HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՎիվաՍել-ՄՏՍ, Բիլայն, Օրանժ. ինչ դիրքերում են «բջջային» մրցակիցները

Տարիներ առաջ, երբ Հայաստանի բջջային շուկայի «տերն ու տիրականը» «ԱրմենՏել» ընկերությունն էր, (Beeline ապրանքանիշով) ոչ բոլորին էր հասու բջջային կապից օգտվելու հնարավորությունը։ Շատերը կհիշեն, որ այդ ժամանակ բջջային հեռախոսհամարներն ու կապի սակագները բավականին թանկ էին և ոմանց համար համարվում էին ճոխություն։ Պատկերը շրջադարձային փոխվեց, երբ 2005 թվականին շուկա մուտք գործեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ, ապրանքանիշը՝ Vivacell). գները կտրուկ նվազեցին։ Նվազման միտումը շարունակվեց «Օրանժ Արմենիա»-ի մուտքով (2009 թվականից)։ Այս ամենը շուկայական մրցակցության արդյունք էր։ Այդ մրցակցությունը գնալով ավելի է խորանում, ու դրանից շահում են հենց քաղաքացիները։ Բաժանորդ ձեռք բերելու համար բջջային կապի օպերատորները ստիպված են լինում պարբերաբար նվազեցնել առաջարկվող սակագները, նոր զեղչեր և ակցիաներ հայտարարել։ Եվ դա ոչ միայն բջջային հեռախոսակապի, այլև՝ ինտերնետ կապ շուկայում։ Երեք օպերատորներն էլ առաջարկում են և մեկը, և մյուսը։

Ինչպիսի՞ն է պատկերն այսօր ՀՀ բջջային կապի շուկայում, ո՞ր ընկերությունն ավելի շատ բաժանորդ ունի, ի՞նչ ծախսեր են անում, ի՞նչ եկամուտներ ստանում և այլն։ «Հետքն» ուսումնասիրել է բջջային կապի երեք օպերատորների վերջին մեկ տարվա տեխնիկատնտեսական ցուցանիշների եռամսյակային հաշվետվությունները և փորձել գտնել այս հարցերի պատասխանները։ Օպերատորների ներկայացրած վերջին ցուցանիշները այս տարվա առաջին եռամսյակինն են։

Ամենաշատ բաժանորդ Vivacell-ն ունի

Այսպիսով, այս տարվա մարտի դրությամբ Հայաստանում բջջային կապի բաժանորդների ընդհանուրը թիվ  (կանխավճարային և հետվճարային բաժանորդների քանակը) կազմում է 3 մլն 404 հազ. 701։ 2014-ի մարտի համեմատ բջջային կապի ակտիվ բաժանորդների ընդհանուր թիվն աճել է  85 հազ. 770-ով։ Այս ընդհանուր ցուցանիշի մեջ են ներառվում  նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդների (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների) ու տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների (հեռախոսի միջոցով) թիվը։ Սակայն Հայաստանում ինտերնետ շուկային կանդրադառնանք առանձին հոդվածով, քանի որ բացի այս երեք օպերատորներից, ինտերնետ ծառայություններ են մատուցում նաև այլ ընկերություններ (Ucom, Rostelecom, Interactive, Arminco և այլն):

Բջջային երեք օպերատորների շարքում բաժանորդների թվով բացարձակ առաջատարը Vivacell-ն է, որի բաժանորդների թիվն այս տարվա մարտի վերջի դրությամբ 2 մլն 116 հազ. 641 է։ Հաջորդում է Beeline-ը՝ 790 հազ. 327 բաժանորդով, իսկ երրորդ տեղում Orange-ն է՝ 497 հազ. 733 բաժանորդով։

Ընդ որում, մեկ տարում՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, Vivacell-ի բաժանորդների թիվն ավելացել է 14 հազ. 164-ով։ Զգալի առաջընթաց է գրանցել  Beeline-ը, որի բաժանորդների թիվն ավելացել  է  90 հազ. 946-ով, իսկ Orange-ինը՝  19 հազ. 340-ով։ Այսինքն, ըստ բաժանորդների քանակի, Vivacell-ը զբաղեցնում է բջջային կապի շուկայի մոտ 62,2%-ը։

Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսի 30-ին Հայաստանի շարժական կապի երեք օպերատորները հիմնեցին «Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայություն մատուցող օպերատորների միություն», որի նպատակն է ստեղծել և շահագործել շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության ծառայությունները Հայաստանում: Այն բաժանորդներին թույլ է տալիս փոխել իրենց օպերատորին՝ առանց հեռախոսահամարը փոխելու։ Այս ծառայությունը գործում է նախորդ տարվանից։ Ուստի հնարավոր է, որ բջջային օպերատորների բաժանորդների թվի փոփոխություններին նպաստել է նաև այս ծառայությունը։

Գործառնական ծախսեր (OPEX). որքան են ծախսում աշխատակիցներին վարձատրելու և գովազդի համար

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, «ԱրմենՏելն» ու «Օրանժ Արմենիան» իրենց ֆինանսական հաշվետվություններում ներկայացնում են նաև գործառնական ծախսերը, որոնք ներառում են փոխկապակցման, կապուղիների վարձակալման, գովազդային և մարքետինգային, շարժական բջջային կապի ցանցի շահագործման և պահպանման ու այլ բնույթի ծախսերը։ Ընդհանուր առմամբ՝ այս տարվա առաջին եռամսյակում  «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գործառնական ծախսերը կազմել են շուրջ 8,724 մլրդ դրամ, «ԱրմենՏել»-ինը՝ 3,734 մլրդ  դրամ, իսկ «Օրանժ Արմենիա»-ինը՝ 5,173 մլրդ դրամ։ Կարծում ենք, այս ընդհանուր ցուցանիշներից առավել հետաքրքիր են աշխատակիցների վարձատրման ու գովազդային և մարքեթինգային ծախսերի ցուցանիշները։

Այսպիսով, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի 8,724 մլրդ դրամի գործառնական ծախսերից 2,388 մլրդ դրամը աշխատակիցներին վճարած  աշխատավարձներն են։ Հաշվետվություններում օպերատորները չեն ներկայացնում, թե քանի աշխատակից ունեն։ Ոչ էլ՝ թե մեկ աշխատակցին միջինում որքան աշխատավարձ է բաժին ընկնում։ Փոխարենը տարբեր հավաստի աղբյուրներից կարելի է գտնել ինֆորմացիան, թե քանի աշխատակից ունեն, բայց դրանց հիման վրա միջին աշխատավարձի մեր հաշվարկները կլինեն շատ մոտավոր և լղոզված, քանի որ ինչպես բոլոր ընկերություններում, այնպես էլ այս երեքում մի աշխատակիցը կարող է ստանալ 100 հազ. դրամ ամսական աշխատավարձ, մյուսը՝  500 հազ. դրամ։  Օրինակ՝ այս տարվա հուլիսի 1-ին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նշեց է իր գործունեության տասնամյակը։ Այդ օրը ընկերության գլխավոր  տնօրեն Ռալֆ Յիրիկյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ ներկա դրությամբ իրենց աշխատակիցների թիվը մոտ 1400   է։ Ստացվում է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ում մեկ աշխատակցին բաժին հասնող միջին ամսական աշխատավարձը կազմում է 568 հազ. դրամ։ Ընդհանուր առմամբ, 2014-ի առաջին եռամսյակի համեմատ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը աշխատանքի վարձատրության ծախսերն ավելացրել է 124,6 մլն դրամով։

Իսկ «ԱրմենՏելի» գործառնական ծախսերից աշխատավարձներին հատկացվել է  613  մլն դրամը (աճը՝ 92,6 մլն դրամ)։  «Օրանժ Արմենիան» էլ աշխատակիցներին վճարել է  722 մլն  դրամ (նվազումը՝  29,8 մլն դրամ)։

Այս ընկերություններում աշխատում են մարքեթոլոգների և գովազդով զբաղվող մարդկանց մեծ թիմեր։ Այդ մասին են վկայում լրատվամիջոցներով ցուցադրվող հաճախակի գովազդները, ինչպես նաև՝ փողոցում փակցված պաստառները, տարբեր ակցիաները, մի խոսքով՝ այն աշխատանքը, որը նրանք կատարում են թե մրցակցության կանոններից ելնելով, թե եկամուտի համար։ Ընկերությունները իրենց ամսական գործառնական ծախսերից որոշակի գումար հատկացնում են գովազդին ու մարքեթինգին։

Այս տարվա առաջին եռամսյակում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը դրանց համար ծախսել է 489 մլն դրամ, «ԱրմենՏելը»՝ 175 մլն դրամ, իսկ «Օրանժ Արմենիան» ՝ 414 մլն դրամ։

Երեքի եկամուտներն էլ նվազել են

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի, «ԱրմենՏելի» ու «Օրանժ Արմենիա»-ի տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվություններն ուսումնասիրելի տեսնում ենք, որ երեք  օպերատորների եկամուտներն էլ նվազել են։ Այդ եկամուտները նրանք ստանում են շարժական կապից և հարակից գործունեությունից՝  ձայնային ծառայություններից, ավելացված արժեքի ծառայություններից, կարճ և մուլտիմեդիա հաղորդագրություններից, լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններից, միջազգային ռոումինգ ծառայություններից և այլն։ Օպերատորների եկամուտների այս տարվա և 2014-ի առաջին եռամսյակի ցուցանիշները ներկայացնում ենք ինֆոգրաֆիկայի միջոցով։

Ստացվում է, որ չնայած երեք օպերատորներն էլ այս տարի ավելացրել են բաժանորդների թիվը, սակայն նրանց եկամուտները նվազել են։

Նրանք նաև Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում են։ Այստեղ ևս կան հետաքրքիր ցուցանիշներ և դինամիկա, որոնք կներկայացնենք առաջիկայում։

Մեկնաբանություններ (5)

Հովսեփ
Ինձ ավելի շատ հետաքրքրում ա շարժական ու ֆիքսված ինտերնետ ծառայության որակն ու արժեքը Հայաստանում, քանի որ բջջային կապն արդեն բավականին զարգացել ա ու քիչ թե շատ մատչելի ա նույնիսկ անապահով խավի համար: Նույնը չէի ասի ինտերնետի պարագայում: Հայաստանում դեռևս ինտերնետի որակը և գինը բազմաթիվ անգամներ զիջում են այլ երկրներում առկա ստանդարտներին: Կցանկանայի, որպեսզի Հետքը խորն ուսումնասիրություններ կատարեր այս հարցի շուրջ` պարզելով նաև հենց օպերատորների պլանները: Օրինակ Հարավային Կորեայում կյանքը հիմնված ա ինտերնետի վրա: Ամեն ինչ կարելի ա անել տնից դուրս չգալով: Ինտերնետը առկա ա ամենուրեք: Նույնիսկ ամենահեռավոր գյուղում նվազագույն երաշխավորված արագությունը կազմում ա 20 մեգաբիթ/վայրկյան: Իսկ հանրահայտ Գանգնամ փոողցում, որը Կորեայի սիրտն ա համարվում, արագությունը կազմում ա 90 մեգաբիթ/վայրկյան: Ու այս ամենը շարժական կապի մասին ա:
Vardkez
Տարարածաշրջանում ամենա թանկ նեք վճարում բջջային կապի համար եթե հաշվենք այն որ մեր երկրում գործազրկությունա տիրում ու այս պայմաներում շատերը շարունակում են օգտվել բջջային ծառայություններից: Հետգրություն թանկ նեք վճարում ոչմիայն բջջային կապին այլ գրեթե ամենիչին էլեկտրաէներգիան, գազին, ջրամատակարարմանը որը իդեպ տարածաշրջանում վաղուց 24-ժամյա մատակարարվում է իսկ Մեր երկրում դեռ 1988թվականների ժամանակվա պես գրաֆիկով են մատարարում իսկ շատ վայրերում ջրի կարոտ են զգում, առաջին անրաժեշտության ապրանքները արդեն թանկացել է:
Լեվոն
Հարգելի Ավետ եվ Սեդա, Նախկին օպերատորն էր Հունակական ՕՏԵ ընկերությունը « ԱրմենՏել» ապրանքանշանի ներքո:
Սեդա
Հարգելի Ավետ, նախ 2008-ից չէ, այլ՝ 2006-ից։ Այդ տարի Վիմպելկոմ-ը ձեռք է բերել Արմենտել-ի բաժնետոմսերի 90%-ն ու սկսել բջջային կապը մատուցել է Beeline ապրանքանշանի ներքո։ Եվ հետո, փակագծում Beeline-ը նշել եմ որպես ներկա ապրանքանիշ։
Ավետ
Հենց առաջին նախադասության մեջ աչքս ծակեց մի սխալ. այն ժամանակ Beeline ապրանքանիշ չկար Հայաստանում, հենց ArmenTel էր ապրանքանիշը: Beeline ապրանքանիշը 2008-ից մեկնարկեց, երբ ԱրմենՏելը արդեն նորմալ օպերատոր էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter