
Շիրակավանում մարդիկ քնում-արթնանում են ջուր ունենալու երազանքով
Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Շիրակավան գյուղը հիմնադրվել է 1976 թ., Ախուրյանի ջրամբարի կառուցման հետեւանքով ջրի տակ մնացած հին գյուղի փոխարեն: Ներկայիս անվանումը ստացել է 1950 թ.:
Գյումրի-Արմավիր ավտոմայրուղու հարեւանությամբ տեղակայված բնակավայրը ծովի մակարդակից 1510 մ բարձրության վրա է գտնվում: Ունի ցուրտ կլիմա, սակավ են տեղումները: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղներն ու ձնաբուքը:
Շիրակավանցիները պնդում են, որ նախկին ու ներկա գյուղի միջեւ սար ու ձորի տարբերություն կա: Իրենց պապերը խելացի են եղել ու գյուղը հիմնել են ջրառատ վայրում: Ունեցել են եկեղեցի, ռուսական գիմնազիա, ծխական դպրոց, երկաթուղային կայարան: Ամենակարեւորը` հողը մշակել են, եկամուտ ստացել ու կուշտ են ապրել:
Հիմա սոված չեն, բայց ասել, թե շիրակավանցին լավ է ապրում, սխալ կլինի: Ինչպես են իրականում ապրում ներկա Շիրակավանում, ինչ ծրագրեր են մշակում, որ ուղղությամբ են ուզում զարգանալ` ամբողջությամբ պարզել չհաջողվեց: Համայնքապետարանը փակ էր, համայնքապետն էլ ռուսաստանաբնակ ազգականի հարսանիքին մասնակցելու հրավերով երրորդ օրն է՝ բացակայում էր գյուղից:
Քամին վզզալով ներս է խուժում համայնքապետարանի փակ դռան կոտրած ապակուց: Ցուրտը գյուղի փողոցներից մարդկանց քշել է տները: 5 տարի առաջ Առափի գյուղից Շիրակավան տեղափոխված Արտյոմը, առանց ավելորդ հարցուփորձի, աշխատում է օգնել՝ գտնելու համայնքապետարանի աշխատակազմից որեւէ մեկին: Առաջարկում եմ շենքի հակառակ կողմում գտնվող բուժական ամբուլատորիա մտնել, որեւէ տեղեկություն իմանալ, պարզվում է՝ այնտեղ էլ է փակ, թեպետ դռան վրա փակցված ցուցանակին աշխատանքային ժամերը նշված են առավոտյան 9-ից մինչեւ 16:00-ը:
Ի վերջո, խնդրում եմ ուղեկցել գոնե հաշվապահի կամ աշխատակազմի քարտուղարի տուն: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ով լինելը Արտյոմին գցում է մտատանջության մեջ, մի տեսակ դժվարանում է հիշել, թե ով կլինի գյուղից այդ պաշտոնում, ու մենք որոշում ենք գնալ հաշվապահի` Վարոսյան Սլավիկենց տուն:
Աշխատակազմի 4 անդամներից միայն հաշվապահի բացակայությունն էր կրում աշխատանքային բնույթ` Սլավիկ Վարոսյանը պատրաստվում էր մեկնել Մարալիկ` ինչ-որ գործարքի հետ կապված, սակայն տան շեմին մեր հայտնվելը նրան ստիպում է մտքափոխվել: Զրույցը Սլավիկ Վարոսյանի հետ ընթանում է նրանց տանը: Խնդրում եմ գտնել աշխատակազմի քարտուղարին եւ 7 ավագանուց գոնե երկուսին:
«7 ավագանի»,- զարմանում է Սլավիկը,- մենք էդքան ավագանի չունենք, իրանք 5-ն են»: Բացատրում եմ, որ տեղեկությունը վերցրել եմ Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից, որտեղ համայնքների ղեկավարներին ու ավագանիներին վերաբերող բաժնում կա հետեւյալ տեղեկատվությունը.
Հաշվապահ Սլավիկի օգնությամբ ճշտում եմ, որ Սանասար եւ Սրապ Հովհաննիսյանները ավագանի չեն: Ընտրյալ հինգ ավագանուց Շահենն ու Գագիկն ամռանը մեկնել են արտագնա աշխատանքի ու նիստերն անցկացնում են 3 ավագանու մասնակցությամբ: Պատճառաբանելով սեզոնային աշխատանքը, այս դեպքում՝ ցրտահերկը, ավագանիներից մեխանիզատորներ Վահրամ Աճեմյանն ու Շահինյան Վահրամը հրաժարվում են գալ հանդիպման: Նույն պատճառով գյուղ չի կարողանում վերադառնալ նաեւ Խարկով գյուղի մերձակա տարածքում վար անող՝ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
«Համայնքի խնդիրները շատ են»,- ասում է Սլավիկ Վարոսյանը, բայց գյուղի զարգացման քառամյա ռազմավարական ծրագրում ընդգրկվածներից կարողանում է հիշել չորսը` համայնքի գազաֆիկացում, Շիրակավանի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում, գյուղամիջյան ճանապարհների, մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներ, որոնցից 2009 թ. հնարավոր է եղել իրականացնել թվարկածներից առաջին երկուսը: 1,5 մլն դրամ համայնքային ներդրումով IFAD-ի ծրագրով իրականացրած գազաֆիկացումից օգտվում է ընդամենը 40 տնտեսություն: Փողոցների միայն մի կողմում կառուցված գազատարները գումարային խնդիրներ են ստեղծել փողոցի մյուս կողմում ապրողների համար:
«Հաշվարկել ենք, գազը տուն հասցնելու համար 140-150 հազար դրամ փող է պետք, որը շիրակավանցին չունի: Գործն էնպես չարեցին, որ մարդիկ, եթե տաքանալու նպատակով էլ ռիսկ չանեին օգտագործել, գոնե խոհանոցում գազ ունենային: Էդքան ներդրում եղավ, բայց մեր օգտագործածն էլի էլեկտրական վառարանն է, գազի բալոնն ու աթարը»,- դժգոհում է Սլավիկը:
Շիրակավանում ամենամեծ խնդիրը ոռոգման ջրահամակարգի բացակայությունն է: 2004 թ. գյուղին պատկանող խողովակները ապամոնտաժվեցին Գետքի պոմպակայանից մինչեւ Անի Պեմզա ոռոգման ջուր հասցնելու պատճառաբանությամբ: Ջրագծի ապամոնտաժման դեմ գյուղը պայքարեց, կանայք մեկ ամիս քնեցին հանդերում, բայց արդյունքի չհասան: «Էդ խողովակների հետ Շիրակավանում վերջնականապես մարեց ոռոգման ջուր ունենալու հույսը»,- պատմում է Սլավիկը:
Անջրդի տարածքներից ստացվող եկամուտը քիչ է, մարդիկ փորձում են բացը լրացնել անասնապահությամբ, թեպետ Շիրակավանում եւս խոտհարքների ու արոտների վարձակալման համար պայմանագրեր կնքողները շատ չեն: Պատճառը, հաշվապահի ներկայացմամբ, համայնքապատկան հողատարածքների մի մասի՝ գյուղից 35 կմ հեռավորությունն է:
Շիրակավանի համայնքապետարանում մարզպետարանի իրականացրած վարչական ստուգումների արդյունքում արձանագրվել է համայնքային սեփականություն հանդիսացող 19.233 հա վարելահողերն ու 456.38 հա արոտը օգտագործման չտրամադրելու փաստ: Այս առումով որեւէ բան զրուցակիցս չկարողացավ ասել, միայն նշեց, որ համայնքին պատկանող 60-70 հա խոտհարքը Խարկով գյուղի տարածքում է, ու մարդիկ, սահմանային գոտու հետ կապված բազմաթիվ խնդիրները նկատի ունենալով, այնքան էլ շահագրգիռ չեն այդ տարածքների համար վարձակալական պայմանագիր կնքել:
Սեփական եկամուտների հավաքագրման առումով համայնքը տարիներ շարունակ 15-16%-ը չգերազանցող ցուցանիշներ է ունեցել: Խնդիրը կարգավորվել է 2007 թ.-ից: Այս տարվա երրորդ եռամսյակի կտրվածքով եկամուտների հավաքագրումն ապահովել են 90%-ով: 5 մլն դրամը չգերազանցող սեփական եկամուտներ եւ 7 մլն 462 հազար դրամ դոտացիա. նման բյուջեով գյուղում շատ ծրագրեր չես իրականացնի: 2010 թ. որեւէ հիմնախնդիր գյուղում չի լուծվել: Այս տարի կոպճային եղանակով փողոցաշինության աշխատանքներ են ուզում իրականացնել, որի համար 800 հազար դրամ են նախատեսել:
Շիրակավանում հիշեցին, որ իրենց համար ամենահաջող տարին եղել է 2009-ը, երբ գյուղից 110 հոգի միաժամանակ արտագնա աշխատանքի մեկնեց Մոսկվա եւ Սանկտ-Պետերբուրգ: Հիմա էլ 60 տղամարդ բացակայում է գյուղից, որովհետեւ գոյատեւելու այլ ճանապարհ չեն տեսնում: Մեծամասնությունը թաղված են վարկերի մեջ, 80 տնտեսություն հայտնվել է իր իսկ ստեղծած վարկային կարուսելի մեջ:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել