HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Սահմանադրական սպանող թմրադեղ

ԱԺ ՀՀԿ խմբացկության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում փորձել է բացատրել, թե ինչու է անցում կատարվում խորհրդարանական կառավարման համակարգին: Պարզվում է` նպատակը բոլորովին էլ պետական կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելը չէ:

«Նախկինում բոլոր նախագահական ընտրություններից հետո ստեղծվում էր «արյունահեղ իրավիճակ», «ներքաղաքական պատերազմ», որովհետեւ մարդիկ գիտեին, որ եթե ՀՀ նախագահի ընտրություններում իրենք տանուլ են տալիս, ևս 5 տարի գնում են տուն, քաղաքական արենայում անելիք չունեն, դերակատարություն չունեն: Իսկ ԱԺ ընտրություններից հետո նման երեւույթներ չեն լինում: Հիմա այդ խնդիրը կարծես թե կարգավորվել է. եթե ասում ենք` Երեւանում 70-80 տոկոս դժգոհություն կա, 90 տոկոս մարզերում դժգոհություն կա, գնացեք, օգտվեք այդ դժգոհ մասսայից եւ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այդ 70-80 տոկոսը հավաքեք, ձեւավորեք որակյալ մեծամասնություն եւ անցավ իշխանափոխություն արեք` առանց պատերազմի»,-ասել է Բաղդասարյանը:

Այլ կերպ ասած նոր Սահմանադրություն ընդունելու նպատակը նախագահական ընտրություններին հաջորդող երբեմն արյունահեղությունով ուղեկցվող ցնցումները բացառելն է, ընտրություններով պայմանավորված` քաղաքական-հասարակական անկայունության պատճառը վերացնելը:

Քաղաքական կայունության ապահովումն իհարկե, այնպիսի արժեք է, հանուն որի կարելի է փոխել Սահմանադրությունը, եթե իհարկե, նոր Սահմանադրությունը ստեղծում է դրա լիարժեք մեխանիզմները: Հայաստանի պարագայում այդ դեպքը չէ:     

Բաղդասարյանի «հիմնավորումները» բացահայտում են այս անցումը կատարելու հետ կապված իշխանության իրական հաշվարկները: Նախագահական ընտրություններում, անկախ նրանից, թե այն քանի փուլով է անցկացվում, լինում է մեկ հաղթող և բազմաթիվ պարտվողներ: Վերջիններս մշտապես կասկածի տակ են դնում հաղթողի հաղթած լինելու հանգամանքը, ընտրությունների լեգիտիմությունը: Մինչդեռ խորհրդարանական ընտրություններում, գոնե դրանց մասնակցող` ոչ մարգինալ հիմնական ուժերի շրջանակում, ակնհայտ պարտվողներ չեն լինում: Որովհետև այս կամ այն չափով նրանք մանդատներ են ստանում պառլամենտում և անկախ ընտրությունների արդյունքների հետ համաձայն կամ անհամաձայն լինելու հանգամանքից, բավարարվում են ձեռք բերածով: Համենայնդեպս հայաստանյան պառլամենտարիզմի պատմությունը դրա մասին է վկայում:

Բաղդասարյանի բացատրությունները, թե դա հնարավորություն է, որ 90 տոկոս դժգոհ մասսայի շնորհիվ քաղաքական ուժերը հաղթեն խորհրդարանական ընտրություններում և «անցավ իշխանափոխություն» կատարեն, լոլոնել են. այդ հնարավորությունը, միևնույնն է, նրանց չի տրվում որևէ պարագայում: Եթե հնարավոր լիներ այդպես փոխել իշխանությունը, ապա 90 տոկոսանոց դժգոհ մասսան իր ազդեցությունը կունենար նաև նախագահական ընտրություններում:

Իրականում նախագահական ընտրություններից հետո իրավիճակը երկրում դառնում է պայթյունավտանգ` ոչ այն պատճառով, որ պարտված քաղաքական ուժերն ու անհատները չեն ուզում համակերպվել 5 տարով տուն գնալու հեռանկարի հետ: Իրական պատճառը պայմանավորված է երկու գործոնով:  Առաջինն այն է, որ Հայաստանում միշտ եղել է նախագահական, ապա կիսանախագահական կառավարման համակարգ, որտեղ իշխանության իրական կրողը եղել է անձամբ նախագահը: Ի դեմս այս ինստիտուտի` հասարակությունը, քաղաքական ուժերը տեսնում են մարդու, ումից կախված է գործնականում ամեն ինչ, այդ թվում` իրենց և իրենց սերունդների ճակատագիրը, անվտանգությունը, բարեկեցությունը, ընդհուպ կենցաղային հարցերի լուծումը: Դրան նպաստում է իշխանությունը անձի պրզիմայով անցկացնելու, անձնավորելու հայկական անհատապաշտական մենթալիտետի ուժը: Եվ հասկանալի է, որ հասարակությունը նախագահական ընտրությունների հանդեպ ավելի զգայուն է դառնում, քանի որ ուզում է նախագահի աթոռին տեսնել մարդու, ով ամենաշատն է համապատասխանում տվյալ ժամանակահատվածի իր իդեալներին ու պահանջներին, ում վստահում է բոլորից շատ և վերջապես ով ընտրվել է օրինական ճանապարհով: Եվ երբ բախվում է մի իրականության, երբ այդ պաշտոնում հայտնվում է բոլորովին ոչ իր սպասած անձ, փորձում է թեկուզ պատերազմի միջոցով վերականգնել արդարությունը: Հետևաբար երկրորդ և ամենակարևոր պատճառն ինքնին ընտրությունների կեղծումն է: 

Այս իմաստով ՀՀԿ խմբակցության ղեկավարը, կամա թե ակամա, անում է մի շատ կարևոր ինքնախոստովանություն. որ փոխվի Սահմանադրությունը թե չփոխվի, լինի խորհրդարանական համակարգ, թե գերնախագահական, միևնույն է` ընտրությունների որակը չի փոխվելու: Ավելին. փաստացի ստացվում է, որ փորձ է արվում իշխանության վերարտադրումն ապահովող տեխնոլոիգիաների, ընտրական հակամակարգի պահպանման, զուտ դրա շուրջ աղմուկ-աղաղակը վերացնելու համար ձևափոխությունների ենթարկել երկրի գլխավոր օրենքը, այն վերածել շարունակական էքսպերիմենտների առարկայի: Սա մոտավորապես նման է հիվանդությունը բուժելու փոխարեն հիվանդին մորֆի ներարկելուն` դեպի մահվան դուռը տանող քայքայող հիվանդության պայմաններում առժամանակ նրա ցավը, զգացողությունները, ռեակցիան բթացնելու համար:

Որ սա կարող է փորձանքի վերածվող  փորձարարության դառնալ, հուշում է պարզագույն տրամաբանությունը: Եթե նոր Սահմանադրությունն ընդունելու պարագայում իշխանության կրողը և երկրի փաստացի ղեկավարի դերը ստանձնում է խորհրդարանական մեծամասնության կողմից պաշտպանված վարչապետը, ապա ինքնստինքյան, իշխանության անձնավորումը տեղի է ունենալու վարչապետի անձի շուրջ: Այսինքն այն բծախնդրությունը, որ հասարակությունը հիմա դրսևորում է նախագահի ընտրությունների հանդեպ, սկսելու է հանդես բերել վարչապետին իշխանության բերող խորհդարանական ընտրությունների նկատմամբ: Այսինքն եթե հիմա նախագահական ընտրություններն են վերածվում «քաղաքական պատերազմի» կամ «արյունահեղության», նոր Սահմանադրության գործելու պարագայում` թիրախում հայտնվելու են խորհրդարանական ընտրությունները: Որովհետև` նախ փաստացի իշխանության գալու միակ օրինական ճանապարհը մնում է խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու համար անզիջում պայքարը, երկրորդ` ի՞նչ տարբերություն` խորհրդարանական ընտրությունները կեղծելու միջոցո՞վ է ոչ լեգիտիմ իշխանություն ձևավորվում, թե՞ նախագահական: Միևնույն է` ի հայտ է գալու արդարությունը վերականգնելու պահանջը:  

Եթե առաջնորդվում ենք բաղդասարյանական տրամաբանությամբ, ապա սա նշանակում է, որ 2017թ. խորհդրարանական ընտրությունները հերթական պատերազմի վերածվելու դեպքում, հիմա էլ իշխանությունը որոշելու է վերադառնալ նախագահական համակարգին ու ձեռնարկելու է հերթական սահմանադրական փոփոխությունները, մի նոր բան բստրելու համար: Այսինքն թմրանյութի հերթական չափաբաժինն է ներարկելու հիվանդի օրգանիզմ: Իսկ թե ինչ հետևանք է դա ունենում, թերևս չարժե մեկնաբանել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter