HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանցիները պաշտպանում են բրիտանական «Բի-Բի-Սի»-ում ցեղասպանության ժխտումը

Հովհաննես Իշխանյան

Անեկդոտն ասում է՝ հայերն ու հրեաները ասպիրին չեն խմում, որ ցավը չթողնի: Ասպիրինի գործառույթն իր վրա է վերցրել «Բի-Բի-Սի» կոորպորացիան՝ «Remembering the Armenian Massacres» («Հիշելով հայկական ջարդերը») ֆիլմով:

Ֆիլմի հեղինակ Լարա Պետրոսյանը թուրք լրագրող Ռենջին Արսլանի հետ մեկնում է Թուրքիա: Պետրոսյանը փորձում է գտնել ցեղասպանության զոհ դարձած իր նախնիների հետքերը, Արսլանը մեկնում է իր ծննդավայր՝ Էսքիշեհիր՝ հասկանալու, թե ինչու իրենց դպրոցում չեն սովորեցրել «ջարդերի» մասին:   

Ֆիլմի վերնագիրը կարդում ես ու արդեն գիտես, որ այն անցել է «Բի-Բի-Սի»-ի բալանսավորման գրաքննության տակով: Վերնագիրը կարող էր լինել՝ հիշելով պապերիս կամ ցանկացած այլ բան, բայց լրատվամիջոցը «ջարդեր» բառով հատուկ ընդգծում է իր դիրքորոշումը, թե Հայոց ցեղասպանությունը տեսակետ է, պետք է երկու կողմերին ցույց տալ ու բառը վերցնել չակերտների մեջ:  

Այդ տեսակետի թակարդն է ընկած նաև ֆիլմի հեղինակ հայ լրագրողը՝ ուզում ես նախնիներիդ սպանությունները ցեղասպանություն կոչել, գործդ փոխիր: Ամբողջ ֆիլմի ընթացքում թե՛ հայ, թե՛ թուրք լրագրողներն իրենց խոսքում խուսափում են ցեղասպանություն բառն ասելուց՝ փոխարենը օգտագործելով «ջարդեր», «տեղահանություն», «կոտորած», «1915թ. տեղի ունեցած», ինչպես ամերիկացի կատակերգու Ջոն Օլիվերն է ձեռք առնում Բարաք Օբամային, որը թուրքերին չնեղացնելու համար վերցնում է դիվանագիտական տեղեկատուն ու փորձում համապատասխան բառը գտնել. «Խառնաշփոթը անմիտ է հնչում: Սպանությունների մեծ խնջույք, արդեն մոտ է: Հայերի սարսափելի, զարհուրելի, ոչ լավ, շատ վատ օրը, եկեք սա օգտագործենք»:

Հեղինակը նմանվում է այն թուրքերին, որոնց մասին ֆիլմում ասվում է՝ իրենք գիտեն, թե ինչ է տեղի ունեցել, բայց չեն բարձրաձայնում: Մի դեպքում թուրքական ռեժիմն է վախի տակ պահում իր քաղաքացիներին, մյուս դեպքում արևմտյան լրատվամիջոցի ստորագրած պայմանագրից ունեցած վախը թույլ չի տալիս իրերն իրենց անունով կոչել:

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ում ֆիլմի ցուցադրությունից հետո հայաստանցի լրագրողներն արդարացնում էին «Բի-Բի-Սի»-ին, թե ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչված չէ, ուրեմն «Բի-Բի-Սի»-ն կարող է հրաժարվել այդ եզրից: Նրանք իրավունք ու դաշտ են ստեղծում, որպեսզի հայերի ցեղասպանությունը ժխտելու տեղ լինի, թույլ են տալիս, որ իրենց ընտանեկան ողբերգությունները կորպորացիաներն օգտագործեն ըստ իրենց ընտրած ռազմավարության:

«Նյու Յորք Թայմս» թերթը հրաժարվել էր հրապարակել հայտարարություն, որտեղ ցեղասպանության փոխարեն «հայերի սպանություններ» արտահայտությունն էր օգտագործվել ՝ հիմնավորելով, որ չեն հրապարակում նյութեր, որոնք հերքում են որպես փաստ ընդունված պատմական իրադարձությունները, այդ թվում՝ Հոլոքոստը, Հայոց ցեղասպանությունը և Առևտրի համաշխարհային կենտրոնի պայթեցումը: ԱՄՆ-ում լրագրողները հասկանում են պատմական իրողությունները չաղավաղելու լրագրողական կարևորությունը, իսկ հայաստանցիները, որոնց առնչվում է էդ պատմությունը, համարում են, որ դա բրիտանական լրատվամիջոցի քաղաքականությունն է ու վերջ: Կարծես «Բի-Բի-Սի»-ի կանոնադրությունը աստվածաշունչն է ու պետք է համակերպվենք մեր պատմությանն առնչվող նրա քմահաճույքներին: Երբ որևէ երկիր ցեղասպանության ճանաչման փոխարեն փորձում է այլ բառերով խուսափել խնդրից, ընդվզում ենք, մեղադրում, որ նրանք Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի են կարևորում, քան պատմական արդարությունը, ուրեմն ո՞վ ասաց, որ ինչ-որ ընկերության շահերը պետք է պաշտպանվեն՝ ստորադասելով մերը:   

Երբ ռուսական լրատվամիջոցները Բաղրամյանի ցույցերը Մայդան էին կոչում, հայկական մամուլը զբաղված էր այդ լուրերը հերքելով, բայց ինչ չի կարելի ռուսականին, կարելի է բրիտանականին. հերքում չեն պահանջի, որ տեղի ունեցածը սոսկ ջարդ չէ, այլ ցեղասպանություն:

Իսկ գրող Վահրամ Մարտիրոսյանն այնքան է հոգնել ցեղասպանություն բառից, որ ասում է՝ ֆիլմը չէր նայի, եթե անունը լիներ «Remembering Armenian Genocide» («Հիշելով Հայոց ցեղասպանությունը»): Ցեղասպանություն բառից հոգնելը արդարացնո՞ւմ է «Բի-Բի-Սի»-ի գրաքննությունը: Իսկ Հոլոքոստ բառը հոգնեցուցիչ չէ՞, գուցե հրեաներին անդրադառնալիս նույնպես տերմինաբանական բառարանից օգտվեն:  

Թուրք ու հայ լրագրողների ճամփորդությունը ցավ է այն պատճառով նաև, որ «Բի-Բի-Սի»-ի համար աշխատելով՝ հայը զրկված է Թուրքիայի արևելքում իր հայրենիքը տեսնելուց: Թուրք լրագրողն ամենուր ինքնավստահ է, իր երկրում՝ իր մաշկի մեջ, իսկ հայը՝ շփոթված, նա մտնում է Աղթամարի վանք, խոնարհաբար շնորհակալություն հայտնում թուրք գիդին իր նախնիների կառուցած շինությունում ուղեկցելու համար, հեղինակը ֆիլմում մի քանի անգամ կրկնում է, որ սա Արևելյան Թուրքիան է, Պետրոսյանն իր հայրենիքի փոխարեն այդ վայրերն ընդունում է որպես տարածք, որտեղ ապրել ու սպանվել են իր ապուպապերը, ինչը հայերի հետ կարող էր պատահել ցանկացած այլ երկրում: Վանքում նա հուզվում է. «Շատ տարօրինակ զգացում է ինձ համար իմանալ, որ իմ մեծ պապուտատերս ամեն կիրակի գալիս էին այստեղ, գուցե կանգնում էին հենց այստեղ ու աղոթում»,- ասում է Պետրոսյանն ու գրկում գիդին: Բայց «Բի-Բի-Սի»-ն է տնօրինում, թե ինչ մակարդակի հուզականության կարող ես հասնել նախնիներիդ հիշելիս:

«Բի-Բի-Սի»-ն ցավազրկում է հայ հանդիսատեսին՝ նայեք, հայեր, մենք անդրադառնում ենք ձեր պատմությանը, հնարավորություն ենք ստեղծում ձեր վանքերում ձեր նախնիների հետ կապ գտնել, բայց դուք պիտի հաշվի նստեք մեր գրաքննության հետ ու շնորհակալ լինեք, որ մեր պես մեծ լսարան ունեցող կոորպորացիան հիշել է ձեզ:

«Բի-Բի-Սի»-ն ֆիլմը նկարահանելու համար թույլտվություն է ստացել թուրքական իշխանություններից, ուրեմն մի գրաքննություն էլ պետք է այնտեղ անցած լինի, պետք է ասած լինեն, թե ինչը կարելի է նկարել, ինչը՝ ոչ: Հայրս պատմում էր, որ Թուրքիայում մի մարդ իրեն է մոտեցել, ժպտալով՝ ջերմ ողջունել է, բայց երբ իմացել է հայ է, մռայլվել ու հեռացել է: Այս ֆիլմում այդպիսի թուրքեր չկան, այս դեպքում «Բի-Բի-Սի»-ն հաշվի չի նստել բալանասավորման հետ: Միայն բարեհամբույր ուղեկցորդներ, Հայոց ցեղասպանությունն ընդունող քաղաքագետ Չենգիզ Աքթարն ու մի պատմաբան՝ Իհսան Գյունեշը, որը կրկնում է թուրքական քաղաքականության ժապավենը՝ «դա ցեղասպանություն չէր, այլ «tehcir» (տեղահանություն)», «հայերը ռուսների կողմն են անցել, թուրքերն էլ արտաքսել են նրանց»:

Թուրքիայում նկարահանումներ անող հայերի ֆիլմերի կադրերի արանքում միշտ հայտնվում են Թուրքիայի խրոխտ դրոշը՝ ծածանվելիս, էն դրոշը, որի ներքո հայերին ցեղասպանության են ենթարկել, իսկ ֆիլմի հեղինակները ծածանում են այն, որպեսզի նկարագրեն միջավայրը: Եվս մի ցավ, որ ցեղասպանության մասին ֆիլմում անգիտակցաբար, պատվով տարուբերվում է ոճրագործի խորհրդանիշը:

Հայաստանցի հանդիսատեսն ընդունում է «Բի-Բի-Սի»-ի ցավազրկողը, ասում են՝ ֆիլմում խոսող մարդիկ ավելի շատ ասում են՝ ցեղասպանություն եղել է, քան չի եղել: Իսրայելում էլ ավելի շատ մարդ է ասում՝ եղել է, բայց Կնեսեթը հակառակ բանն է ասում:

Ֆիլմը ցույց է տալիս քարուքանդ հայկական գյուղեր, գոմ ու կինոթատրոն դարձած հայկական եկեղեցիներ, ծպտյալ հայերի խեղճությունը, հայաթափված քաղաքներ, բայց ի՞նչ է դա, ցեղասպանության հետևա՞նք, ոչ, «Բի-Բի-Սի»-ն իր հայ լրագրողին թույլ չի տալիս իր նախնիների սպանությունը կոչել տեղի ունեցածի անունով, այդ լրատվամիջոցի համար հայերի ցեղասպանությունն այն է, ինչ Էրդողանի ապրիլ 24-յան ցավակցական ուղերձը: 

Լուսանկարը՝ bbc.co.uk-ի

Մեկնաբանություններ (2)

Ara
Thank you for the article. This – the coopting of hapless and/or opportunistic Armenian reporters by the Western corporate media -- has been going on for some time now, and it is high time that people in Armenia start paying closer attention to this phenomena. Whether these Armenian reporters toady the narratives of their paymasters out of ignorance or greed, the end result is not pretty. They have become willing participants in a game of cynical window dressing and obfuscations, and that is exactly what the genocide deniers and their Western corporate sponsors desire.
Մասիս Աբրահամյան
Կեցցե՛ս Վիոլետ ջան: Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը վերջին 150 տարիներին տիրապետող է աշխարհում և ցավոք երբեք հայամետ չի եղել: Այս նույն սցենարով Նիդերլանդներում էլ պատրաստվեց 5 մասից բաղկացած վավերագրական ֆիլմ: Բայց ի պատիվ Նիդերլանդների կառավարության և ֆիլմի համահեղինակներ՝ Սինան Ջանի և Արա Հելիջիի «Ցեղասպանություն» բառի և հասկացության հետ խաղեր չեղան: Թերևս անգլիացիներին պետք է այն ցուցադրել, որ սովորեն իրենց հարավային հարևաններից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter