HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրապարակվել է մետրոպոլիտենի երեք աշխատողների վճիռը

Հուլիսի 18-ին, ժամը 12:00-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից` նախագահությամբ դատավոր Սիմիզար Հովսեփյանի հրապարակվեց մեկ տարուց ավելի քննվող Երևանի մետրոպոլիտենի 3 աշխատողների գործով վճիռը:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն հայտնում է, որ դատարանի վճռով հաստատվել է Գագիկ Գալստյանի, Սևակ Հովհաննիսյանի և Անդրանիկ Գևորգյանի իրավունքների խախտումը, Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կողմից աշխատողնեևին անօրինական ազատումը և աշխատանքից ազատման համար իրավական հիմքերի բացակայությունը:

Վճռով սահմանվել է. «...անվավեր ճանաչել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Փ.Յայլոյանի 14.02.2014թ. աշխատանքից ազատման հրամանները, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ից հօգուտ Սևակ Հովհաննիսյանի, Անդրանիկ Գևորգյանի, Գագիկ Գալստյանի բռնագանձել միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, սկսած 14.02.2014 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը Սևակ Հովհաննիսյանի, Անդրանիկ Գևորգյանի, Գագիկ Գալստյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրերը համարել լուծված: «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ից հօգուտ Սևակ Հովհաննիսյանի, Անդրանիկ Գևորգյանի, Գագիկ Գալստյանի բռնագանձել նրանց միջին աշխատավարձի հնգապատիկի չափով գումար, որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում»:

Անհիմն ենք համարում դատարանի կողմից աշխատողներին նախկին աշխատանքում վերականգնման մերժումը, քանի որ մետրոպոլիտենի կողմից ձևականորեն կրճատված և 2014 թվականի օգոստոսի 1-ին հաստատված և տաս ամիս անց` 2015թ. հունիսի 6-ին դատարանին ներկայացված 20 աշխատողի հաստիքացուցակը չեր կարող ընդունվել դատարանի կողմից որպես աշխատանքում չվերականգնելու հիմք:

Սույն վճիռը միանշանակ առաջիկայում բողոքարկվելու է ՀՀ Վերաքննիչ դատարանում և պահանջվելու է մետրոպոլիտենի նախկին աշխատողների աշխատանքում վերականգնումը: Աշխատողների շահերը դատարանում ներկայացնում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Քրիստինա Գևորգյանը:

Հիշեցնենք, որ մետրոպոլիտենի երեք աշխատողները աշխատանքից ազատվել են ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, այն է` աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու կապակցությամբ, որը կիրառվել է ղեկավարության կողմից որպես «պատիժ»` նրանց բացառապես 2014թ. փետրվարի 12-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ցույցին մասնակցելու և մետրոպոլիտենի 67 աշխատողների հետ կուտակային համակարգի դեմ ղեկավարությանը դիմում ներկայացնելու պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter