Սեյրան Օհանյան. «Զինված ուժերում հետախույզները միշտ եղել են մեր բոլորիս աչքերն ու ականջները» (լուսանկարներ)
ՀՀ պաշտպանության նախարարությունում նոյեմբերի 5-ին հանդիսավորությամբ նշվել է Զինված ուժերի հետախուզության վարչության ստեղծման 19-րդ տարեդարձը։ Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներ, հետախույզ զինծառայողների հարազատներ:
Մինչ միջոցառման մեկնարկը նախարար Սեյրան Օհանյանը, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և հյուրերը ծանոթացել են հետախույզների զինանոցում առկա զենքերին, հանդերձանքին, կապի և դիտարկման մասնագիտական միջոցներին։
ԶՈւ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն իր շնորհավորական ելույթում ասել է, որ յուրաքանչյուր բանակի հզորությունը և մարտունակությունը մեծ մասամբ կախված է մարտական հետախուզությունից: «Պատերազմում հաղթում են այն բանակները, որոնք ունեն հստակ տեղեկություն և ընդունում են ճիշտ որոշումներ»,- ընդգծել է նա:
Սեյրան Օհանյանը նշել է, որ հայ հետախույզների շնորհիվ վերջին տարիներին բազմիցս հայտնաբերվել և չեզոքացվել են հակառակորդի իրականացրած դիվերսիոն-հետախուզական գործողություններն ու փորձերը:
Պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Մեր զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներն ի սկզբանե կազմավորվել և գործել են՝ հետախուզական առանձնահատկություններից և սկզբմունքներից ելնելով: Հենց դա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հետախույզները միշտ եղել են առաջապահներ, այսինքն՝ ինչպես ընդունված է իրենց մոտ ասել, եղել են մեր բոլորիս աչքերն ու ականջները: Առանց հետախուզական խնդիրներ կատարելու ինչպես արցախյան գոյապայքարի ժամանակ, այնպես էլ այսօր մենք ի վիճակի չենք հասնել հաջողությունների: Կարծում եմ՝ հետախույզները թե մարտական գործողությունների ժամանակ, թե այսօր իրենց առջև դրված խնդիրները բավականին բարձր են կատարում»:
Տոնական միջոցառումը շարունակվել է հետախուզական ստորաբաժանումների ցուցադրական ելույթներով: Միջոցառման ավարտին պաշտպանության նախարարը գերատեսչական մեդալներով է պարգևատրել հետախուզական զորքերի մի շարք զինծառայողների:





Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել