HY RU EN

Կառավարությունը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բնակեցրել է փախստականների հարևանությամբ

Փախստականներ, որոնք այդպես էլ տուն չունեցան

Երևան քաղաքի Կորեայի ձոր կոչվող տարածք միայն 39 համարի երթուղայինն է հասնում: Դա էլ՝ վերջին տարիներին միայն: Բնակիչները կատակում են՝ մինչ այդ ձիու անձնագիր ունեին՝ ոտքով գնում, ոտքով գալիս էին:

Տարիներ շարունակ այս ձորում գիշերօթիկ դպրոց է գործել, որի մասնաշենքերից մեկում 28 տարի Բաքվից Երեւան տեղափոխված փախստականներ են ապրել: Այժմ շենքում մնացել է 6 փախստական ընտանիք: Մեծ մասն արդեն մահացել  է, հատ ու կենտ ընտանիքներ տեղափոխվել կամ էլ հեռացել են երկրից:

Հայաստանի կառավարությունը այս ընտանիքներին մինչ օրս չի կարողացել ապահովել բնակարաններով: Նրանցից ոմանք ընդունել են ՀՀ քաղաքացիություն, որպեսզի տեղաշարժման հնարավորություն ունենան: Սակայն, այս ընտանիքներին հավաստիացրել են, որ իրենց բնակարանային հարցերը չեն մոռացվելու, նրանք շարունակելու են մնալ փախստականների ցուցակում և բնակարաններ են ստանալու: Իրավամբ, տարբեր ծրագրերի շրջանակներում միչև 2005թ. փախստական ընտանիքները բնակարաններ ստացել են, սակայն միջոցները սպառվել են և ծրագրերն ավարտվել՝ թողնելով այս փախստական ընտանիքներին գիշերօթիկի ժամանակավոր կացարանում:  

Փախստականների պատուհանից բացվող տեսարանը «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի մուտքն է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում գտնվող գիշերօթիկն այս տարի փակվեց: Փոխարենը ստեղծվեց «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը, ուր տեղափոխվեցին Խարբերդի հատուկ մանկատան շրջանավարտները և Վարդենիսի տուն-ինտերնատի հոգեկան առողջական խնդիրներ ունեցող 120 անձինք: Այսպիսով, փախստականներին հարևաններ դարձան հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք: Շենքում 4 անչափահաս երեխա կա: Փախստական 6 ընտանիքից բացի՝ այստեղ ևս 4 անապահով ընտանիք է բնակվում:

«Կարտոնե» դուռը

1990թ. Բաքվից բռնագաղթած Օկսաննա Մուսայելյանն ապրում է այդ մասնաշենքին կից՝ անմիջական հարևանությամբ սկսվող մասնաշենքում: Նրա խոհանոցը սահմանակից է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խաղասենյակին: Բաժանարար պատը փայտե դռան մուտք ունի դեպի Օկսաննայի սենյակ, որը ժամանակավոր զմռսված է եղել: Հուլիսից, երբ հոգեկան առողջության խնդիր ունեցողներին բնակեցրել են «Ձորակ» կենտրոնում, ամեն առավոտ Օկսաննան արթնանում է նրանց գոռում-գոչյուններից և ճիչերից: Օկսաննայի համար այս իրավիճակն արդեն մղձավանջ է դարձել:

«Մենք 27 տարի ապրել ենք այստեղ: Նախկինում էլ գիշերօթիկի երեխաներն աղմկում էին, բայց այդ աղմուկը երեխաների աղմուկ էր, և մենք հարմարվել էինք դրան, բայց այս ձայների հետ անհնար է հարմարվել: Այնտեղից 20-30 մարդ վաղ առավոտյան՝ ժամը 5-ից սկսած, անդադար հիվանդագին ձայներ է արձակում. ճվճվոց, ճիչ, գոռոցներ, մռնչոց և այլն: Հիվանդ մարդիկ են ապրում, և հասկանալի է, որ ոչ նորմալ ձայներ են հանելու: Առավոտյան ժամը 5-ից նման ձայներ լսելը շատ ուժեղ ճնշում և ազդում են հոգեկանիդ վրա: Դա հոգեկան հարձակում է առողջ մարդկանց վրա»,- ասում է Օսկաննան:

Նա ասում է, որ իրենք հիվանդների՝ նորմալ հասարակությանն ինտեգրման դեմ որևէ բան չունեն, սակայն դա չպետք է արվի այլ մարդկանց առողջության հաշվին, այն էլ՝ մեկ անգամ արդեն իսկ տուժած՝ բռնագաղթածների:   

Այն բանից հետո, երբ փախստական-բնակիչները դժգոհել են աղմուկ-աղաղակից, հաստատության տնօրենն «աղմկոտ» հիվանդներին տեղափոխել է մյուս մասնաշենքի կացարան: Հիմա էլ ժամանակ առ ժամանակ բնակիչները լսում են, թե ինչպես են դայակները կամ աշխատողները սաստում հիվանդներին՝ «ձենդ կտրի, թե չէ կսպանեմ»:

Փախստական բնակիչները հասկանում են, որ այդ միջոցով փորձ է արվում արհեստական լռություն ստեղծել, ինչը երկար չի կարող շարունակվել: «Բնական է, որ նրանք հիվանդ են և որևէ կերպ պետք է արտահայտեն իրենց հիվանդությունը, բայց եթե մենք պետք է նրանց պատճառով տառապենք, կամ իրենք՝ մեր պատճառով, նորմալ չէ: Մենք հասկանում ենք, որ հիվանդներ են և չենք ուզում, որ նրանց համար էլ վատ լինի, նրանք իրենց իրավունքներն ունեն, մենք՝ մեր»,-ասում է Օկսաննան:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վերաբնակեցնելը գիշերօթիկի հարևան մասնաշենքում առիթ է դարձել, որ փախստականները առաջադրեն իրենց կացարանի հարցը, ինչի մասին 28 տարի շարունակ խոսում են և խոստումներ լսում պաշտոնյաներից, մինչդեռ կառավարությունը «ձեռքերը լվացել և մի կողմ է քաշվել»:

Գրետա Դանելյանը՝ թոռնիկի հետ

Բաքվից բռնագաղթած Գրետա Դանելյանի ընտանիքը ՀՀ անձնագիր է ստացել պայմանով, որ  առաջնահերթ բնակարան ստացողների ցուցակում կմնա և, ի վերջո, բնակարան կստանա: «Տարին մեկ անգամ Ռոզայի հետ գնում ենք փախստականների կոմիտե: Ասում են՝ սպասեք, պետությունը պետք է որոշի: Պետությունն այդպես էլ ոչինչ չի որոշում,-ասում է Գրետա Դանելյանը: -Ամենասկզբում տնօրենը մեզ հավաքեց, ասաց՝ Եգանյանը այլ կացարան է առաջարկում, բայց այնպիսի կացարանների անուններ տվեցին, որտեղ առնետանոց է: Բացի դրանից, փախստականների կարգավիճակի կոնվենցիան արգելում է փախստականների տեղափոխումը կացարանից կացարան»,- ասում է Գրետա Դանելյանը:

«Երեխայի հետ դաս էինք սովորում այս սեղանին, մեկ էլ երեխան գոռոց լսելով՝ դուրս նայեց պատուհանից, “бабуль, бабуль, там голый”: 9 տարեկան երեխան զարմացել էր: Երբեմն կանայք կրծքերը բաց են ման գալիս պատուհանների մոտ, երեխաները տեսնում են: Դուրս չենք գալիս տնից, վախենում ենք»,- ասում է Լաուրա Հարությունյանը: 

Գրետա Դանելյանի հետ զրույցի ընթացքում ներս են մտնում նաև փախստական մյուս բնակիչները: 71-ամյա Լաուրա Հարությունյանն իրենց պատմությունն է սկսում. 3 հատ 3-սենյականոց բնակարան են թողել Բաքվում: 28 տարի է՝ գիշերօթիկի սենյակներից մեկում է ապրում: «Գալիս են, ցուցակ են կազմում, գրում են՝ որտեղից եք եկել, արդեն 28 տարի միայն գրում են: Գումարած այս աղմուկը: Բացի դրանից՝ մերկ, առանց ներքնաշորի էս կողմից են դուրս գալիս, էն կողմից են դուրս գալիս, գոռում են»,-պատմում է Լաուրա Հարությունյանը:

«Երեկ Դիմկայի հետ էր, եկավ, թե՝ տատի, գիտես ինչ եմ տեսել, մեծ տկլոր «պոպա»»,-մեր զրույցի ընթացքում քնած թոռան մասին պատմում է Գրետա Դանելյանը:

Այս տարիների ընթացքում հավաքած՝ փախստականին վերաբերող փաստաթղթերը հատ-հատ թերթելով՝ Գրետա Դանելյանը ցույց է տալիս դիմումները, որոշումները, կոնվենցիայի կետերը, հուսադրող պատասխաններն ու անցում կատարում իրականությանը. «Ուզում ենք նորմալ պայմաններում ապրել, մենք պետությունից 4 պատ ենք ուզում, որ լինի ու դու իմանաս՝ դա քոնն է, գնաս քո զուգարանը մտնես, ջուրը բացես և օգտագործես: Էս շոգին երեխա ես լողացնում, երեխա է, չփացնում է, ասում եմ՝ մի արա, գնում է Լաուրայի գլխին, երեխա է, ուզում է հաճույք ստանա,- հուզվում է Գրետա Դանելյանը,- մենք էլ ենք ուզում լողանալ ու հաճույք ստանալ»:

«Պետությունը գիտի՞, որ դուք էստեղ եք,-ներս մտնելով՝ հարցնում է 79-ամյա փախստական Սվետլանա Դանելյանը,- ինչ-որ մենք ասում ենք, մեր պետությունը կիմանա՞, եթե կիմանա, մենք շատ բան ունենք ասելու»:

Սվետլանա Դանելյանը որդու հետ է ապրում: Սենյակի տանիքից կաթում է, խոհանոցային պայմանները սահմանափակ են, դրսից հավաքած ձմեռվա վառելիքը սենյակի մեջտեղում է ապաստան գտել:

Նրանք բնակարան ստացող փախստականների հերթում առաջինն են, 20 տարի շարունակ առաջինն էլ մնում են. «Ես հեսա 80 տարեկան եմ դառնում, բայց չեմ մեռնելու, հլա ապրելու եմ: Ուզում եմ ապրել, ուզում եմ տուն ունենալ, ուզում ենք մենք էլ հյուր ունդունենք, չապրե՞նք բա մենք,- ասում է Սվետլանա Դանելյանը,- էսքան փող է գալիս արտասահմանից, բա մեզ համար փող չի՞ գալիս: 6 ընտանիք ենք, տարեկան մի ընտանիքի չե՞ն կարող ապահովել: Ժամանակավոր կացարանից մեկ այլ կացարան մենք չենք տեղափոխվի, կտեղափոխվենք միայն մեր բնակարան: Մենք էլ ենք ուզում ապրել, չիմանան պառավ եմ, մեռնելու եմ, պառավն ուզում է ապրել: Պառավն իրա դոզեն վեր է կալել մինչև 200 տարի»:

Խոհանոց ծառայող միջանցքը Խոհանոցի մի հատվածը Ընդհանուր օգտագործման սանհանգույցը

Հարևանուհիները վրա են բերում՝ ոսկե ձեռքեր ունի «պառավը», հորդորում են ցույց տալ ձեռագործ աշխատանքները, որոնք 15 տարի «Վերնիսաժում» վաճառել է: Սենյակից բերելով ձեռքի աշխատանքը՝ տիկին Սվետլանան մեզ ուղեկցում է ընդհանուր օգտագործման բաղնիք-զուգարան. բաղնիք-զուգարան կոչվածը անսարք ու անմխիթար վիճակում է, իրենց բնութագրմամբ՝ «անտիսանիտարիա»: 26 տարի չի վերանորոգվել, մաքրելն արդեն իմաստ չունի, ջուր ներքևի հարևանից են բերում: 

Ընդհանուր օգտագործման լոգարանը

«Մենք պետությունից տուն ենք ուզում: Կքինաս էնտեղ, իմ կողմից կխոսաս, դու էլ ուրիշ չես, իմ թոռնիկն ես»,-ճանապարհելիս ասում է Սվետլանա Դանելյանը:

Մուտքի մոտ, երբ արդեն պատրաստվում եմ դուրս գալ շենքից, լսվում է փախստականների հարևան բնակիչ Մարիամ Գյանջունցի բարկացած ձայնը: Մարիամը իր երեք որդիների հետ 1999թ.-ից է տեղափոխվել գիշերօթիկի սենյակներից մեկը. փախստական չեն, բայց գնալու տեղ չունեն: Նոր տնօրենն ասել է որդու ընտանիքին՝ ազատել նրանց զբաղեցրած երրորդ սենյակը, տիկին Մարիամը զայրացել է. ինչո՞ւ հենց իր որդուն, այդտեղ նույն կարգավիճակով ևս 9 ընտանիք է ապրում: Որդին երրորդ կարգի հաշմանդամ է դարձել զինվորական ծառայության ժամանակ, հիմա հազիվ ամուսնացել և երկրորդ երեխային են սպասում:

Մարիամ Գյանջունցը

«Ես երեք տղայիս այստեղ մեծացրել եմ, բանակ եմ ուղարկել, ծառայել են, մի կերպ մաքրություն ենք արել, պայմաններ ենք ստեղծել, հիմա ասում են՝ հանում են տղայիս: Նախկին տնօրենը տվել է, բայց էստեղ ուրիշ մարդ ապրել չի կարող, ջուր-զուգարան չունի, ո՞վ պիտի էստեղ ապրի»,-ասում է Մարիամ Գյանջունցը:

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի տնօրեն Սամվել Խաչատրյանն ասում է, որ գիշերօթիկի նախկին տնօրենը այս սենյակը ապօրինի է հատկացրել ընտանիքին, հիմա գիշերօթիկի որոշ աշխատակիցներ բնակության վայրի խնդիր ունեն, ուզում է այդ սենյակը հատկացել նրանց: Այդ պատճառով խնդրել է Գյանջունցի որդուն ազատել այն:

Սամվել Խաչատրյանը

Սամվել Խաչատրյանն ասում է, որ ինքն անձամբ եղել է Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի մոտ, որպեսզի 1-ին մասնաշենքի բնակիչների հարցը լուծվի, քանի որ կենտրոնը նախատեսում է այդ մասնաշենքը ևս ծառայեցնել իրենց հիվանդներին: Նախատեսում են ցերեկային ծառայություն իրականացնել, քանի որ «Ձորակի» պահանջն ավելանում է: Արդեն իսկ 15 հոգու հերթ կա: Նախկին գիշերօթիկի շենքերը պետք են կենտրոնին: «Ձորակը» նախատեսում է ընդլայնվել և 2017թ. 300 բնակչի տեղ հատկացնել:

Սամվել Խաչատրյանը ցույց է տալիս կենտրոնի տարածքն ու պատմում դրա ստեղծման ու պայմանների մասին: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող հաստատությունները գերբեռնված են եղել, դրանք բեռնաթափելու համար ստեղծվել է «Ձորակը»: Ամեն ինչ նոր է սկսվել, բայց արդեն իսկ տարածքը բարեկարգվել է, ծառեր են տնկվել, խնամք է տարվում տարածքի նկատմամբ: Փախստական բնակիչներն էլ չեն ժխտում դա՝ նկատել են տնօրենի հոգատար վերաբերմունքը:

Կենտրոնի տարածքում է նաև մանկապարտեզը, որից առանձնանալու համար պատ է կառուցվում: 

Տնօրենը կարծում է, որ կենտրոնին հատկացրած տարածքը հարմար է նման տիպի հաստատության համար, իսկ ինչ վերաբերում է բնակիչներին, նրանց հարցը ևս ժամանակի ընթացքում կարող է լուծվել:

Տնօրենի կարծիքով, բնակիչները կինտեգրվեն նորեկներին և հակառակը, քանի որ իրենց հիվանդները վտանգավոր չեն, նրանց միայն պետք է սիրել: Ավելին, ոչ ծանր վիճակում գտնվող հիվանդներ են տեղափոխվել «Ձորակ»: Բնակիչներին հատուկ հանձնաժողովը գնահատել է 9-բալանոց սանդղակով, 8-9 միավոր գնահատված հիվանդները մնացել են Վարդենիսում, 6-7 գնահատվածները՝ տեղափոխվել «Ձորակ»: Իսկ «աղմկոտ» բնակիչներին արդեն տեղափոխել են մասնաշենքի հեռավոր հատված: Օկսաննայի խոհանոցի փայտե դուռը տնօրեն Խաչատրյանը պատրաստվում է փոխարինել քարե պատով, որպեսզի աղմուկը հնարավորինս նվազի:

«Մենք էլ ենք հասկանում բնակիչներին, բայց որ իրենք սա դարձրել են առիթ, որպեսզի բնակարանի հարց լուծեն, չի կարելի,- կարծում է Սամվել Խաչատրյանը,- բոլորին կանչել եմ, նստել ենք այստեղ, զրուցել ենք, կոնկրետ առաջարկ եղել է Զեյթունի հանրակացարաններում, նախկին Պրահա հյուրանոցի շենքում սենյակներ տրամադրել իրենց, բայց չհամաձայնեցին»: Նա ավելացնում է, որ բնակիչներն ընդլայնել են իրենց տարածքները, դրա համար էլ չեն ուզում այլ կացարաններ տեղափոխվել:  

Փախստականների մասնաշենքը

Բնակիչներն էլ իրենց հերթին նկատում են, որ լավ առաջարկից ոչ ոք չէր հրաժարվի, իսկ իրենց պայմաններից վատթար պայմաններում ապրել հնարավոր չէ:

««Ձորակ» կենտրոնը ունի երեք ննջարանային մասնաշենքեր, որոնցից N 1 մասնաշենքում բնակվում են փախստականի կարգավիճակ ունեցող և սոցիալապես անապահով 10 ընտանիքներ, առանց որևէ իրավական հիմքերի: Ըստ էության, ժամանակին ձեռք է մեկնվել սոցիալապես ծանր վիճակում հայտնված ընտանիքներին, սակայն երկար ժամանակ բնակվելով «Ձորակ» կենտրոնում՝ դարձել են պահանջատեր»,-այսպիսի պատասխան ստացանք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Փախստականների հարևան կենտրոնի մասնաշենքը, որի պատուհաններից երեխաները մերկ բնակիչների են նկատում

«Ի՞նչ իրավական հիմքի մասին է խոսքը: Մեզ այստեղ են բնակեցրել 1987-89թթ.-ից: Մեզ ուղեգրել են այստեղ Ադրբեջանից փախչելուց հետո: Երբ մեզ այստեղ բնակեցրեցին, մեր՝ փախստականների գրքույկում գրված էր մեր փաստացի բնակության վայրը՝ այս գիշերօթիկը, ի՞նչ այլ իրավական հիմք են ուզում»,- հարցնում է Օկսաննան:

«Մեզ էս տեղը պետությունն է տվել, մենք հո նախալնի չե՞նք մտել էստեղ»,- ավելացնում է Սվետլանա Դանելյանը:

«Մեր կարծիքով՝ խնդիրը ավելի շատ հոգեբանական է՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հարևանությամբ ապրելու մտավախությունից ելնելով: Այնինչ, «Ձորակ» կենտրոնի ստեղծման ժամանակ նախարարությունը քննարկել է այդ հարցը, և այնտեղ տեղափոխված անձինք ագրեսիվ չեն և բացարձակապես վտանգ չեն ներկայացնում շրջապատի համար: Ընդհակառակը, հասարակությանը ինտեգրվելու համար նրանք կարիք ունեն շփվելու առողջության հետ խնդիրներ չունեցող անձանց հետ»,- պատասխան գրությունում նշում է նախարարությունը:

Նախարարությունը նաև հայտնել է, որ ուսումնասիրել է նախկին գիշերօթիկ հաստատության N 1 մասնա­շենքում 10 ընտանիքի բնակարանային կարիքները, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ քննարկել նրանց տեղափոխելու հնարավոր տարբերակները, սակայն լուծումներ չեն գտնվել: Նախարարությունը հաշվարկել և ՀՀ կառավարություն էր ներկայացրել նաև Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում նշված ընտանիքներին բնակարանի գնման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու առաջարկությունը: «Խնդրին լուծում տալու համար այն ունի լրացուցիչ և համակողմանի քննարկման կարիք ունի՝ բոլոր շահագրգիռ և պատասխանատու մարմինների մասնակցությամբ, որի արդյունքում էլ հնարավոր կլինի համապատասխան որոշումներ ընդունել»,-«Հետքին» պատասխանել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

«Ի՞նչ է դուրս գալիս: Մեր խնդիրների վերաբերյալ որևէ մարդասիրական դրսևորում չեղավ ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիմա, ինտեգրացիայի համար որևէ հատուկ ծրագիր չարվեց, հայերենի երկարաժամկետ ուսուցման ծրագրեր չիրականացվեցին, «Փախստականների մասին օրենքը» նույնիսկ ընդունվեց փախստականների գալուց 10 տարի հետո: Եգանյանի դիրքորոշումը այն է, որ՝ տեսե՞լ եք մի երկիր, որը կացարան տրամադրելուց բացի բնակարան տրամադրի փախստականներին: Այսինքն՝ ի՞նչ եք մեզնից ուզում, երջանիկ եղեք, որ արդեն Հայաստանում եք: Բայց մենք սովորական փախստականներ չենք, մենք հայ փախստականներ ենք և այստեղ հայտնվեցինք Հայաստանի կողմից բարձրացված քաղաքական հարցի հետևանքով, այլ ոչ թե մեր կողմից հրահրված»,-ասում է Օկսաննան: 

Բաքվից Հայաստան բռնագաղթած անձանց ընդհանուր թիվը կազմել է 220 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ՝ 92 հազար ընտանիք է եկել Ադրբեջանից: ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն իր ասուլիսներից մեկում նշել է, որ Ադրբեջանից բռնագաղթածների հիմնական խնդիրը շարունակում է մնալ բնակարանային ապահովման հարցը։ Միջազգային դոնոր հանրության աջակցությամբ, սկսած 1994թ.-ից, հայ փախստականների համար 4485 բնակարաններ և քոթեջներ են կառուցվել, 712 ընտանիք սեփականաշնորհել է իր հանրակացարանի սենյակը կամ սենյակները։ Սկսած 2004թ.-ից՝ կառավարությունն իրականացնում է փախստականներին բնակարաններով ապահովելու ծրագիր, որի շրջանակներում արդեն նրանց բնակարանի գնման 1065 վկայագիր է հատկացվել։ Այսօր 1169 ընտանիք էլ սպասում է բնակարան ստանալու իր հերթին։ Հայաստանի փախստականներին բնակարաններով ապահովելու ծրագիրը լիարժեք կյանքի կոչելու համար, ըստ Եգանյանի, հարկավոր է 45 մլն ԱՄն դոլար գումար։