HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. Կալենցի «Մադոննան», որ գտավ իր «եկեղեցին»

Աննա Բաբաջանյան

Տիրամորն իր մանկան հետ պատկերելու փորձեր շատ նկարիչներ  են արել: Հայ նկարիչներն էլ, լինելով աշխարհում քրիստոնեությունն առաջինն ընդունած պետության ներկայացուցիչներ, բազմիցս իրենց պատկերացմամբ նկարել են Աստվածածնին եւ նրա որդուն: Այդ կտավների մեջ, սակայն,  իր նշանակությամբ եւ պատմությամբ առանձնանում է մեկը, որը երկար ճանապարհ անցնելուց հետո վերջապես պետք է գտներ իր «եկեղեցին»:

Կաթողիկոս Վազգեն Առաջինը ժամանակին մեծ ցանկություն ուներ պատկերված տեսնելու  իսկական հայկական մադոննա: Այդ նպատակով նա դիմում է նշանավոր հայ նկարիչ Հարություն Կալենցին, որի հետ ինքն  ընկերական հարաբերությունների մեջ էր: Նկարչի առջեւ բարդ խնդիր էր դրված. հարկավոր էր խորը ուսումնասիրություններ կատարել` մադոննայի հայկական տեսակը վերարտադրելու համար: Կալենցը ոչ մի կտավի վրա այդքան երկար չէր աշխատել, որքան այս մեկի: Նա երկար ճամփորդում է Հայաստանով,  այցելում մի շարք անհայտ եկեղեցիներ, ծանոթանում միջնադարյան պատկերների, սկսում ուսումնասիրել մեր հայկական մագաղաթները, Մատենադարանում եղած տարբերակները,  փորձում հասկանալ` ինչ է մադոննան, ինչպես է այն մեկնաբանվում հայկական աստվածաբանության մեջ, ինչպես ստեղծել մի կնոջ, որը նման չէր եւ ոչ ոքի:

«Մեր եկեղեցականները, լինելով լուսավորչական, իրենք էլ չգիտեին` ինչ է նշանակում հայկական մադոննա: Նրանք լավ տեղյակ էին Ռաֆայելի, Միքելանջելոյի  նկարած տիրամայրերից, բայց չէ՞ որ դրանք կաթոլիկ  եկեղեցու մադոննաներ էին, որոնք տարբերվում էին իրենց չափումներով, գույների իմաստավորումներով, իսկ Կալենցին հարկավոր էր ստանալ հայկական մադոննա»,-«Հետք»-ի հետ զրույցում նշեց Հարություն Կալենցի որդին` նկարիչ Սարո Կալենցը, ով այդ մեկ տարվա ընթացքում ճամփորդել է հոր հետ, եղել նրա  կատարած աշխատանքի ականատեսը:

Երկար ուսումնասիրություններից ու հետազոտական գործընթացից հետո Կալենցը վերջապես ստեղծում է իր նախապատրաստական  աշխատանքները: Ավելի ուշ` 1960-ին,  ծնվում է նկարի վերջնական տարբերակը, որն աչքի էր  ընկնում իր պարզությամբ,  եւ   դիտելիս  թվում էր, թե այն ստեղծվել էր ընդամենը մեկ ժամում: Կալենցն իսկապես հպարտ էր ստացված արդյունքով: Երբ նա իր «Մադոննան»  տանում է կաթողիկոսի մոտ, Վազգեն Առաջինը նայում-նայում է կտավին ու ասում. «Կալե´նց, սա հիանալի աշխատանք է, բայց վախենամ` մեր ժողովուրդն այն չհասկանա»:

Կալենցի «Մադոննան»

«Հայրս շատ անմիջական մարդ էր եւ իր արձագանքների մեջ էլ այդպիսին էր, նա, շատ կտրուկ կերպով ասում է` 2000 տարի մեր ժողովուրդն այս մադոննան հասկանում էր, հանկարծ սկսեց չհասկանա՞լ, ի՞նչ պատահեց մեր ժողովրդին, կարո՞ղ է` հիմարացավ, չէ՞ որ  մեր նախնիները պատկերել են  նմանատիպ, իրենց պատկերացրած մադոննաներին: Այդպիսով` հայրս զայրացած վերցնում է կտավն ու գալիս է տուն, քնում: Առհասարակ, նա մի սովորություն ուներ. երբ շատ էր զայրացած լինում, պառկում-քնում էր` զայրույթն ուրիշների վրա «չթափելու» համար»,-պատմեց Սարո Կալենցը:

Այդ ժամանակ Կալենցների տուն է այցելում ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանը, ով նկարչի արվեստի մեծ սիրահարներից էր: Տեսնելով նրա  պատկերած մադոննան` Ալիխանյանը շատ է հավանում այն, անգամ ասում է, որ ամբողջ աշխարհում ման է եկել, բայց նման տիրամայր չի տեսել:  Հետո վերցնում է Կալենցի գործն ու տանում այն:  «Հայրս զարթնեց, ասաց` ուր է մադոննաս, ասացինք` Ալիխանյանը տարավ, զանգեց, ասաց` Արտե´մ, աշխատանքը բեր, ես դրա մեկ այլ տարբերակ ինքս ինձ համար պետք է նկարեմ: Ես օգնեցի նրան  եւ այդ երկրորդ տարբերակի ստեղծման հարցում իմ դերակատարությունն ունեցա: Հենց այն արդեն պատրաստ էր, հայրս կտավի առաջին տարբերակը կրկին տվեց Ալիխանյանին»,-հիշեց Սարո Կալենցը:  

Անցնում են տարիներ, Հարություն Կալենցի  մահվանից հետո Ալիխանյանը  Կալենցների ընտանիքից խնդրում է   «Մադոննայի» երկրորդ տարբերակը`  ԱՄՆ-ում բնակվող  Կիրակոսյան ազգանվամբ շատ հայտնի հայ ֆիզիկոսի  նվիրելու համար: Խնդրանքը կատարվում է: «Տեւական ժամանակ անց մենք իմացանք, որ Ալիխանյանը ծանր հիվանդ էր: Մորս հետ գնացինք Մոսկվա, այցելեցինք  հիվանդանոց` նրան տեսակցության: Նա շուռ էր եկել դեպի պատը, մահամերձ էր, ոչ ոքի հետ չէր խոսում: Հենց իմացավ, որ ես  իր մոտ եմ, շրջվեց, ասաց` սրիկայի մեկը, ճիշտն ասա, մադոննաներից ո՞րն էր օրիգինալը. այն, որ ինձ մոտ էր, թե՞ այն մյուսը, որ տվեցինք Կիրակոսյանին: Ասացի` ձեր մոտինն է օրիգինալը, ասաց` լավ, ուրեմն կարող եմ հանգիստ մեռնել»,-պատմեց նկարչի որդին:

Դրանից երկար տարիներ անց Սարո Կալենցն իմանում է, որ Ալիխանյանի կինը մեկնում է երկրից: Նա հիշում է կտավի մասին եւ գնում է այն Ալիխանյանի կնոջից:  Բայց «Մադոննայի» հետ կապված պատմությունն այսքանով չի ավարտվում:

Տարիներ անց Կալենցների տանը վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ բանվորները գալիս ու Սարո Կալենցին հայտնում են, որ փայտի վրա պատկերված մի նկար են գտել. «Բանն այն է, որ հայրս «Մադոննան» պատկերելիս զուգահեռաբար այն նկարում էր նաեւ մի փայտի վրա: Մենք երկար ժամանակ չգիտեինք, թե փայտի վրայի տարբերակն ուր էր կորել: Ի վերջո, այն հայտնաբերեցին բանվորները` նարդի խաղալու սեղանի  տախտակի հետեւամասից: Հայրս այն ժամանակ այնքան էր զայրացել, որ  փայտին նկարված տարբերակը չքացրել էր: Մենք այդ նկարն էլ դրեցինք շրջանակի մեջ ու պահեցինք»,-պատմեց Ս.Կալենցը:

Այսօր «Հայկական մադոննայի» երկու տարբերակներն էլ պահվում են  Հարություն  Կալենցի թանգարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter