
Գորիսը դարձավ «Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ» կազմակերպության անդամ
Այս մասին Գորիսում այսօր հայտարարեց Կանադայի Մոնրեալ քաղաքում գործող Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի նախագահ Ազատ Վարդանյանը՝ Գորիսի քաղաքապետին հանձնելով անդամակցության հավաստագիր, դրոշմանիշ: «Ես կարծում եմ, որ «Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ» կազմակերպության հետ համագործակցությունը Գորիսին միջազգային ճանաչման հնարավորություն կընձեռի և պատմամշակութային արժեքների պահպանման հարցեր ներկայացնելու լայն հարթակ կդառնա»,- ասաց նա Գորիսում կայացած հանդիպման ընթացքում:
Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, շնորհակալություն հայտնելով, որ Երևանից և Էջմիածնից հետո հենց Գորիսն է ընտրվել, նշեց, որ անդամակցումը նաև կխթանի գեղատեսիլ Գորիսում զբոսաշրջության զարգացմանը: Նրա խոսքով՝ նոր համագործակցությունը նաև պատասխանատվություն է աշխարհի խոշոր տարբեր քաղաքների ընկերակցությամբ ավելի ներկայանալի դառնալու համար:
«Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ» կազմակերպության հիմքում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաժողովի՝ համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանման հռչակագիրն է: Կազմակերպությանն անդամակցում է 250 քաղաք, որտեղ գտնվում են այնպիսի վայրեր, որոնք ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել