HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Նալբանդյանի 100 օրը

Նոյեմբերի 4-ին լրացավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի պաշտոնավարման 100 օրը, որի առթիվ նա մամուլի ասուլիս էր հրավիրել մարզպետարանում: Մարզպետը հայտնեց, որ անցած 100 օրն իր համար եղել է զուտ աշխատանքային: Այդ ժամանակահատվածում մանրամասն ծանոթացել է մարզպետարանի ենթակառուցվածքներում տիրող իրավիճակին:

«Հետքի» խնդրանքով անդրադառնալով մարզի գյուղատնտեսական հրատապ խնդիրներին, նաև աշնանացանին՝ Արթուր Նալբանդյանն ասաց. «Մենք արդեն 291 տոննա առաջին վերարտադրության ցորեն ենք բաշխել համայնքներին և 63 հա էլիտար ցորեն տրամադրել ենք ֆերմերներին»:

Այսուհանդերձ, մարզպետը հայտնեց, որ Լոռու մարզում գյուղատնտեսական նշանակության հողերի հազիվ 30 տոկոսն է մշակվել, սակայն չասաց, թե դրանից որքանն է եղել աշնանացանը: Կառավարությունը գյուղատնտեսության պատասխանուտուների առջև խնդիր է դրել ավելացնել ցորենի սերմարտադրությունը: Մարզպետարանը հանձնարարական է ստացել նաև պարզելու, թե համայնքերում որ մշակաբույսերի արտադրությունը կարդարացնի իրեն:

«Այն համայնքներին, որոնք իրենց ֆոնդային բյուջեում կունենան գումարներ' վարկային էժան տարբերակով գյուղտեխնիկա ձեռք բերելու համար, կառավարությունը անպայման կընդառաջի»,- ասաց Արթուր Նալբանդյանը: Թե գյուղտեխնիկա ձեռք բերելու հարցում ինչ սպասելիքներ պետք է ունենան համայնքային բյուջեի սուղ միջոցներ ունեցող գյուղերը, նա չասաց:

Դրա փոխարեն բանախոսը նշեց, որ կառավարությունը նոր ծրագրեր է մշակում համայնքներում գյուղնշանակության հողերի մշակությունն ավելացնելու համար: Սակայն դարձյալ չմեկնաբանեց, թե ինչ ճանապարհով է նախատեսվում ավելացնել մարզի դատարկվող գյուղերի հազարավոր հեկտարներով չմշակված, արոտավայրերի ու խոտհարքների վերածված վարելահողերի մշակությունը: Փոխարենը Արթուր Նալբանդյանն ակնկալում է, որ 2012 թ. աշնանացանը և գարնանացանը կավելանան:

«Հետքը» նրան խնդրեց մեկնաբանել Դսեղ համայնքի 650 հա վարելահողերում դեռևս չսկսված աշնանացանի, գյուղապետարանին տրված չնչին' 4 տոննա ցորենի սերմացուի, Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանի կողմից գյուղի ոռոգման ներքին ցանցի 14 կմ երկարությամբ խողովակաշարը մոնտաժելու և ինքնակամ տնօրինելու խնդիրները:

«Ես ասացի, որ Լոռու մարզում գյուղնշանակության հողերի ընդամենը 30 տոկոսն է, ցավոք, օգտագործվում: Ինչ վերաբերում է Դսեղի ոռոգման ջրին, անկեղծ ասած, ես մանրամասն տեղյակ չեմ: Ես անպայման ինձ համար հասկանալի կդարձնեմ, թե որոնք են պատճառները»,- ասաց մարզպետը:

Պաշտոնավարման 100 օրվա ընթացքում Արթուր Նալբանդյանն առաջին հերթին փորձել է լինել մարզպետարանի ենթակայության այն ենթակառուցվածքներում, որտեղ բնակչության դժգոհություններ կան: Այս առումով այցելել է մարզի ամենամեծ առողջապահական կառույց' Վանաձորի թիվ 1 հիվանդանոց:

«Մեզ անհանգստացնում է այն փաստը, որ Վանաձորում բժիշկների նկատմամբ վստահությունը կորցնելուց հետո հիվանդները դիմում են մայրաքաղաքի բուժհիմնարկներին»,- ասաց նա:

Այս խնդրի լուծումը Արթուր Նալբանդյանը տեսնում է Վանաձորի առողջապահական հիմնարկների շենքային պայմանները բարելավելու, հիվանդանոցներին լավագույն մասնագետներով ու սարքավորումներով ապահովելու մեջ: «Վանաձորի թիվ 1 և թիվ 2 հիվանդանոցների միավորելուց հետո այստեղ կստեղծվեն միավորված հիվանդանոցի նորմալ շենքային պայմաններ»,- տեղեկացրեց Արթուր Նալբանդյանը:

Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ կտա մարզին թիվ 1 և թիվ 2 հիվանդանոցների միավորումը՝ բացի աշխատատեղերի կրճատումից՝ մարզպետը պատասխանեց. «Ես առողջապահության մասնագետ չեմ, որ կարողանամ ընդհանուր համակարգը ձեզ ներկայացնել: Համենայնդեպս, մասնագետները, Վանաձորի բնակչության իրական թիվը հաշվի առնելով, մեզ համոզում են, որ ունենալով մեկ լուրջ առողջապահական կենտրոն՝ լիարժեք բուժծառայություն կմատուցվի բնակչությանը»:

Արթուր Նալբանդյանը նաև անդրադարձավ Ալավերդու բժշկական կենտրոնի՝ սոց. հիմնադրամի 200 մլն դրամ ներդրումներով վերանորոգված հիվանդանոցային մասնաշենքի շահագործմանը, որն արդեն 5 ամիս ձգձգվում է: «Մոտ ապագայում Լոռու մարզ կայցելի ՀՀ առողջապահության նախարարը, և մենք խնդիրը կհստակեցնենք»,- ասաց նա:

Լրագրողները կարծիք հայտնեցին, որ Վանաձորն իր արդյունաբերական նկարագրով զիջում է մարզի Թումանյանի տարածաշրջանին: Արթուր Նալբանդյանը դա պատճառաբանեց Վանաձորի Քիմպրոմի հետ կապված լուրջ խնդիրներով:

«Քիմպրոմի հարցը բաց է մնում: Այդ կապակցությամբ հստակ պատասխան ձեզ չեմ կարող տալ, բայց շատ պարզ է ինձ համար, որ Քիմպրոմի տարածքում գտնվող ՋԷԿ-ը պետք է շահագործվի մոտ ապագայում, որը կապահովի նոր աշխատատեղեր»,- ասաց նա:

Ըստ բանախոսի՝ վրացական կողմի հետ ՋԷԿ-ի շահագործման համար անհրաժեշտ ածուխ ձեռք բերելու վերաբերյալ Քիմպրոմի բանակցություններն արդեն դադարեցվել են, քանի որ վրացական կողմը բարձրացրել է ածխի գները: «Շատ կարևոր է, որ Ղարաբաղում մեծ ծավալների հասնող ածուխի հանքավայր է գտնվել, և շուտով հանքավայրը կշահագործվի: Դրանից հետո կկարողանանք Վանաձորի ՋԷԿ-ը շահագործել»,- ասաց մարզպետը:

Ըստ նրա՝ ածխի հանքավայրի շահագործումը կսկսվի մոտավորապես 2012թ. ամռանը: Արդյոք ածխի օգտագործումը չի՞ վնասի Վանաձորի բնապահպանական անվտանգությանը: Հարցին Արթուր Նալբանդյանը պատասխանեց. «Որտեղ կա արտադրություն, այնտեղ կան բնապահպանական վտանգներ: Արտադրության իրականացման զուգահեռ կդրվի նաև բնապահպանական խնդրի լուծումը»:

Անդրադառնալով Վանաձորի ներհամայնքային ճանապարհաշինությանը՝ բանախոսն ասաց, որ հետևել է այդ աշխատանքներին, և հատկապես Տարոն թաղամասի գերեզմաններ տանող ճանապարհը «ահավոր վիճակում էր, նույնիսկ ներքաղաքային երթուղիները չէին կարողանում աշխատել, հուղարկավորությունների ժամանակ լուրջ տրանսպորտային խցանումներ էին առաջանում»:

Ուստի, մարզպետն ասաց, որ առաջնահերթությունը տվել է Տարոն թաղամասի 2 ճանապարհների բարեկարգմանը: Երկրորդ հրատապ ծրագրի գումարներից արդեն 205 մլն դրամ է հատկացվել դրանց կապիտալ վերանորոգման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter