Մթերվել է 8593 տոննա պտուղ-բանջարեղեն
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը ներկայացրել է պտուղ-բանջարեղենի արտահանման և մթերումների ընթացիկ ցուցանիշները:
Համաձայն ներկայացված օպերատիվ տվյալների` հուլիսի 22-ի դրությամբ հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 8593,5 տոննա պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1537,7 տոննայի դիմաց: Այդ թվում` 728,7 տոննա բանջարեղեն և 7864,8 տոննա պտուղ, որից 5767,0 տոննա ծիրան, 372,4 տոննա ընկույզ և 302,9 տոննա այլ պտուղ:
Ռոբերտ Մակարյանի խոսքով` ընթացքի մեջ է 2015 թվականի պտուղ-բանջարեղենի և խաղողի բերքի գնման նպատակով գյուղացիական տնտեսությունների և վերամշակող ընկերությունների միջև պայմանագրերի կնքման գործընթացը: Այս պահի դրությամբ արդեն իսկ կնքվել է 13291 պայմանագիր, որոնց շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 109,8 մլն. դրամ կանխավճար և 449,1 մլն դրամի բուժանյութեր, պարարտանյութեր և այլ օժանդակություն:
Անդրադառնալով մթերումների գներին` փոխնախարարը շեշտեց, որ գինը որոշում է շուկան` ելնելով առաջարկ-պահանջարկի հարաբերակցությունից, սակայն նախարարության մոնիտորինգը ցույց է տալիս, որ դրանք ցածր չեն լինի նախորդ տարվա գներից:
Նա հավելեց, որ 2014 թվականին արձանագրվել է մթերվող պտուղ-բանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումների գործընթացի բարելավում. վճարումների մեծ մասը կատարվել են անմիջապես գնման պահին կամ 7-10 բանկային օրերի ընթացքում:
2015 թվականի հուլիսի 22-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 46523,9 տոննա պտուղ-բանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, այդ թվում` 24816,3 տոննա պտուղ, որից 19329,6 տոննա ծիրան, 1908,7 տոննա կեռաս, 1198,1 տոննա խաղող, 16835,6 տոննա բանջարեղեն և 4872 տոննա կարտոֆիլ: 2014 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 27503,7 տոննա պտուղ-բանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, այդ թվում` 4646,7 տոննա պտուղ, որից 1576,2 տոննա ծիրան, 357.1 տոննա կեռաս, 2620.0 տոննա խաղող, 3413,6 տոննա բանջարեղեն և 19443,3 տոննա կարտոֆիլ, իսկ 2014 թվականին տարեկան արտահանման ծավալները կազմել են 46456,4 տոննա պտուղ-բանջարեղեն և կարտոֆիլ, որից` 1791,2 տոննա ծիրան, 2967,9 տոննա դեղձ, 8001,4 տոննա խաղող, 8961,4 տոննա բանջարեղեն և 21312,8 տոննա կարտոֆիլ:
«Այսօրվա դրությամբ թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները արդեն իսկ գերազանցում են նախորդ ամբողջ տարվա մակարդակը մոտ 68 տոննայով»,- իր խոսքով նշել է փոխնախարար Մակարյանը:
Նախարարի տեղակալը նաև նշեց, որ գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված պտղի, բանջարեղենի և խաղողի իրացման նպատակով մթերումների գործընթացին զուգահեռ աշխատանքներ են իրականացվել նաև դրանց վաճառքի աջակցության ուղղությամբ: Այդ կապակցությամբ այս տարի ևս կազմակերպվել են գյուղատնտեսական մթերքի տոնավաճառներ, որոնց մասնակցության համար գրանցվել են շուրջ 2000 գյուղացիական տնտեսություններ: Միջին հաշվով 2 տոնավաճառներում 1 օրվա ընթացքում իրացվում է 80-90 տոննա գյուղմթերք, ընդհանուր առմամբ՝ շուրջ 1400 տոննա:
Տոնավաճառներին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք երևանյան սպառողներին են ներկայացնում բացառապես սեփական արտադրանքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել