HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վիճակահանությունը բարեհաճ էր Հայաստանի հավաքականի հանդեպ

Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2018 թ. Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի E խմբում է ընդգրկվել: Մեր ընտրանին 2016-2017 թթ. կմրցի Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Մոնտենեգրոյի եւ Ղազախստանի հավաքականների հետ:

Աշխարհի 2018 թ. առաջնությանը Եվրոպայից մասնակցելու իրավունք կունենա 14 թիմ, որոնցից տանտեր Ռուսաստանն արդեն ուղեգիր ունի: Մնացած 13-ի համար ընտրական փուլում պայքար կընթանա 52 թիմերի միջեւ: Հայաստանը ընտրական փուլի վիճակահանությունից առաջ հայտնվել էր 6 զամբյուղներից 5-րդում: Զամբյուղներում թիմերը բաշխվել էին ըստ ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում հուլիսյան դասակարգման:

Հիշեցնենք, որ հուլիսի տվյալներով մեր թիմն աշխարհում 89-րդն է, ինչը 5 կետով ցածր է հունիս ամսի ցուցանիշից: Ընդհանրապես, Հայաստանի հավաքականը 2015-ի հունվարին 79-րդն էր, փետրվարին բարձրացավ 74-րդ տեղ, մարտին կրկին հայտնվեց 79-րդ հորիզոնականում, ապրիլին ու մայիսին 77-րդն էր, ապա հունիսին իջավ մինչեւ 84-րդ տեղ: Ասել է թե՝ եթե մեր թիմը պահպաներ տարեսկզբին ունեցած դիրքերը, հնարավորություն կունենար հայտնվել 4-րդ զամբյուղում: 5-րդ զամբյուղում իրենց վարկանիշով Հայաստանից բարձր էին Կիպրոսն (82) ու Լատվիան (85): Իսկ ահա Էստոնիան, որն ամենաթույլն էր 4-րդ զամբյուղի թիմերի մեջ, ՖԻՖԱ-ի սանդղակում 82-րդն է:

E խմբում ընդրկգված մեր մրցակիցների մեջ չկան ակնհայտ առաջատարներ, այն բավականին հավասարակշռված է: Նույնիսկ Ռումինիան, որը վիճակահանության ժամանակ 1-ին զամբյուղում էր, համաշխարհային ուժեղագույն ընտրանիների թվում չէ: Այնպես որ «Ռուսաստան-2018»-ի ուղեգրի համար մեր ընտրանին կարող է պայքարել թե տեսականորեն, թե գործնականում: Եվրոպայից եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճեն ընտրական 9 խմբերի հաղթողները, իսկ խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած 9 թիմերից լավագույն 8-ը 4 զույգ կկազմեն ու փլեյ-օֆ փուլում կվիճարկեն մնացած 4 ուղեգրերը:

Անդրադառնանք մեր գալիք մրցակիցներին առանձին-առանձին:

Ռումինիայի ընտրանու հետ, որն այս պահին աշխարհում 8-րդն է, Հայաստանի հավաքականը խաղացել է 3 անգամ: Առաջին անգամ դա տեղի է ունեցել աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլում, երբ մեր թիմը 2004-ի նոյեմբերին Երեւանում հյուընկալեց գեներալի կոչում ունեցող Անգել Յորդանեսկուի թիմին: Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով, ինչն առաջին միավորը բերեց Հայաստանի ընտրանուն: Մեր թիմի կազմում գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ պաշտպան Կարեն Դոխոյանը: Հաղթանակի հետեւից Երեւան եկած Յորդանեսկուն պաշտոնաթող արվեց: Ու հետաքրքիր է, որ 2014-ից կրկին նա է գլխավորում ազգային ընտրանին: Ամենայն հավանականությամբ, Յորդանեսկուին նորից կտեսնենք Երեւանում: Այս խաղի պատասխան հանդիպումը կայացավ 2005-ի հունիսին. Կոնստանցայում դաշտի տերերը հաղթեցին 3-0 հաշվով: 2006-ին Կիպրոսի մրցաշարում ռումինները հայերին հաղթեցին 2-0 հաշվով:

1998-2004 թթ. մեր թիմը ընտրական 4 փուլերում հանդիպել է Ուկրաինային: Այժմ, կարծես, պատմությունը կրկնվում է. Դանիային Հայաստանի հավաքականը կհանդիպի 3 փուլ անընդմեջ, իսկ ընդհանրապես՝ 4-րդ անգամ: Հեռավոր 1995-ին՝ «Եվրո-1996»-ի ընտրական փուլում, մեր ընտրանին նախ Երեւանում պարտվեց 0-2, ապա Կոպենհագենում զիջեց 1-3: Հանրահայտ Պետեր Շմեյխելի դարպասը գրավեց Արթուր Պետրոսյանը: Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում 2013-ի հունիսին Կոպենհագենում կայացած մրցավեճն ավարտվեց դաշտի տերերի ջախջախիչ պարտությամբ՝ 0-4: Գոլերի հեղինակ դարձան Յուրա Մովսիսյանը (2 անգամ), Արաս Օզբիլիզը, Հենրիխ Մխիթարյանը: Երեք ամիս անց երեւանյան խաղում դանիացիները 11-մետրանոց հարվածով կարողացան հաղթանակ կորզել 1-0 հաշվով: 5-րդ հանդիպումը կայացավ անցյալ տարվա սեպտեմբերին կրկին Կոպենհագենում՝ «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում: Մեր թիմը չնայած առջեւում էր Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ, սակայն Օլսենի սաները կարողացան հաղթել 2-1 հաշվով: Առաջիկա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին Երեւանում: Հավելենք, որ դանիացիներն այս պահին աշխարհում 24-րդն են:

Լեհաստանի ընտրանուն Հայաստանի հավաքականը հանդիպել է 5 անգամ: 1999-ին Վարշավայում կայացած առաջին խաղը ընկերական էր եւ ավարտվեց մեր թիմի պարտությամբ՝ 0-1: Աշխարհի 2002 թ. առաջնության ընտրական փուլում 2001-ի մարտին Վարշավայում դաշտի տերերը հաղթեցին 4-0 հաշվով: Հունիսին Երեւանում կայացած խաղն ավարտվեց 1-1 հաշվով: Հյուրերի գոլին պատասխանեց Արթուր Պետրոսյանը: Այդ խաղը հիշվեց նրանով, որ մեր թիմը 3 կարմիր քարտ ստացավ, իսկ լեհերը՝ 1: 2007-ի մարտին Հայաստանի ընտրանին «Եվրո-2008»-ի շրջանակներում լեհական Կելցեում զիջեց 0-1 հաշվով, սակայն հունիսին Երեւանում երջանկահիշատակ Իան Պորտերֆիլդի սաները ռեւանշ վերցրին նույն հաշվով: Տուգանայինից գեղեցիկ գոլ խփեց Համլետ Վ. Մխիթարյանը: Լեհաստանը հուլիսի տվյալներով աշխարհում 30-րդն է:

Նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մոնտենեգրոյին ազգային հավաքականի մակարդակով դեռ չենք հանդիպել, սակայն բալկանյան այս երկրի ֆուտբոլին տեղյակ ենք եվրագավաթների ակումբային մրցաշարերից ու երիտասարդական հավաքականի ելույթներից:

Դե իսկ Ղազախստանը հայ երկրպագուին ծանոթ է թե ակումբային, թե հավաքականի մակարդակով: Եթե անկախությունից հետո ղազախական ակումբները լեգեոներների շնորհիվ բավականին ամուր թիմեր են ներկայացնում եվրագավաթների խաղարկություններին ու մշտապես կանգնում են հայկական թիմերի ճանապարհին (միակ հաղթանակը այս տարի Երեւանում Ալմաթիի «Կայրաթի» հանդեպ տարավ «Ալաշկերտը»՝ 2-1), ապա նույնը չի կարելի ասել հավաքականի մասին: Ինչպես խորհրդային տարիներին էր «Կայրաթը» համարվում հեշտ մրցակից «Արարատի» համար, այնպես էլ ղազախական ընտրանին է այսօր մեր հավաքականի համար: Առաջին անգամ թիմերը հանդիպել են Կիպրոսի մրցաշարում 2004-ին: Խաղն ավարտվել է 3-3 հաշվով, իսկ 11-մետրանոցներով բախտը ժպտացել է ղազախներին՝ 3-2: Մեր թիմից գոլերը խփել են Գալուստ Պետրոսյանը, Արտավազդ ու Արման Քարամյանները: Առաջին պաշտոնական մրցավեճը 2007-ի հունիսին էր, Ալմաթիում: «Եվրո-2008»-ի ընտրական փուլում Պորտերֆիլդի սաներն առաջին հաղթանակը տարան 2-1 հաշվով՝ շնորհիվ Ռոբերտ Արզումանյանի ու Սարգիս Հովսեփյանի (11-մ) գոլերի: Նույն տարվա նոյեմբերին Վարդան Մինասյանի գլխավորությամբ հավաքականը ցավալի պարտություն կրեց տանը 0-1 հաշվով: 2008-ի մարտին հոլանդական Պերնիսում կայացած ընկերական խաղը յուրօրինակ ռեւանշ էր. Էդգար Մանուչարյանի գոլի շնորհիվ հայերը հաղթեցին 1-0: Վերջին հանդիպումը թիմերի միջեւ 2012-ի հունիսին էր, Երեւանում: Գեւորգ Ղազարյանի դուբլի ու Յուրա Մովսիսյանի գոլի շնորհիվ դաշտի տերերը հաղթեցին 3-0 հաշվով: Ղազախստանի ընտրանին այս պահին 142-րդն է աշխարհում:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի գալիք մրցակիցներն անհաղթահարելի գրանդներ չեն, ու կարելի է փաստել, որ վիճակահանությունը բարեհաճ խումբ է ձեւավորել:  

Արդեն հայտնի է նաեւ խմբի խաղացանկը: Մեր թիմը մրցաշարը կսկսի 2016-ի սեպտեմբերի 4-ին Դանիայի հետ արտագնա խաղով ու կավարտի 2017-ի հոկտեմբերի 8-ին Ղազախստանի հետ արտագնա մրցավեճով: 4 խաղ կկայանա 2016-ին, եւս 6-ը՝ 2017-ին:  

04.09.2016

Դանիա

-

Հայաստան

04.09.2016

Ղազախստան

-

Լեհաստան

04.09.2016

Ռումինիա

-

Մոնտենեգրո

08.10.2016

Հայաստան

-

Ռումինիա

08.10.2016

Մոնտենեգրո

-

Ղազախստան

08.10.2016

Լեհաստան

-

Դանիա

11.10.2016

Ղազախստան

-

Ռումինիա

11.10.2016

Դանիա

-

Մոնտենեգրո

11.10.2016

Լեհաստան

-

Հայաստան

11.11.2016

Հայաստան

-

Մոնտենեգրո

11.11.2016

Դանիա

-

Ղազախստան

11.11.2016

Ռումինիա

-

Լեհաստան

26.03.2017

Հայաստան

-

Ղազախստան

26.03.2017

Մոնտենեգրո

-

Լեհաստան

26.03.2017

Ռումինիա

-

Դանիա

10.06.2017

Ղազախստան

-

Դանիա

10.06.2017

Մոնտենեգրո

-

Հայաստան

10.06.2017

Լեհաստան

-

Ռումինիա

01.09.2017

Ղազախստան

-

Մոնտենեգրո

01.09.2017

Դանիա

-

Լեհաստան

01.09.2017

Ռումինիա

-

Հայաստան

04.09.2017

Հայաստան

-

Դանիա

04.09.2017

Մոնտենեգրո

-

Ռումինիա

04.09.2017

Լեհաստան

-

Ղազախստան

05.10.2017

Հայաստան

-

Լեհաստան

05.10.2017

Մոնտենեգրո

-

Դանիա

05.10.2017

Ռումինիա

-

Ղազախստան

08.10.2017

Դանիա

-

Ռումինիա

08.10.2017

Ղազախստան

-

Հայաստան

08.10.2017

Լեհաստան

-

Մոնտենեգրո

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter