
«Արի ամուսնանանք» հաղորդաշարը՝ «Աղբ եթերից» մրցանակաբաշխության հաղթող (տեսանյութ)
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ «Աղբ եթերից» մրցանակաբաշխության չորրորդ հաղթող է ճանաչվել ATV հեռուստատեսությամբ ցուցադրվող «Արի ամուսնանանք» հաղորդաշարը՝ հայ մարդուն անգիտակցորեն ծաղրի առարկա դարձնելու և ռուսական համանուն հաղորդաշարը խայտառակ անճաշակ կրկնօրինակելու համար:
Փոստի միջոցով «Արի ամուսնանանք» հեռուստահաղորդման ստեղծագործական խմբին է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր, իսկ ATV հեռուստաընկերությանը փակ ծրարով առաքվել է 100 դրամ՝ աղբահանության գումար: «Չենք լռելու»-ն խնդրում է հեռուստաընկերության ղեկավարությանը գումարը ստանալուց հետո ծախսել այն նպատակային:
Հիշեցնենք, որ «Աղբ եթերից»-ի առաջին մրցանակակիրը Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Աննա» սերիալն էր՝ սյուժեն տարիներով արհեստականորեն ձգձգելու և հեռուստադիտողի ճաշակի վրա ակնհայտ բացասական ազդեցություն ունենալու համար:
Երկրորդ հաղթողը «Շանթ»-ի «Բանակում» սերիալն էր՝ զինված ուժերում առկա ոչ կանոնադրական հարաբերությունները փայլուն և հումորային փաթեթավորումով որպես նորմա ներկայացնելու համար, ինչը մեծ խոչընդոտ է առողջ և կանոնադրական հարաբերությունների վրա հիմնված բանակ ստեղծելու ընդհանուր նպատակի իրականացման հարցում:
Երրորդ մրցանակակիրը «Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» հեռուստասերիալն էր՝ ամենօրյա եթերային լացուկոցի և կանանց հանդեպ որպես սովորական երևույթ ներկայացվող բռնության տեսարանների համար:
Այսօրվա ֆավորիտ դարձած «Արի ամուսնանանք» հաղորդաշարի մասին պատկերացում կազմելու համար առաջարկում ենք դիտել պատահականության սկզբունքով ընտրված մի հատված: «Չենք լռելու»-ն երաշխավորում է, որ այն, ինչ դուք կտեսնեք, հատված է իրական հաղորդումից, ոչ թե հումորային նմանակում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել