HY RU EN

Շուրջ 1 տոննա թմրանյութի գործով դատապարտված վարորդին մերժել են արտահանձնել Վրաստան

Շուրջ 1 տոննա թմրանյութի գործով դատապարտված վրացի վարորդ Աֆթանդիլ Մարտիաշվիլուն մերժել են արտահանձնել Վրաստան: Այս մասին «Հետքին» հայտնեցին վարորդ Մարտիաշվիլու հարազատները:

ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, պատասխանելով Աֆթանդիլ Մարտիաշվիլու արտահանձման խնդրանքին, հայտնել է, որ վարորդի դիմումն ուսումնասիրվել է, սակայն արտահանձնումը նպատակահարմար չեն գտել, քանի որ քննվում է նոր քրեական գործ: Թե ինչ նոր քրեական գործի մասին է խոսքը, փոխնախարարը չի մանրամասնել:

Հիշեցնենք՝ Իրանից Հայաստան շուրջ մեկ տոննա թմրանյութ տեղափոխելու համար Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլուն դատապարտվեց 19,  Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին՝ 17 տարի ազատարզրկման: Սակայն վարորդ Մարտիաշվիլին երկու ատյաններում էլ պնդում էր, որ տեղյակ չի եղել թմրանյութի առկայությունից, որոնք հատուկ ներկառուցված թաքստոցում են եղել,  և այս պատմության մեջ հայտնվել է միայն այն պատճառով, որ վարել է մեքենան: Վերաքննիչը ամբաստանյալների բողոքները քննելով`դատավճիռը թողել է անփոփոխ:

Վարորդ Մարտիաշվիլին դիմել էր նաև Վճռաբեկ դատարան: Վճռաբեկը, դատավոր Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, որոշել է չքննել վարորդ Մարտիաշվիլու բողոքը:

Հիշեցնենք, որ այս գործով նաև անջատված մաս կա, որի քննությունը շարունակվում է:

Իսկ թե ինչ նոր քրեական գործ է հարուցվել, Մարտիաշվիլու հարազատները պատրաստվում են նամակ գրել փոխնախարարին և նրանից պարզել: