12-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողներն են...
«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին այսօր՝ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է մրցանակակիրներին:
Միջազգային խաղարկային մրցույթում Ոսկե ծիրան մրցանակին են արժանացել «Օձի գրկում» (ռեժ.՝ Սիռո Գեռա (Կոլումբիա)) և «Ձմռան վերջը» (ռեժ.՝ Կիմ Դե-հուան, (Հարավային Կորեա)) ֆիլմերը: Ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել «Իշկանուլ» ֆիլմը (ռեժ.՝ Խայրո Բուստամանտե, (Գվատեմալա/Ֆրանսիա)):
Ինչպես հայտնում է կինոփառատոնի լրատվական ծառայությունը, այս տարի առաջին անգամ հանձնվել է նաև նոր՝ Հանդիսատեսի Համակրանք մրցանակը, որն ստացել է գերմանացի ռեժիսոր Մարկ Բրումունդը՝ իր «Սրբարան» (Գերմանիա) ֆիլմի համար:
Միջազգային վավերագրական մրցույթի հաղթողներն են «Իմաստի ստեղծումը» (ռեժ.՝ Սիմոնե Ռապիզարդա Կազանովա, (Կանադա/Իտալիա), 1-ին մրցանակ) և «Գերմանական երիտասարդություն» (ռեժ.՝ Ժան-Գաբրիել Պերիո (Ֆրանսիա/Գերմանիա/Շվեյցարիա), 2-րդ մրցանակ) ֆիլմերը:
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում Ոսկե ծիրան մրցանակին է արժանացել «Ամեն ինչ լավ կլինի» ֆիլմը (ռեժ.՝ Պատրիկ Ֆոլռաթ, (Գերմանիա/Ավստրիա)), իսկ Արծաթե ծիրանի՝ «Չելլե» ֆիլմը (ռեժ.՝ Դավուդ Խայամ (Մեծ Բրիտանիա)): Ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվել է «Ամեն ինչ՝ վաճառքի» ֆիլմի ռեժիսոր Ֆարհադ Ղոլամիին (Իրան):
Հայկական համայնապատկեր ազգային մրցույթի այս տարվա հաղթողներն են «Մեկ, երկու, երեք» լիամետրաժ խաղարկային (ռեժ.՝ Արման Երիցյան, (Հայաստան/Գերմանիա/Նորվեգիա)) և «Բժիշկը» կարճամետրաժ խաղարկային (Աննա Գորոյան, (Ռուսաստան)) ֆիլմերը:
Լավագույն սցենարի համար Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակը շնորհվել է «Ճանապարհ» ֆիլմին (Գագիկ Մադոյան, (Հայաստան)):
Ֆիպրեսի և Էկումենիկ մրցույթների հաղթող է ճանաչվել «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը (ռեժ.՝ Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)): Խրախուսական մրցանակ է ստացել նաև «Սիվաս» ֆիլմը (ռեժ.՝ Քաան Մյուժդեջի, (Թուրքիա/Գերմանիա)):
լուսանկարը՝ Ոսկե ծիրանի պաշտոնական կայքից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել