ՀՀ տարածքային  կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունն է: Այստեղ, սակայն, այնքան էլ տրամադրված չեն մարդկանց կյանքին ու անվտանգությանը սպառնացող վերելակների գործունեությունը կանոնակարգելու հարցում:

Վերջին 3 տարիներին տեսչությունը փորձաքննություն չանցած որևէ վերելակի համար  համատիրությունների նկատմամբ տույժ տուգանքներ չի կիրառել:

Հարցին՝ ինչո՞ւ, տեսչության պետ Զավեն Ղևոնդյանը պատասխանում է. «Նրանց տրվել է ժամանակ, որ այս տարվա ընթացքում բոլորը անցնեն և այդ ժամանակում ես վստահ եմ, համենայն դեպս մտածում եմ, որ մարդիկ կգիտակցեն և կանեն օրենքով սահմանված դրույթները, այն է՝ ամենամյա փորձաքննություն կիրականացնեն»:

Տեսչության պետը հարցի լուծումը տույժ-տուգանքների կիրառման մեջ չի տեսնում.

«Գտնում եմ, որ մարդիկ իրենք պատկերացնում են վտանգավորությունը և տուգանքի մեջ չեմ տեսնում, չեմ կարծում, որ պետք է մարդկանց պատժել։ Այսինքն՝ մտածենք, որ տուգանք անենք, որ մարդը էդ գործառույթները կատարի, մարդիկ իրենք են ցանկություն հայտնում, էլ ի՞նչ նպատակ ունի որ… 5 օր էս կողմ, մի ամիս էն կողմ, մարդը կատարում ա իրա աշխատանքները»:

Զավեն Ղևոնդյան

Դիտարկմանս, որ 5 օր այս կողմ, 5 օր այն կողմը կարող է ճակատագրական լինել, տեսչության պետն արձագանքում է. «Գիտեք, եթե ճակատագրական այդ դեպքը լինի, ամեն պահ էլ կարելի է սպասել այդ դեպքին: Բայց թու թու թու, մենք դեպք չենք ունեցել և Աստված ոչ անի, որ դեպք լինի…»:

Տեսչության պետը տույժ-տուգանք կիրառելուց զատ հարկ չի համարել նույնիսկ գրավոր նախազգուշացումներ ուղարկել համատիրություններին: Այստեղ բավարարվել են ընտրողաբար, մի քանի համատիրությունների բանավոր զգուշացումներ տալով: «Կոնկերտ որ թաղամասում ես ապրում եմ, այդ թաղամասում համատիրության նախագահին ես տեղեկացրել եմ բանավոր, Դիմաց, Ցալկուտ և 3-րդ մաս կոչվող թաղամասերում եմ տեղեկացրել բանավոր,- ասում է տեսչության պետը:

Վանաձորի քաղաքապետարանի բնակարանային տնտեսության ու համատիրությունների բաժնում էլ բավարարվել են քաղաքապետի անունից համատիրությունների նախագահներին գրություններ ուղարկելով:

Ինչ վերաբերում է փորձաքննությունն իրականացնող Լոռու մարզի տեխնիկական անվտանգության բաժնին, ապա այստեղ էլ նշում են, որ իրենց գործը դիմող համատիրութունների վերելակների փորձաքննության անցկացումն է: Այսինքն, դիմում են, փորձաքննությունն իրականացնում են, չեն դիմում՝ չեն իրականացնում:

Արդյունքում այս երեք օղակների շուրջ պտտվող վերելակների խնդիրը ամեն պահի կարող է ավարտվել ինչ-որ մեկի մահով:  

Գ. Պառավյան

Վերելակների շահագործման երաշխիքային ժամկետն ըստ մասնագետների սահմանված է 25 տարի: Քաղաքապետարանի համատիրությունների ու բնակարանային տնտեսության բաժնի պետ Գ. Պառավյանի տեղեկացմամբ՝ Վանաձորում վերելակ ունեցող բազմաբնակարան շենքերը կառուցվել են մինչև 1988թ.-ը, ամենահինը՝  Տիգրան Մեծի 77-ը, կառուցվել է 1969թ.-ին:

Սա նշանակում է, որ Վանաձորի ամենահին վերելակը 46, իսկ ամենանորը՝ 27 տարեկան է: Երաշխիքային ժամկետից երկար գործելը Վանաձորում պատասխանատուները բացատրում են հետերկրաշարժյան տարիներին որոշ ժամանակ վերելակների չգործելով: Մյուս կողմից էլ վստահեցնում նե, որ ընթացիկ նորոգումների արդյունքում հնարավոր է եղել երկարաձգել վերելակների շահագործման ժամկետները:

Պաշտոնական տվյալներով` վերջին 10 տարիների ընթացքում Վանաձորի 163 վերելակներից նորոգվել է շուրջ 50-ը, որից 11-ը՝ ՀՀ կառավարության, մնացածը՝ Վանաձորի քաղաքապետարանի ու շենքի համասեփականատերերի համատեղ ներդրմամբ: Սա, սակայն, քաղաքի վերելակների 30 տոկոսն էլ չի կազմում:

Հին վերելակները նորով փոխարինելու մասին խոսք անգամ լինել չի կարող. անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չկան:

Եվ Վանաձորում շարունակում են գործել երաշխիքային ժամկետները լրացած վերելակները, որոնց հաճախակի խափանումները բնակիչների համար դարձել են ամենօրյա, սովորական երևույթ:  

Առաջին լուսանկարը` vanadzor.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter