Արման Կիրակոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը Վիեննայում ՄԱԿ-ի Գրասենյակի Գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին երեկ հանձնել է իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը:
Գործադիր տնօրենը ներկայացրել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի նպատակները, անդրադարձել Հարավկովկասյան տարածաշրջանում առկա խնդիրներին, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ երկկողմ մակարդակներում համագործակցության զարգացման հեռանկարներին:
Մշտական ներկայացուցիչ դեսպան Կիրակոսյանն անդրադարձել է թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերին եւ պատրաստակամություն է հայտնել շարունակել ու էլ ավելի զարգացնել համագործակցությունը կազմակերպության հետ:
Կողմերը քննարկել են թմրամիջոցների, կոռուպցիայի, ինչպես նաեւ մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի բնագավառում հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները եւ հայտնել են իրենց շահագրգռվածությունը նոր նախաձեռնություններով հանդես գալու հարցում: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել