HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատվածներ Կոնստանտին Քեչեկի «Հիշողություններ» գրքից (մաս 3-րդ)

Սկիզբը

Հեղափոխությունից հետո, երբ ստեղծվեց Ադրբեջանի անկախ հանրապետությունը Բաքու մայրաքաղաքով, այնտեղ սկսվեցին ազգային-քաղաքական խժդժություններ բուրժուազիայի դեմ, հատկապես հայերի, ովքեր քաղաքում և արդյունաբերության մեջ զբաղեցնում էին բավական նկատելի դիրքեր:                                                                             

Մաշա հորաքույրը ծնունդով Թիֆլիսից էր, բայց երկար տարիներ ապրում էր Բաքվում, որտեղ ամուսինն աշխատել էր նավթային արդյունաբերությունում և սպանվել 1918-19 թվականների ազգայնա-կրոնական խռովությունների ժամանակ: Մաշային հաջողվել էր փրկվել, փախչել Թիֆլիս, որտեղ նա ապրում էր որդեգրած զարմուհու՝ Ասյա Վերմիշովայի հետ:                              

Փախստականների ծանր ժամանակաշրջանից հետո, կյանքը Թիֆլիսում մեզ թվաց իսկական դրախտ: Հայրս գտավ ծանոթ շատ գործընկերների, նրանցից ոմանք փորձեցին հորս օգնել աշխատանք գտնելու հարցում: Սակայն այն ժամանակ ոչ վրացի մտավորականների համար դրությունն բավական ծանր էր, քանի որ Վրացական Ժողովրդավարական Հանրապետության ստեղծումից հետո վրացի մտավորականների մի զանգված Ռուսաստանից եկել էր Թիֆլիս: Բնականաբար, հաշվի առնելով լեզվի իմացությունը և ունեցած կապերը, նրանց ավելի մեծ տեղ էր տրվում, հատկապես պետական հաստատություններում: Այս պատճառով էլ հորս բոլոր փորձերը Թիֆլիսում որևէ պաշտոն ստանալ ապարդյուն էին: Ապրել Մաշա հորաքրոջ մոտ`բազմամարդ բնակարանում, առանց միջոցների, դժվա ու անհարմար էր: Մայրս և հայրս ծախում էին արժեք ներկայացնող ամեն ինչ, սակայն այդ պաշարներն էլ էին վերջանում: Վերջ ի վերջո բարի մարդիկ հուշեցին գավառային փոքր քաղաքներից մեկում դասավորվելու հնարավորության մասին, քանի որ նման տեղերում բժշկի կարիք շատ էր զգացվում: Շուտով պարզվեց, որ Բաթում քաղաքից ոչ հեռու գավառային Օզուռգետ փոքրիկ քաղաքի հիվանդանոցի վիրաբուժական բաժնի վարիչի տեղը ստանալու հնարավորություն կա:

Կամաց-կամաց կիսագյուղական, կիսաքաղաքային պայմաններում մեր կյանքը մտավ սովորական հունի մեջ այս  փոքրիկ, հյուրասեր քաղաքում: Պետք է ասել, որ Վրաստանում, հատկապես Թիֆլիսում, բավական շատ հայեր էին ապրում: Մտավորականության մեջ՝ թե՛ վրացական, թե՛ հայկական, ռուսերենը բավական տարածված էր, սակայն նրանք, ովքեր ծնունդով Վրաստանից էին, հիմնականում խոսում էին վրացերեն: Ե՛վ կառավարությունում, և՛ զինվորական հրամանատարության մեջ, որտեղ շատ էին տարբեր չինովնիկները և ծառայողները, շատ էին ռուսները: Քանի որ ռուսական տիրապետումը Կովկասում հարյուր տարուց ավելի էր, մտավորականության մեջ շատ էին ռուսացած վրացիներ և հայեր՝ մեր ընտանիքի նման: Այնուամենայնիվ, ազգային պատկանելությունը հայրենիքում`վրացերենը`Վրաստանում, հայերենը` Հայաստանում, ավելի վառ էր արտահայտվում, քան նրանց մոտ, ովքեր ապրում էին Ռուսաստանում:                                               

Հայաստանը, գտնվելով մահմեդական աշխարհի սահմանին, արդեն վաղուց կորցրել էր իր քաղաքական անկախությունը, իսկ 19-րդ հարյուրամյակից սկսած բաժանվել էր Ռուսաստանի, Թուրքիայի ու Պարսկաստանի միջև: Իսկ Վրաստանն՝ ընդհուպ մինչև Ռուսաստանի կողմից նվաճվելը, ինքնուրույն երկիր էր, չէր մասնատվել այլ նվաճողների միջև, ինչպես Հայաստանը, բայց ամբողջությամբ անցավ Ռուսական կայսրության կազմի մեջ: Այս հանգամանքներն, ամենայն հավանականությամբ, ազդեցին այս երկու երկրների զարգացման յուրահատկությունների վրա՝ ստեղծելով վրացու ավելի անկախ հայրենասիրություն (նույնիսկ շովինիզմ) և ավելի զսպված ու հեշտությամբ հարմարվող հայի:                                                        

Մինչև անցնելն իմ հուշերի շարունակությանը՝ 1920-23 թվականների մասին, գտնում եմ, որ պետք է տալ Անդրկովկասի տարածքում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների համառոտ նկարագրությունը այս տարիների ընթացքում:                                                                     

1918-1919 թվականներին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, Անդրկովկասում առաջացան երեք անկախ հանրապետություններ`Վրաստան, Հայաստան և Ադրբեջան: Բոլոր երեք հանրապետություններում էլ իշխող դիրք էին զբաղեցնում սոցիալ-դեմոկրատների կուսակցությունները, որոնք թշնամի էին բոլշևիկների ռեժիմին և ձգտում էին հաստատել ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված պետություն: Քաղաքացիական պատերազմի ընթացքում այս հանրապետությունները անջատված էին Սովետական Ռուսաստանից Հյուսիսային Կովկասի տարածքներով, որը Դենիկինի և նրա «Սպիտակ Բանակի» իշխանության տակ էր:                                                 

Զգալով իրենց վիճակի անկայունությունը, Վրաստանի և Հայաստանի կառավարությունները աշխատուոմ էին սերտ կապեր հաստատել Անտանտի երկրների հետ և հասնել անկախության ճանաչման ու իրենց ինքնիշխանության սատարմանը: Երկու հանրապետություններն էլ հասան այդ ճանաչմանը Անգլիայի ու Ֆրանսիայի կողմից, և նրանց հավաստիացմանը նրանում, որ  ապագայում կպաշտպանեն տարածքային անձեռնմխելիությունը այլ պետությունների ոտնձգություններից, հատկապես Ռուսաստանի կողմից:                                    

Պետք է ասել, որ Անդրկովկասի բնական պաշարները վաղուց էին գրավում եվրոպական գործարարների ուշադրությունը, և նրանք շատ կոմերցիոն ձեռնարկություններ ունեին ֆինանսական հետաքրքրվածություն այս տարածքի արդյունաբերության և Բաքվի նավթի նկատմամբ: Դրա համար էլ Անգլիայի և Ֆրանսիայի կառավարությունները պատրաստակամ էին ընդունել և սատարել Անդրկովկասյան հանրապետություններին՝ ունենալով քաղաքական և տնտեսական շահագրգռվածություն: Սակայն Անդրկովկասի հանրապետությունների տարբեր շրջանակներում մտավախություն կար, որ քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, անկախ նրանից, թե որ կողմը հաղթանակ կտաներ, Ռուսաստանն ավելի վճռական քայլեր կձեռնարկի`Անդրկովկասը Ռուսաստանի հանրապետության կազմի մեջ մտցնելու համար: Նման ոտնձգությունների ժամանակ ռազմական ուժի գործադրմամբ, Անգլիան և Ֆրանսյան, հազիվ թե, հավատարիմ մնան իրենց խոստումներին: Պատմության ընթացքը շուտով հաստատեց նման մտավախությունների հիմնավորվածությունը: Չնայած նրան, որ Անտանտի երկրները մի քանի տարիների ընթացքում որոշ տնտեսական աջակցություն տրամադրեցին և նույնիսկ ցուցադրեցին իրենց ռազմական հզորությունը Սև ծովի նավահանգիստներ մտցնելով  իրենց ռազմական նավերը`Ռուսաստանի կողմից հետագայում կատարված բոլոր գործողությունների ժամանակ (նաև Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ) ոչ մի օգնություն չցուցաբերվեց, և արտասահմանցիները «վեհանձն» նահանջեցին:     

Անդրկովկասյան հանրապետություններից առաջինն ընկավ Ադրբեջանը: Սովետների մարտավարությունը որպես կանոն այսպիսին էր`սկզբից ընդհատակյա կոմունիստական քարոզ էին իրականացնում երկրում, իրենց մարդկանց էին ուղարկում, ապօրինի զենք էին մատակարարում, գաղտնի զինված ջոկատներ էին ստեղծում: Հետո, օգտվելով տնտեսական դժվարություններից, կամ էլ արհեստական ստեղծված կոնֆլիկտներով և գործադուլներով`զինված ապստամբություն էին բարձրացնում և ապստամբածների անունից օգնության էին կանչում եղբայրական Խորհրդային հանրապետությանը: Հենց այդ ժամանակ էլ, Խորհրդային բանակը, որ նախապես պատրաստ սպասում էր սահմանին, և որի հետ, իհարկե, անկարող էր մարտնչել հարձակման ենթարկվող երկիրը, բռնազավթման էր ենթարկում նրա տարածքը և այնտեղ Խորհրդային իշխանությունը հռչակում էր «պստամբած ժողովրդի կամքը»:

Սովետներին շատ էր անհրաժեշտ Բաքվի նավթը, և այդ պատճառով դեռ 1920 թվականին, օգտագործելով այս մարտավարությունը, Անդրկովկասյան հանրապետություններից առաջինը գրավեցին Ադրբեջանը:                          

Ըստ հերթականության, հաջորդն ընկավ Հայաստանը: Դժբախտ երկիրն արդեն երկու տարի պատերազմի մեջ էր Թուրքիայի հետ, որը 1918 թվականին հաշտության պայմանագիր կնքելուց հետո, խախտելով պայմանները, սկսեց զավթողական պատերազմ հայերի դեմ: Անգլիան և Ֆրանսիան, ովքեր խոստացել էին սատարել անկախ Հայկական Հանրապետությանը, բացի դիվանագիտական ճնշումից`ոչ մի օգնություն ցույց չտվեցին, և թուրքերը, քանակապես գերակշռելով`աստիճանաբար շարժվում էին դեպի արևելք: Թուրքերը գրավեցին Ղարսի շրջանը, որը պատկանում էր Ռուսաստանին դեռ 1860 թվականներից` ռուս-թուրքական պատերազմի ժամանակներից: Թուրքերը շարունակում էին առաջ շարժվել և արդեն ներխուժել էին Հայաստանի տարածք, որը միացված էր Ռուսաստանին 19-րդ դարի սկզբին, գրավել էին Ալեքսանդրապոլ քաղաքը (Խորհրդային ժամանակ`Լենինական, այժմ`Գյումրի) և շարունակում էին շարժվել դեպի Երևան:                                                                                    

Նման ճգնաժամային իրավիճակում այլ ելք չէր մնում, քան օգնության խնդրանքով դիմել Խորհրդային Ռուսաստանին, որն այդ ժամանակ հյուսիս-արևելքի կողմից Հայաստանին սահմանամերձ Ադրբեջանի տարածքում զորք ուներ: Տեղի կոմունիստները համաձայնության եկան  անկախ Հայաստանի կառավարության հետ, ստանձնեցին իշխանությունը և Մոսկվայից օգնություն խնդրեցին: Ռուսական զորքերը անմիջապես բռնազավթեցին երկիրը և դուրս մղեցին թուրքերին գրավված տարածքներից՝ բացառությամբ Ղարսի շրջանից: Այսպիսով՝ 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայստանը դարձավ խորհրդային հանրապետություն:

Շարունակելի

Ռուսերենից թարգմանեց ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter